Նիկոլ Փաշինյան

Ինչի մասին է լռում Փաշինյանը. փորձագետները մեկնաբանում են վարչապետին ուղղված հարցերը

5234
(Թարմացված է 22:05 16.11.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ չի պատասխանել այն հարցերին, որոնք НТВ հեռուստաալիքի եթերում նրան ուղղել էր «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։ Բայց դրանք մեկնաբանել են հայ քաղաքական և հասարարական գործիչները։

Հարցերը կոշտ են, անհարմար, և լրագրողները վարչապետին խնդրել են ազնվորեն պատասխանել դրանց (բոլոր հարցերը կարելի է տեսնել այստեղ)։ Դրանք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության զարգացման ընթացքում վարչապետի վարքագծին, Ռուսաստանին առաջարկվող և նրանից ստացվող օգնությանը, ինչպես նաև բազմաթիվ խորհրդակցություններին, որոնք Փաշինյանն անցկացրել է «ԱՄՆ-ում տարբեր մակարդակի իր ընկերների հետ»:

Արամ Սարգսյան. Դեմոկրատական կուսակցության ղեկավար

Դրանից բառացիորեն մի քանի օր առաջ իմ հարցազրույցներից մեկում ես մոտավորապես նույն հարցերն էի բարձրացնում։

Հնչեցրել եմ այդ հարցը, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ։ Պատերազմի առաջին օրվանից նախարարը պնդում էր, որ իրենք շրջափակման մեջ են եղել։ Զրկված են եղել անհրաժեշտ զենքի և զինամթերքի ամբողջ տեսականին ձեռք բերելու և ստանալու հնարավորությունից։ Եվ այդ ժամանակ հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ է ՊՆ-ն ստացել «Պանցիրները» և «Կրասուխները»։ Դրանք վերջինն են այն ցանկից, որը կարելի է թվարկել։

Իսկ հիմա` այն մասին, թե ինչ էր պետք անել պատերազմի առաջին իսկ օրերից, և ինչ չի արվել։ Այն, ինչի մասին խոսում էր Բաբայանը՝ նվազագույնն է, ինչ պետք էր պարտադիր անել։ Էլ ի՞նչ։

Խայտառակ պարտությունից դեռ 25 օր առաջ ռուս բարձրաստիճան քաղաքական գործիչներ` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ Արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, սենատոր Կոնստանտին Կոսաչովը, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մշտապես ընդգծել են հետևյալ հանգամանքը. Թուրքիան տարածաշրջան է մտցրել ավելի քանի երկու հազար ահաբեկիչ-վարձկանների։ Նրանց դեմ հարկավոր էր հակաահաբեկչական գործողություն իրականացնել։ Ես անձամբ եմ դիմել համապատասխան ռուսական կառույցներին։ Իսկ Հայաստանի կառավարությունը դա չի արել։

Միայն ինչ-որ նամակ են գրել` հիմք ընդունելով 1997թ․-ին ստորագրված պայմանագիրը։ Եվ հասկանալի է, որ Մոսկվայից միայն մի պատասխան կարող էր լինել՝ այդ պայմանագիրը վերաբերում է բացառապես Հայաստանին, ոչ թե Արցախին։ Իսկ այն, ինչ արեց Ռուսաստանը հիմա (խաղաղապահներն իրենց վերահսկողության տակ վերցրին Արցախի տարածքը), պետք էր անել դեռ 25 օր առաջ։ Եվ այս կորուստները չէին լինի։ Այնպես որ, կան հարցեր, որոնք ազնիվ պատասխան են պահանջում․․․

Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունն էլ բռնությունը բացառելու հայտարարություն կանի

Ճիշտ է, կան նաև այլ հանգամանքներ։ Հայ հանրության մի մասը վախենում է, որ իշխանության կարող են վերադառնալ այսպես կոչված «նախկինները»։ Բայց չէ՞ որ ակնհայտ է, որ «նախկինների» մասին հանրությունն իր կարծիքն արդեն ասել է՝ հրաժարվել է նրանցից։ Այնպես որ, դրանից չարժե վախենալ։ Չնայած` ներկայիս իշխանությունը հենց այդ վախի վրա է հույսը դնում։

Բայց մենք բոլորս պետք է մի բան հասկանանք․ պատերազմը տանուլ տված մարդու, ղեկավարի հետ համաշխարհային հանրությունը հաշվի չի նստի։ Այսուհետ նա ոչ մեկին չի հետաքրքրում և դրանում կարելի է չկասկածել։

Հայկ Բաբուխանյան. «Սահմանադրական իրավունք միության» առաջնորդ

Ռուս առաջատար լրագրողների կողմից վարչապետ Փաշինյանին ուղղված հարցերում շատ ճիշտ շեշտադրումներ են արված։

Օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանի հարցն այն մասին, որ Փաշինյանը շփվում է ամերիկացի պաշտոնյաների հետ։ Սա հայտնի փաստ է։ Բանը դա չէ։ Եթե այդ շփումը գոնե ինչ-որ դիվիդենտներ տար մեր երկրին, մենք կողջունեինք այն։ Բայց չէ՞ որ հենց այդ շփումների արդյունքը դարձավ այն աղետը, որի մեջ Փաշինյանը ներքաշեց երկիրը։

Մենք նրան բազմիցս զգուշացրել ենք, որ պատերազմի պայմաններում հենց սկզբից մեզ անհրաժեշտ կլինի օգնության համար անմիջապես դիմել Ռուսաստանին, որպեսզի տարածաշրջան մտնեն ռուս խաղաղապահները։

Ցավոք, հենց միջին օղակի ամերիկացի չինովնիկների հետ շփումը հանգեցրեց վարչապետի տարօրինակ (իսկ ոմանք դա բացեիբաց դավաճանություն են անվանում) պահելաձևին։ Նրան, ինչն էլ արդյունքում հենց տեղի ունեցավ մարտի դաշտում։ Եվ հենց դրա համար անձամբ Փաշինյանն իր թիմի հետ միասին պետք է անձնական, անհատական պատասխանատվություն կրի։

Ինչ վերաբերում է Ռոման Բաբայանի հարցադրումներին, ապա այժմ արդեն բազմաթիվ աղբյուրներից տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Փաշինյանը պատերազմի հենց սկզբից կարգավորման առաջարկներ է ստացել, որոնք շատ ավելի ընդունելի և նախընտրելի են եղել, քան արդյունքում ստացավ Հայաստանը: Եվ այդ հարցերին էլ Փաշինյանը պարտավոր է պատասխանել։ Ընդ որում, ոչ միայն Բաբայանին, այլև ամբողջ հայ հասարակությանը, ողջ ժողովրդին, զոհված զինվորների ծնողներին, տները կորցրած քաղաքացիներին։ Նա պարտավոր է հաշվետու լինել յուրաքանչյուր հայի առաջ։

Նման պահվածքի մեջ ոչ մի անսպասելի բան չկար։ Փաշինյանի իշխանության գալը մենք ի սկզբանե տիպիկ «գունավոր հեղափոխություն» էինք անվանում։ Իսկ այդպիսի հեղափոխությունը միայն մեկ նպատակ ունի՝ վնաս հասցնել ազգային շահերին, փոխարինել դրանք արևմտյան գլոբալիզմի գաղափարախոսների շահերով։

Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց. ԱԳՆ

Հենց դա էլ արեց Փաշինյանը ոչ միայն արցախյան պատերազմի արդյունքներով, այլև քաղաքական դաշտում իր ամբողջ գործունեության ընթացքում։ Թե՛ այն ժամանակ, երբ պատգամավոր դարձավ, թե՛ երբ դաշինք էր ղեկավարում, և թե՛ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ Դե, իսկ վերջին պատերազմը, այսպես ասած, Փաշինյանի արածների քվինտէսենցիան է։

Այնպես որ, բոլոր հարցերը ճիշտ են դրված։ Մեծ հաշվով՝ դրանց պատասխանները մենք նույնպես գիտենք, սակայն Փաշինյանն ինքը պարտավոր է պատասխանել դրանց։

Դավիթ Սահակյանց. մուլտիպլիկատոր, սցենարիստ և նկարիչ

Համոզված եմ, որ մեր հայրենակից լրագրողների հնչեցրած հարցերը պետք է բարձրացվեն։ Եվ վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում ստիպված կլինի պատասխանել դրանց։

Ավելին՝ ես ինքս մտադիր եմ գրեթե նույն հարցերով դիմել համապատասխան կառավարական մարմիններին։ Մտադիր եմ կոշտ կերպով երկրի ղեկավարից պահանջել, որ պատասխանի դրանց։ Եվ պետք չէ կասկածել՝ այդ հարցերը հետաքրքրում են մեր երկրի տառացիորեն բոլոր քաղաքացիներին՝ անկախ ինչ-որ քաղաքական նախընտրություններից և երկրի ղեկավարության հանդեպ վերաբերմունքից։

Երկրի ղեկավարությունը պարտավոր է այդ հարցերին լիարժեք, սպառիչ պատասխաններ տակ։ Փաշինյանը պարտավոր է բացատրել և հաշվետու լինել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցե մեզ հետ վերջին 45 օրում։ Հաշվետու լինել Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։ Դրանք հարցեր են, որոնք հուզում և վերաբերում են բառացիորեն բոլորին՝ առանց բացառության։

Հասկանալի է, որ անձամբ Փաշինյանին հիմա միայն մի բան է հուզում՝ կարողանալ պահպանել իշխանությունը, մնալ վարչապետի աթոռին։ Սակայն խիստ կասկածում եմ, որ կհաջողվի։ Չէ՞ որ նման հարցերը մարդկանց գիտակցության մեջ դեռ երկար են ծագելու։

Եվ վարչապետն ամեն դեպքում վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխանել հանրությանը հուզող բոլոր հարցերին։ Ցանկալի է, որ հնարավորինս շուտ պատասխանի, որովհետև օրեցօր ավելի ու ավելի շատ հարցեր են ծագում։ Այս բոլոր հետապնդումները ներքաղաքական ասպարեզում, բոլոր խնդիրները, որոնց հասարակությունը բախվել է արդեն Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս ամենը ձնագնդի նման աճելու է։

Դավիթ Շահնազարյան. ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար և ղարաբաղյան կարգավորման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ (1994-1995թթ․)

Ավելի քան երկու տարի ես մատնանշել եմ բանակում, ուժային կառույցներում, ղարաբաղյան բանակցային հարթակում տեղի ունեցող կործանարար գործընթացները։ Ցավոք, ես բավականին մանրամասն, դետալներով նկարագրել եմ այն, ինչին մենք ի վերջո հասանք։

Ես բազմիցս հայտարարել եմ, որ նրան իշխանության են բերել արտաքին ուժերը՝ որոշակի, առարկայական նպատակով․ հանձնել Արցախը, վճռել դրա ճակատագիրը հենց ադրբեջանա-թուրքական սցենարով։

Պատերազմի առաջին իսկ օրերին ես եղել եմ Ստեփանակերտում, որտեղ էլ տեսել եմ, որ մարտական գործողությունները կազմակերպվում են մեղմ ասած` շատ վատ։ Որքան անտաղանդ կերպով էին օգտագործում կամավորներին, որոնք ռազմաճակատ նետվեցին անմիջապես, հենց որ հնչեց մարտակոչը։ Ես տեսա նաև, թե իրականում ինչ է տեղի ունենում մարտի դաշտում և թե ինչ իրականությանը բացարձակ չհամապատասխանող պաշտոնական տեղեկատվություն է հասնում։ 

Այս պատճառով էլ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերին կրկին առաջ քաշեցի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան կարգավորման առնվազն չորս առաջարկ է ստացել։ Խոսքը միայն այն առաջարկների մասին է, որոնց մասին ես հաստատ գիտեմ։

Շուշին հանձնելու պայմանն առաջադրվել է, եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում. Փաշինյան

Ամենաշահավետը առաջին առաջարկն էր՝ եթե չեմ սխալվում` սեպտեմբերի 29-ին կամ 30-ին։ Եվ մարտադաշտում իրավիճակի վատթարացմանը զուգահեռ այդ առաջարկներն ավելի ու ավելի վատն էին դառնում, ավելի ու ավելի ոչ ձեռնտու։

Հիմա մեզ, երկրին նոր ղեկավարություն է անհրաժեշտ։ Ղեկավարություն, որն ի վիճակի կլինի լուծել հենց ազգային առաջնահերթությունների հետ կապված հարցերը։

5234
թեգերը:
Հայկ Բաբուխանյան, Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան, Արցախ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են` այս թղթում Շուշիի մասին բան չկա. Նիկոլ Փաշինյան
ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին
Փաշինյանը պարզաբանել է Շուշիի մասին ԱԺ-ում ունեցած իր ելույթը
Բերձոր

Բերձորն ու հարևան գյուղերը մնում են հայկական. ինչ ինֆորմացիա ունի քաղաքապետը

462
(Թարմացված է 16:46 01.12.2020)
Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Բերձորցիները չեն շտապում լքել հարազատ քաղաքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

