Ստեփանակերտը ռմբակոծությունից հետո

Լեռնային Ղարաբաղի քաղաքների ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել․ Փաշինյան

778
(Թարմացված է 00:42 08.11.2020)
ՀՀ վարչապետը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ձևաչափն է ղարաբաղյան հակամարտության խնդրին լուծում գտնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Վարչապետ Փաշինյանը նախ ընդգծել է, որ երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Սակայն մինչ օրս ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել:

«Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում, և ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել»,-ասել է Փաշինյանը։

Ստեփանակերտում հրթիռակոծման հետևանքով զոհվածները տատ ու թոռներ են

Վարչապետը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:

Լրագրողը բացատրություն է խնդրել, թե ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել, որին ի պատասխան Փաշինյանը հարցրել է՝ իսկ Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:

«Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել»,-շարունակել է լրագրողը։

ՀՀ վարչապետը շարունակելով խոսքը շեշտել է, որ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում:

«Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում»,-շեշտել է վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ոչ ոք չի ցանկանում, որ խաղաղ բնակչությունը տուժի:

Ստեփանակերտի արվարձաններում մի քանի պայթյուն է որոտացել

Անդրադառնալով բանակցութունների մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ պատերազմի պայմաններում Ադրբեջանի հետ խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ:

«Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի»,-նշել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը կրկին անգամ հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճիշտ ձևաչափ է հակամարտության խնդրին լուծում գտնելու համար:

«Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է»,-ասել է Փաշինյանը:

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

778
թեգերը:
բանակցային գործընթաց, հրետակոծություն, Նիկոլ Փաշինյան, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Անդամահատում են ու ասում` նստեք բանակցությունների. արցախցի կանայք պահանջ ունեն ԵՄ դեսպանից
Բանակցություններում Թուրքիայի ներգրավմանը պետք է համաձայն լինեն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն
Բաքվին բանակցությունների վերադարձնելու համար Հայաստանը պետք է «լազերային հարված» հասցնի
Աղվան Վարդանյան

Աստղաբաշխական գումար Արցախի հարցը լուծելու համա՞ր. Վարդանյանի հարց-բացահայտումները

52
(Թարմացված է 15:05 01.12.2020)
Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե իրեն ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին՝ բացատրություն տալու, սիրով կընդունի հրավերը:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած 13 հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:

«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է Փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, Փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:

«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԱԱԾ-ն պատերազմից մեկ օր առաջ ծանուցագիր էր ուղարկել Վիտալի Բալասանյանին: Իսկ Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները փոխարինվում էին անփորձ զինվորականներով: Արդեն պատերազմի ժամանակ Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:

Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչ էր անում վարչապետի տիկինն Արցախում պատերազմի գրեթե ողջ ընթացքում:

«Գեներալները նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեին»,- ասաց Վարդանյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչու Փաշինյանը չի համարձակվում գոնե կես բառ հակադարձել Ալիևին, և արդյո՞ք պատերազմի ողջ ընթացքում կեղծ հաղթական քարոզչությունը, ռազմական դրությամբ պայմանավորված մամուլի ու խոսքի ազատության սահմանափակումը պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չի հետապնդել:

59 ժողով` Հարավսլավիայի 1-ին տիկնոջ թեմայով, կամ Աննա Հակոբյանի՞ն ենք ընտրել, թե՞...

Վարդանյանի հարցադրումների շարքում էր նաև պատերազմի առաջին օրերին ՀՀ-ից Իրան հայտնի գործարարի գործուղման մասին լուրը:

«Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել կառավարական ամառանոցի սենյակներից մեկու ու դողդողացել: Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել այդ ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես դողդողացել է նաև տարիներ առաջ, Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած»,- վերջին՝ 13-րդ հարցը հնչեցրեց նախկին նախարարը՝ հիշեցնելով նաև, որ ՀՀ վարչապետը այսօր շրջում է մեծաթիվ թիկնազորով շրջապատված ու պատերազմից հետո մի շաբաթ շարունակ բունկերից դուրս չի եկել:

Վարդանյանը հայտարարեց, որ իր հրապարակած հարցադրումներին տիրապետում են նաև արտերկրի հատուկ ծառայությունները: Իսկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ իր հիշատակած պաշտոնյաների ու արաբական երկրի անունները չի հրապարակի, բայց եթե իրեն այս ասուլիսից հետո հրավիրեն իրավապահ մարմին, սիրով կընդունի հրավերը:

«Եթե ինձ ինչ-որ մեկը մի տեղ է հրավիրում, ես սիրով ընդունում եմ»,- ասաց նա:

