Վլադիմիր Պուտին

Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման պայմաններ են ստեղծվել․ Պուտին

258
Պուտինի խոսքով՝ ռուսական կողմն ակտիվ ջանքեր է գործադրել, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները Ռուսաստանի բարեկամ երկու երկրների միջև և դրդի նրանց փոխզիջումային լուծումներ գտնել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները պահպանվում են, իսկ իրավիճակն այնտեղ կայունանում է։ BRICS-ի գործընկերներին այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը`խոսելով Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսական կողմն ակտիվ ջանքեր է ձեռնարկել, որպեսզի օգնի դադարեցնել մեր երկու բարեկամ պետությունների միջև ռազմական գործողությունները և դրդի նրանց փոխզիջումային լուծումներ գտնել։ Նոյեմբերի 9-ին մեր միջնորդության արդյունքում լիակատար հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ այդ ամենն արձանագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության մեջ:

«Կարևոր է, որ նշված պայմանավորվածությունները պահպանվում են։ Լիովին դադարեցվել են մարտական գործողությունները, իրավիճակը կայունանում է։ Այսպիսով, պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար, ընդ որում՝ արդար հիմքի վրա, որը բխում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայ ժողովրդի շահերից»,-ընդգծել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

258
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Արցախ, Ռուսաստան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (642)
Ըստ թեմայի
Մոսկվան շահագրգռված է Ղարաբաղում ԿԽՄԿ-ի հետ համագործակցության հարցում․ Լավրով
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ նիստում խոսել է պատերազմում Ռուսաստանի և Թուրքիայի դերերի մասին
Ինչու են Լիսագոր այցելել Արայիկ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը
Բժիշկները վիրահատել են հրետակոծության հետևանքով տուժածներից մեկին, արխիվային լուսանկար

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

9
Մոսկվայում բնակվող հայ բժիշկներն արդեն մի քանի տարի է` օգնում են հայաստանցի ու արցախցի գործընկերներին և դեղորայք ուղարկում ՀՀ ու Արցախ։ Վերջին 2 ամսում այդ ամենն արվում է տասնապատիկ չափով, անհավանական ճշգրտությամբ ու առանց պետությունից մեկ լումա ստանալու։

Պատերազմի սկզբում բազմաթիվ հայտնի բժիշկներ, ամեն ինչ թողնելով, ժամանեցին դաշտային հոսպիտալներ։ Հիմա էլ նույնպիսի նվիրումով կօգնեն վիրավորների ապաքինմանը։

Երբ ամեն ինչ համեմատաբար լավ է, հայերը սկսում են բաժանվել Ռուսաստանի հայերի և ամերիկահայերի, «սպիտակների» ու «սևերի»։ Բայց հենց դժբախտություն է պատահում, բոլորը մտածում են, թե ինչպես և ինչով օգնեն։ Երբ դժբախտությունն անցնում է (կամ թվում է, թե անցնում է), անհանգստությունն աստիճանաբար անհետանում է։ Իսկ Մոսկվայում բնակվող բժիշկ-գաստրոէնտերոլոգ Տատյանա Հովհաննիսյանը որոշել է` եթե օգնում ես, ուրեմն անընդհատ։

Ռազմական վերջին գործողությունների ժամանակ նրա «Վիվա» հիմնադրամը («Врачи и волонтеры Армении») Հայաստան և Արցախ է բերել տասնյակ բժիշկ-կամավորների, նաև մի քանի ինքնաթիռ դեղամիջոցներ և սարքավորումներ։ Հիմնադրամի միակ «թերությունն» այն է, որ իրենց մասին պատմելու հնարավորություն չեն փնտրում։ Դրա փոխարեն Տատյանան ու նրա գործընկերները հիմա մտածում են, թե ինչով կարող են օգնել զինծառայողների վերականգնմանը, որովհետև ծանր ամիսներից հետո երկար տարիների աշխատանք է սպասվում։

2016թ-ի ապրիլից առաջ Տատյանայի կյանքն ու աշխատանքը Մոսկվայում էին, Հայաստան էր գալիս միայն հանգստանալու համար։ Հետո ամեն ինչ փոխվեց։

«Ես նախկինում էլ էի ծանոթներիս շրջանում և սոցցանցերում հանգանակություններ կազմակերպում հայաստանցի հիվանդ փոքրիկների համար։ Այնպես որ երբ ժամանակը եկավ, շատերն ինձ արդեն ճանաչում էին։ Ես պարզապես տեղադրում էի քարտի համարը և ասում․ «Ահա քարտի համարը, բոլորդ ինձ ճանաչում եք»։ Մենք 2016թ-ին էլ այդպես արեցինք և մեկ շաբաթում մոտ մեկ միլիոն ռուբլի հավաքեցինք։ Բայց հետո որոշեցինք դրանով չսահմանափակվել և մայիս-հունիսին եկանք հասկանալու, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները»,-պատմում է Տատյանան։

Պարզվեց, որ Արցախի հիվանդանոցները շատ բանի կարիք ունեն` վիրահատական սեղաններ, մոնիտորներ, դեղամիջոցներ, ամենակարևորը՝ մասնագետներ։

Այդ ժամանակ Տատյանան ու նրա համախոհները ստեղծեցին «Վիվա» հիմնադրամը, որը սկսեց հագեցնել մարզային հիվանդանոցները։ 2018թ-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համաձայնագիր կնքեցին Արցախի և Հայաստանի մարզերի բժիշկների վերապատրաստման մասին: Դրանից հետո նրանք առնվազն հինգ տարի պետք է աշխատեն նույն տեղում։

Որոշ շրջաններ կան (չնշենք` որ), որտեղ ամբողջ մարզում կա մեկ տրավմատոլոգ, մեկ ուրոլոգ, մեկ նեոնատոլոգ ։ Նրանց համար կլինիկական պրակտիկա կազմակերպեցին Մոսկվայի հիվանդանոցներում։ Այդ ամենն արվեց առանց պետական օգնության։ Այցելությունները կազմակերպվեցին հավաքված միջոցների հաշվին, իսկ պրակտիկան` ծանոթ բժիշկների մոտ։ Դրամահավաքն իրականացվեց նպատակային․ հայտարարության մեջ նշվում էր, թե հատկապես ինչ է պետք գնել և որ բժշկին է պետք օգնել։ Բոլոր փոխանցումներն ու ծախսերը հրապարակվեցին։

Հերթական փուլը պետք է դառնար պերինատալ ախտորոշման ծրագիրը մարզերի համար։ Մտադիր էին վերապատրաստել մասնագետներին և սարքավորումներ գնել, իսկ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրել Մոսկվայից։ Ծրագրի համար գումարն արդեն հավաքված էր․․․

Երբ պատերազմը սկսվեց

Պատերազմի առաջին իսկ օրից «Վիվան» սկսեց գնել այն ամենը, ինչ հարկավոր էր վիրավորներին օգնելու համար։ Երեք օրում գնեցին շտապօգնության» մեքենա, ուլտրաձայնային հետազոտության ապարատ՝ վիրակապման սենյակների համար, ինչպես նաև մի ամբողջ մեքենա հակաայրվածքային միջոցներ։

Ամենակարևորը՝ բժիշկները հասկանում էին, թե ինչի կարիքը կարող է անհետաձգելի լինել, և առաջին հերթին հենց դա էին գնում։ Առաջին մի քանի օրում մասնավոր հանգանակությունների շնորհիվ հավաքվեց մի քանի միլիոն ռուբլի։ Ավելորդ է նշել, որ նվիրատուների թվում նաև բազմաթիվ մարդիկ կային, որոնք հայեր չէին։

Շուտով սկսեցին Արցախ ժամանել Մոսկվայում բնակվող բժիշկ-կամավորները։ Նրանք աշխատում էին Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտի երկու հիվանդանոցներում, ինչպես նաև թիկունքի ամենամոտ կետում՝ Գորիսի հիվանդանոցում։ Մոսկվայի հայ և ոչ հայ բժիշկներն ավելի քան 500 հայտ ուղարկեցին։

«Ռեանիմատոլոգները, մյուս բժիշկները ոսկու գին ունեն։ Նրանք գալու և օգնելու ժամանակ էին գտնում անգամ այդ սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում, որում աշխատում էին Մոսկվայում COVID-ի պատճառով,»,-պատմում է Հովհաննիսյանը։

Արդեն պատերազմի երրորդ օրը Արցախում վիրահատություններ էր անցկացնում Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտի հայտնի վիրաբույժ և բնիկ արցախցի (Ստեփանակերտում ծնված) Շահեն Դանիելյանը. հենց նա փրկեց ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի կյանքը, որը վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց վանքի հրթիռակոծության հետևանքով։ Ընդհանուր առմամբ հիմնադրամի միջոցով 26 բժիշկ ժամանեց, բայց ևս 50-ը եկան ինքնուրույն, սեփական միջոցներով։

Ի՞նչ կարող են անել սովորական մարդիկ

Կարող են շատ ավելին, քան թվում է։ Շատ դժվար, բայց շատ պարզ եղանակ կա` տասը հայ զբաղված են ընդհանուր գործով, և ոչ ոք չի վիճում, թե ով է գլխավորը։ Վառ օրինակ է կամավորներից մեկը, որը հայտնի ուրոլոգ է Մոսկվայում. գիտությունների թեկնածուն տեղ հասնելուն պես ասաց․ «Ո՞վ է այստեղ ռազմական վիրաբույժը։ Ինչպես ասի, այդպես էլ կանեմ»։

Նա հոյակապ մասնագետ է, բայց նաև հիանալի հասկանում էր, որ ռազմաճակատային վիրաբուժությունը տարբերվում է քաղաքացիականից։ Եթե նա 5 ժամանոց վիրահատություն աներ, մյուս վիրավորների համար ժամանակ չէր մնա։

Առաջին իսկ օրերին հիմնադրամն օգնում էր թե՛ հիվանդանոցներին, թե՛ ռազմաճակատի գծի սովորական վիրակապարաններին։ Այդ աշխատանքը ղեկավարում էր Մոսկվայի կլինիկաներից մեկի ղեկավար Սեմյոն Սարոյանը, որը մեծ տուգանքներ ստացավ Երևանից Ստեփանակերտ ճանապարհին արագությունը գերազանցելու համար։

Նույն ժամանակ Մոսկվայում 230 կամավորներ դեղատներից դեղամիջոցներ էին բերում և տեսակավորում։ «Վիվայի» կազմակերպիչներն այդ ընթացքում անհրաժեշտ գնումների մանրամասն ցուցակներ էին կազմում ռեսուրսները ցրիվ չտալու համար։ Ուստի որոշեցին մատակարարումները համաձայնեցնել նաև սփյուռքի մյուս կազմակերպությունների հետ։

«Ֆրանսիա, ԱՄՆ, Ուրուգվայ՝ թող բոլորը տեսնեն, թե ինչ է արդեն արել «Վիվան», և լրացնեն այն, ինչը պակասում է, որպեսզի նույն բանից, ասենք, 383 հատ չգնենք»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։

Անգամ այսպիսի սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպությունը կարողացավ նաև կորոնավիրուսի հարցում օգնել Հայաստանին։ Դեռ գարնանից մոսկվացի բժիշկները Հայաստան էին բերում թոքերի արհեստական օդափոխության և թթվածնի խտացման սարքեր, ռեանիմատոլոգների մի քանի խումբ էր ժամանել։ Էլ չասած, որ դաշտային հոսպիտալներում բազմաթիվ վիրաբույժներ վիրահատություններ էին անում` ոտքի վրա կորոնավիրուս տանելով և ջերմիջեցնողներ ընդունելով։

«Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ բարին պետք է ավելի ուժեղ լինի, իհարկե, ինչ-որ փուլում այն թույլ է երևում, բայց մի օր հաղթում է»,-ասում է Տատյանան։

Մոսկվայում օրուգիշեր դեղեր տեսակավորող կամավորական հայ երիտասարդների շարքում արդեն իսկ չորս ընտանիք է ծնվել։

Ի՞նչ է լինելու հետո

Հետագայում հիմնադրամը պատրաստվում է գումար հավաքել վիրավորների վերականգնման համար։ Փորձում են Մոսկվայից բժիշկների նոր խումբ բերել։ Երևանում բժիշկների շարժական բրիգադները կայցելեն հյուրանոցներ, որտեղ տեղավորվել են փախստականները, կչափեն նրանց շաքարն ու արյան ճնշումը, խորհրդատվություն կանցկացնեն։ Այս ամենը՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

«Իհարկե նաև Արցախում կլինեն։ Հո չե՞նք թողնելու Արցախը»,-ասում է Հովհաննիսյանը։

Հոգնե՞լ եք այս ամենի մասին կարդալուց։

Իսկ Տատյանան ու նրա ընկերները, չնայած մոսկովյան աշխատանքային ծանրաբեռնվածությանը, չեն հոգնում աշխատել նաև այստեղ՝ առանց որևէ շահ ունենալու։

9
թեգերը:
Ռուսաստան, բժիշկ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Մենք պատերազմը տանուլ ենք տվել 26 տարի առաջ. զինվորական բժիշկ
Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով 
Ռուս խաղաղապահներն Արցախում

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական

19
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 1244 փախստական։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 14-ից ի վեր Արցախ` իրենց բնակության վայր է վերադարձել 31917 փախստական։

«Ռուս խաղաղապահների կողմից 23 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում։ Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական օգնություն են ցուցաբերում, Արցախում վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները, կատարում են ականազերծման աշխատանքներ:

Այսպես՝ մեկ օրում մաքրվել է 8,1 հա տարածք և 1,6 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 8 պայթյունավտանգ առարկա:

Ընդհանուր առմամբ ականազերծման ընթացքում Ղարաբաղում մաքրվել է 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շինություն և 4 քաղաքացիական կարևոր օբյեկտ, հայտնաբերվել է 1155 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

19
թեգերը:
Փախստական, Ռուսաստան, խաղաղապահ, Արցախ
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում
Խաղաղապահների օրն է. Ստեփանակերտի քաղաքապետն այցելել է ռուս խաղաղապահներին
Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու գաղափարներ ՀԱՊԿ-ի նիստում չեն հնչել. Լավրով