«Մարդիկ մնում են, այս պահին էլ Բերձորում բավականաչափ բերձորցիներ կան: Ընդհանուր առմամբ, ինչ-որ վտանգավոր կամ խուճապային իրավիճակ Բերձորում չկա»,- ասաց նա:

Ալեքսանյանը հայտնեց, որ Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության, դեկտեմբերի 1-ից պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել:

Քաղաքապետի տեղեկություններով՝ Քաշաթաղի շրջանի բնակավայրերից Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը շարունակելու են մնալ հայկական:

«Մինչև այս պահը գոնե մեր ունեցած ինֆորմացիան սա է ու հույս ունեմ` չի փոխվի»,- մեր հարցին ի պատասխան ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ հայկական կողմն այսօր չի պատրաստվում հեռանալ այդ տարածքից: 

Բերձորի խանութում սուրճն անվճար են տալիս կանխիկ փող չունեցող ռուս խաղաղապահին․ տեսանյութ

Քաղաքապետը շեշտեց, որ իր տեղեկությունները հիմնված են բացառապես իր ու շրջվարչակազմի ղեկավարության ունեցած տվյալների վրա: Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան ղեկավարներից, ինչպես ինքն է ասում, տեղեկություններ չի ստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ Լաչինը շրջանցող նոր ճանապարհ կառուցելու մասին, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ նոր ճանապարհի մասին որևէ տեղեկություն չունի:

ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մեկնաբանելով Լաչինի միջանցքի այլընտրանքային տարբերակի հարցը՝ Հայաստանն ու Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցման տարբերակը, հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի ծախսատար և երկար ժամանակ կպահանջի: Բացի այդ, նոր ճանապարհը կլինի շատ ավելի երկար և կպահանջի ռուս խաղաղապահների թվի ավելացում:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստում Լաչինին վերաբերող հատվածում բառացիորեն ասված է, որ այն Ադրբեջանին է վերադարձվում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1–ը:

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»,- աված է փաստաթղթում:

«Ասել են` կարող եք մնալ». Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների ճակատագիրն անհայտ է

Բանն այն է, որ վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, այսինքն՝ ըստ փաստաթղթի՝ պետք է մնան Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

462
թեգերը:
Ադրբեջան, քաղաքապետ, հայեր, Բերձոր
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)
Ըստ թեմայի
Բերձորի ուղղությամբ հայկական ուժերը կարևոր բարձունք են գրավել. թշնամին կորուստներ ունի
Հայկական ուժերը ջախջախել են Բերձորի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուժերը և զինտեխնիկան
«Չեմ ուզում 2-րդ անգամ բռնագաղթեմ». Բերձորի բնակիչը պատմում է ռուս խաղաղապահների մասին
Ֆրանսիայի խորհրդարանի անդամները Ծիծեռնակաբերդում. 25 հոկտեմբերի, 2020

«Հայկական հարցը»՝ Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության ելևէջներում

57
ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը՝ Sputnik Արմենիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, նոյեմբերի 25-ին քվեարկեց չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության բանաձևի օգտին: Փաստաթղթին կողմ քվեարկեց 305 սենատոր, դեմ միայն մեկ ձայն կար։ Սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չաջակցեց իշխանության օրենսդիր ճյուղի ներկայացուցիչների նախաձեռնությանը։ Արդեն Սենատի պատերից ներս տեղի ունեցած բանավեճի ընթացքում ԱԳՆ-ի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հատուկ ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող կտրուկ շարժումներ անել։

Այդ ելույթը սենատորների դիրքորոշման վրա ազդեցություն չունեցավ։ Սակայն քվեարկությունից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որում հաստատեց, որ Փարիզի պարտականությունն է աշխատել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների միջոցով, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այդ բանակցությունների ելքը չի կարող որոշվել նախապես և միակողմանի կարգով»:

Արդյո՞ք դա նշանակում է, որ ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը պարզապես փոթորիկ էր մի բաժակ ջրում։ Եվ եթե ոչ, ի՞նչ հետևանքների այն կարող է հանգեցնել։ Ինչո՞վ է պայմանավորված Ֆրանսիայի հետաքրքությունը կովկասյան խնդիրների նկատմամբ։