Վարդանյանը հույս հայտնեց, որ այն, ինչ այսօր կատարվել է ՀՀ-ի ու ԱՀ-ի հետ, վաղվա պատասխանատու մարմինները կհետաքննեն, կստեղծվեն քննիչ հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն այս ամբողջ գործընթացը ու կտան նաև իր բարձրացրած հարցերի պատասխանները:

52
Արխիվային լուսանկար

Ստեփանակերտում կասետային ռումբերի պայթյուններ կլսվեն

3
(Թարմացված է 14:49 01.12.2020)
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր կրկին պայթյուններ կլսվեն։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը խնդրում է պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. սակրավորները շարունակում են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքները։

«Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից: 

Հավելենք, որ Արցախում ականազերծման աշխատանքներ են իրականացնում նաեւ ռուս սակրավորները։

Մինչ օրս նրանք վնասազերծել են շուրջ 1000 պայթունավտանգ առարկա։

3
թեգերը:
ականազերծում, Սակրավոր, Արցախ
Ընմշամարտի մեր հավաքականը

Մրցումային «քաղց»` նախաօլիմպիական շրջանում. ըմբիշները պատրաստվում են աշխարհի գավաթին

3
Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մեր ըմբիշները պայքարի մեջ են մտնելու աշխարհի անհատական գավաթի խաղարկության բոլոր տասը քաշային կարգերում։ Sputnik Արմենիան ներկա է գտնվել նրանց մարզումներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք դեկտեմբերի 12–18 Բելգրադում կպայքարեն աշխարհի անհատական գավաթի համար։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեր ընտրանու կազմում է։

Կորոնավիրուսի պատճառով արդեն տասը ամիս է, ինչ ըմբիշները ոչ մի մրցման չեն մասնակցել, շատ հաճախ էլ մարզվել են անհատական ծրագրով։ Հետևաբար մեր մարզիկները մրցումային «քաղց» ունեն նախաօլիմպիական ժամանակահատվածում։ Չէ, որ Տոկիոյի օլիմպիադայի վարկանիշային մրցաշարերը համավարակի պատճառով արդեն մի քանի անգամ հետաձգվել են։ Եվ այդ առումով առաջիկա մրցաշարը կարևոր է բոլոր ըմբիշների համար։

Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի գետ զրույցում ասում է, որ կարևոր է պարզապես հասկանալ, թե ինչ կարողություն ունեն մեր ըմբիշներն այս պահին։ «Թեկուզ աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը օլիմպիական վարկանիշ չի էլ տալիս, բացի այդ, այս մրցումների համար նույնիսկ պարգևավճարներ նախատեսված չեն  հաղթողներին, միևնույնն է մեր տղաներին մրցումային փորձ է հարկավոր։ Եվ այդ առումով այս մրցաշարը մեզ համար շատ կարևոր է»,–ասում է Ալեքսանյանը։

Այսպիսով, Սերբիայի մայրաքաղաք են մեկնելու տասը  ըմբշամարտիկներ` 55 կգ քաշային կարգի Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Գևորգ Ղարիբյանը, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգի Մալխաս Ամոյանը, 77 կգ՝ Կարապետ Չալյանը, 87 կգ՝ Արթուր Շահինյանը, 97 կգ քաշային կարգի Արթուր Ալեքսանյանը, 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշի անունը հայտնի կդառնա մոտ օրերս։  

5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էր

Հետաքրքիր է, որ հավաքականի հետ մարզվում էր Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը։ «Յուրան անկասկած մեծ փորձ ունի, և հիմա նրա մարզվելը մեր թիմի հետ նպաստավոր եմ համարում։ Երբեմն մարզիկի խորհուրդն իր թիմակցին շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Մեր գերծանր քաշային Դավիթ Օվասապյանի համար Պատրիկևի խորհուրդները շատ արժեքավոր կլինեն»,– նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Մեր հերոսը. Արթուր Ալեքսանյանը աշխարհի լավագույն ըմբշամարտիկներից մեկն է

Հավելենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վարակվել է կորոնավիրուսով և հիմա բուժում է ստանում։ Այսինքն` հավաքականը Բելգրադ կարող է մեկնել առանց գլխավոր մարզչի։ Մյուս կողմից էլ չի բացառվում, որ Բելգրադում անցկացվելիք մրցաշարն էլ կարող է չեղարկվել, քանի ոչ Սերբիայում Covid-19 –ը բավականին արագ տարածում է ստանում, և դրա դեմ պայքարը գնալով խստանում է։

3
թեգերը:
օլիմպիադա, Օլիմպիական խաղեր, Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
Ռուսաստանցի ըմբշամարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնել է Արցախ
«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին