ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ռուս խաղաղապահները 10 դիտակետ են տեղադրել Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Նրա խոսքով՝ խաղաղապահներն արդեն գտնվում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ «15-րդ մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահների զորախումբը ժամը 17:00- ին մտել է Ստեփանակերտ»,–ասել է Կոնաշենկովը:
Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում է գտնվելու ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը:
Նշվում է նաև, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։
Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն ընդհանուր առմամբ 16 դիտակետ են տեղակայելու։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են