«Հայկական հարցը» Ֆրանսիայում․ ներքին և արտաքին քաղաքական համատեքստը

Այս հարցերին պատասխանելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջին անգամը չէ, որ Ֆրանսիան անդրադառնում է Հայաստանի ու հայերի հետ կապված ինչպես պատմական անցյալի, այնպես էլ արդիական ներկայի թեմաներին։ 1998թ. մայիսի 29-ին այդ երկրի Ազգային ժողովն ընդունեց Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին օրինագիծը: Սենատը նմանատիպ բանաձևին կողմ քվեարկեց 2000 թվականի նոյեմբերին, իսկ 2001 թվականին նախագահ Ժակ Շիրակը ստորագրեց համապատասխան օրենքը:

Ի՞նչ կտա Հայաստանին Արցախի միջազգային ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևը

2011թ․-ի դեկտեմբերին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի, իսկ 2012թ․-ի հունվարի 23-ին՝ Վերին պալատի կողմից: Այս նախաձեռնության հեղինակը Վալերի Բուայեն էր։ Առաջ անցնելով, ասենք, որ հենց նա է կանգնած 2020թ. ղարաբաղյան բանաձևի ակունքներում։

Սակայն Ֆրանսիայի Ազգային ժողովի ավելի քան 70 սենատորներ և 50 պատգամավորներ դիմեցին երկրի Սահմանադրական խորհուրդ՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը վերացնելու միջնորդությամբ: Եվ 2014 թ․-ի փետրվարի վերջին Ֆրանսիայի բարձրագույն դատական ատյանը այն ճանաչեց հիմնական օրենքին հակասող։ Այնուամենայնիվ, դրանից հետո էլ այս թեման բազմիցս բարձրացվել և քննարկվել է քաղաքական գործիչների և հասարակական տարբեր ակտիվիստների կողմից։

Ֆրանսիայում 350-500 հազար հայ է ապրում, ու այդ առումով այն աշխարհում երրորդ երկիրն է  Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո։ Առավել խոշոր համայնքները Փարիզում, Լիոնում և Մարսելում են (վերջինում Բուայեն փոխքաղաքապետ էր): Ի թիվս Ֆրանսիայի՝ հայկական արմատներ ունեցող նշանավոր քաղաքացիների, այնպիսի մարդիկ են, ինչպիսիք են ռեժիսոր Անրի Վերնոյը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը, քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

Հայոց պատմության վերաբերյալ սյուժեներ (ներառյալ 20-րդ դարասկզբի ողբերգության հիշատակումը) լայնորեն ներկայացված են ֆրանսիական կինեմատոգրաֆում, գրականության և արվեստի մեջ։ Որպես օրինակ կարելի է բերել թեկուզ Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը։

Լոբբիստական կառույցները նույնպես ավանդաբար ակտիվ են (օրինակ` Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն, Հայկական սփյուռքի հետազոտությունների կենտրոնը), չնայած, փորձագետների և հրապարակախոսների որոշ գնահատականներով՝ չափազանց շատ են կենտրոնանում պատմական և պատմաիրավական թեմաների, այլ ոչ թե Հայաստանի շահերի առաջմղման արդիական օրակարգի վրա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին ԼՂՀ-ի հետ կապված բանաձևի պատճառով

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, որ Ֆրանսիան չի փորձում հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ։ Այդ երկիրը մնում է Փարիզի կարևորագույն առևտրային գործընկերը Հարավային Կովկասում։ Ադրբեջանին բաժին է ընկնում Կովկասյան տարածաշրջանի երեք երկրների հետ Ֆրանսիայի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան 60 տոկոսը։ Ֆրանսիական ուղղությամբ Բաքուն տարիներ շարունակ ձգտում էր ապացուցել, որ որպես գործընկեր ադրբեջանական կողմն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում ներկայի և ապագայի առումով, քան՝ անցյալի: Որպես հետևանք՝ որոշակի հիասթափություն ֆրանսիացի սենատորների գործողություններից և Ադրբեջանի կոշտ արձագանքը նոյեմբերյան որոշմանը։

Մինչդեռ ֆրանսիական քաղաքական ակտիվությունը չի բացատրվում միայն հայկական սփյուռքի գործոնով։ Փարիզը Անկարայի ընդդիմախոսն է Միջերկրածովյան ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես հույն-թուրքական և թուրք-կիպրոսական հարաբերությունների ամբողջ համալիրին, այնպես էլ Լիբիային։ Այս համատեքստում ղարաբաղյան հակամարտությունը, տնտեսագետների լեզվով ասած, «ավելացված արժեք» է հաղորդում Անկարայի և Փարիզի հակասություններին։

Առաջին հայացքից դժվար է ինչ-որ ընդհանրություն գտնել կովկասյան տարածաշրջանի հակամարտության և Ֆրանսիայի ներսում ընթացող կուսակցական-քաղաքական գործընթացների միջև։ Սակայն 2022 թ․-ին երկրում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ դրանց վրա այնպիսի հարցերը, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիոն գործընթացների կարգավորումը, պետության աշխարհիկ բնույթի պահպանման համար պայքարը առաջնահերթ ազդեցությունների թվում են լինելու։

Եվ ահա ղարաբաղյան բանաձևի հարցով զեկուցող սենատոր Բրյունո Ռետայոն հայտարարեց, որ այդ փաստաթուղթը վեր է զանազան կուսակցությունների միջև հակասություններից, քանի որ այն վերաբերում է ոչ թե առանձին հակամարտությանը, այլ ֆրանսիական արժեքներին։ Սենատորն ընդգծեց, որ այն պահից, երբ ղարաբաղյան հակամարտությանը միջամտեց Անկարան, այն դադարեց լինել միայն կովկասյան տարածաշրջանի խնդիր:

Այսօր Թուրքիան դառնում է Փարիզի գրեթե գլխավոր ընդդիմախոսը՝ ժամանակակից հասարակության մեջ կրոնի դերի մասին բանավեճում։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է «ավանդապաշտների» յուրօրինակ պաշտպանի դեր խաղալ՝ ինքն իրեն հակադրելով «անգաղափար պոստմոդեռնիստ» Մակրոնին։ Այս բոլոր գործոնները՝ միասին և առանձին, Ֆրանսիային առաջին պլան են մղում ղարաբաղյան խնդրի քննարկման մեջ։

Ինքնորոշման իրավունքը, իրավակիրառումն ու բացառիկությունը

Բայց արդյո՞ք Սենատի բանաձևը գործնական հետևանքներ կունենա։ Եթե հետևանքներ ասելով նկատի ունենք ինչ-որ բան, որ կփոխի չճանաչված հանրապետության կարգավիճակը, ապա, ամենայն հավանականությամբ, ոչ։ Ցանկացած իրավական ակտ պետք է աջակցություն ստանա իրավակիրառման ուժով։ Այլապես այն այդպես էլ կմնա հռչակագրի մակարդակում: Ակնհայտ է, որ ֆրանսիական քաղաքական դասի համար Լեռնային Ղարաբաղի քննարկումը արժեքավոր է ոչ թե ինքն իրենով, այլ ավելի լայն համատեքստում՝ լինի դա ընտրություններ, թե Թուրքիայի հետ առճակատում։ 

Բայց ներկա պայմաններում Ֆրանսիան պատրաստ չէ լուրջ մասնակցություն ունենալ Հայաստանի և չճանաչված ԼՂՀ-ի ճակատագրի որոշմանը։ Դա ոչ լավ է, ոչ վատ, դա իրականությունն է։ Նույնիսկ եթե Ֆրանսիայի ԱԳՆ դիրքորոշումը հանկարծ փոխվի և այն համաձայնի սենատորների փաստարկների հետ, ապա Լեռնային Ղարաբաղի տեսական ճանաչումը կլինի ավելի շուտ խորհրդանշական քաղաքականության, այլ ոչ թե քաղաքական պրակտիկայի ակտ։ Եվ դա է այդ գործողության սկզբունքային տարբերությունը ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի, Ռուսաստանի կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ Թուրքիայի կողմից՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապեության ճանաչումից։

Նշված բոլոր չորս դեպքերը վկայում են, որ այն երկրները, որոնք ճանաչում են անկախությունը, պատրաստ են երաշխավորել նրանց ազգային ինքնորոշումը, ում իրենք տարբեր պատճառներով և տարբեր հանգամանքների բերումով պատրաստ էին աջակցել: Այո, Սերբիայի նախկին ինքնավար երկրամասը ճանաչվել է մոտ հարյուր պետության կողմից։

Ադրբեջանի խորհրդարանն ուզում է Ֆրանսիային հեռացնել ԵԱՀԿ Մինսկի խմբից

Բայց Կոսվոյի «ինքնուրույնության» համար առանցքայինը ԱՄՆ-ի աջակցությունն է, այլ ոչ թե Կոլումբիայի, Աֆղանստանի կամ Վաշինգտոնի ցանկացած այլ դաշնակցինը, որոնք պատրաստ են համաձայնություն հայտնել նրան, այդ թվում՝ Պրիշտինային աջակցելու եղանակով։ Նույնը վերաբերում է նաև աբխազական-հարավ-օսիական իրավիճակին։ Առանցքային խաղացողներն այստեղ Նիկարագուան կամ Վենեսուելան չեն։ Նրանցից յուրաքանչյուրը, աջակցելով Սուխումին ու Ցխինվալին, ավելի շուտ ցուցադրում է, որ չի ընդունում ամերիկյան քաղաքականությունը և հակառակը, հարգում է բազմաբևեռայնությունը, որի մարմնացումը Ռուսաստանն է, քան որ անմիջականորեն հետաքրքրված է Կովկասով։ Բայց միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը Մոսկվայի կողմից իրապես փոխեց ստատուս-քվոն տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ չպետք է թերագնահատել Ֆրանսիայի Սենատի նոյեմբերյան բանաձևը։ Մի երկրում, որը համարվում է արևմտյան մեյնսթրիմի մաս (ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ-ի անդամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ), քննարկվում է նախկին խորհրդային ինքնավարություններից մեկի ինքնորոշման հարցը։ Ընդ որում, նախկինում գերիշխող պատկերացումը Կոսովոյի «յուրահատկությունն» էր։ Ինչպես տեսնում ենք, այդ դիսկուրսն աստիճանաբար լղոզվում է։ Մյուս էթնոքաղաքական հակամարտություններն ու դրանց ընթացքում առաջացած դե ֆակտո գոյացությունները, պարզվում է, նույնպես կարող են եզակի լինել և տարբերվել միմյանցից։

Ի դեպ, վերջին ժամանակներս արդիականացել է բանավեճը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչմանը պատրաստ երկրների ավելացման հեռանկարների շուրջ։ Այն բանից հետո, երբ 2020թ.-ի հոկտեմբերին Մուսթաֆա Աքընջին (որը հայտնի է Էրդողանի դեմ իր առճակատմամբ և Կիպրոսի հույների հետ բանակցությունների պատրաստակամությամբ) փոխարինեց Անկարայի անկախության և ներկայիս արտաքին քաղաքականության ավելի կոշտ ջատագով Էրսին Թաթարին, իրագործման հնարավորություններն ավելի մեծացան։ Եվ չի բացառվում, որ Փարիզում ինքնորոշման սահմանների և սահմանագծերի շուրջ վեճեր դեռ շատ կլինեն։

57
թեգերը:
Ֆրանսիա, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան
Ֆրանսիայի Սենատն արձանագրել է Ադրբեջանի ու Թուրքիայի իրական քաղաքականությունը. ԱԳՆ
Կարևոր մարդասիրական քայլ էր. Գարեգին Բ–ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

«Որ մեզ հետ էլ հաշվի նստեն որպես ազգ»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդների երգը

0
ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները ոչ միայն կոչեր են հնչեցնում, այլև երգում են։ ՀՅԴ երիտմիության անդամները դեպի կառավարության շենք քայլերթի ժամանակ կատարեցին ՀՅԴ անդամ, ամերիկահայ Գառնիկ Սարգսյանի հայտնի «Ելեք, հայեր» երգը։

«Չվախենաք, չվախենաք դուք հայեր,

Անդրանիկի, քաջ Սերոբի հետնորդներ,

Էսօր՝ Արցախ, վաղը՝ Վանը պիտ առնենք,

Որ որպես ազգ մեզ հետ էլ հաշվի նստեն», - երգում են երիտասարդները։

Երգի հեղինակ Գառնիկ Սարգսյանը և իր ընկերները, ոգեշնչված ԱՍԱԼԱ-ի գործողություններից, 1982-ին պայթեցրել էին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգի թուրքական հյուպատոսությունը՝ այդպիսով աշխարհի ուշադրությունը հրավիրելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման խնդրի վրա։

Նշենք, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո 16 ընդդիմադիր կուսակցություններ (սկզբում 17-ն էին՝ ներառյալ «Ալյանսը») հանրահավաքներ են անցկացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

0
թեգերը:
Երիտասարդ, երգ, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (587)