Հայկ Պետրոսյան

Հայկ Պետրոսյանը նույնպես կմեկնի Արցախ. ճակատագիրը չի ների, եթե արժանի չլինենք մեր տղաներին

472
(Թարմացված է 18:49 30.10.2020)
Սիրված դերասանը կամավորագրվել և սպասում է, որ կանչեն իրեն։ Հայկը կարծում է, որ ամենակարևորն այս պահին թիկունքն ամուր պահելն է, որպեսզի առաջնագծում գտնվողն իրեն ամուր զգա։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Դերասան Հայկ Պետրոսյանը դեռ պատերազմի առաջին օրերից կամավորագրվել էր Արցախ մեկնելու համար, բայց հիվանդացել է, ու մեկնելը ձգձգվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայկը պատմեց` այժմ «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության ռազմամարզական վարժանքներին է մասնակցում, որպեսզի պատրաստված մեկնի առաջնագիծ։ Հայկը մի փոքր սրտնեղած է խոսում կամավորագրվելու մասին, ասում է` չի ուզում, որ դա դիտվի որպես արտառոց կամ էլ իրենից ինչ–որ բան ներկայացնող երևույթ։

«Մանկությանս երկու ընկերներն այսօր ճակատում են։ Ինքս ծառայել եմ, բայց զենքին շատ լավ չեմ տիրապետում։ Հիմա այդ բացը լրացնում եմ` Վովա Վարդանովի «Ողջ մնալու արվեստին» մասնակցելով, որտեղ սովորում եմ լեռնահրաձգության պատրաստվածություն, առաջին բուժօգնություն, կրակային տակտիկա և այլն։ Դեռ չգիտեմ` երբ կմեկնեմ, բայց երբ էլ կանչեն, պատրաստ եմ»,–ասում է Հայկը։

Նա վստահ է`շատ տղաներ կան, որ թիկունքում ինչ–որ գործեր են անում, փորձում օգտակար լինել, բայց վիճակը թելադրում է առաջնագիծ մեկնել։ Սակայն հիմա, ըստ Հայկի, կարևոր է մեկ բան` մինչև մեկնելը բոլորը պարտավոր են ամրապնդել թիկունքը. այս հարցին պետք է շատ լուրջ վերաբերվել։

Դերասանն ասում է` իրավունք չունենք այնպես ապրելու, որ արժանի չլինենք առաջնագծում կանգնածներին։ Չնայած զբաղվածությանը` Հայկն էլ է նկատել, որ սոցցանցերում երբեմն քննարկումները վերածվում են անհարկի վիճաբանության, ինչը նման իրավիճակում, դերասանի կարծիքով, անթույլատրելի է։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

«Այստեղ մենք երկու գործ ունենք անելու` ամրապնդել թիկունքը և պատրաստվել ամեն ինչի, քանի որ մեր թշնամին թուրքն է։ Բոլորը խոսում են, որ օրհասական, ճակատագրական պահ է, բայց մտնում ես Facebook, ինչ ասես, որ չեն քննարկում։ Իրավունք չունենք թիկունքը թուլացնելու։ Առաջնագծում գտնվողները պետք է հետ նայելիս մի ամբողջ բանակ էլ այստեղ` իրենց թիկունքում տեսնեն»,–ասում է Հայկը։

Դերասանը նշում է, որ պետք է հասկանանք`եթե թուրքն ու ադրբեջանցին ունեն փող ու նավթ, ապա մենք էլ ունենք միտքը, և հիմա ճիշտ ժամանակն է, որ միլիոնատերների քսակը այդ միտքը ֆինանսավորի։ Մեր ինժեներները, ըստ դերասանի, հազար ու մի մտքեր ուներ` «Բայրաթքարների» դեմ ինչ–որ մեխանիզմներ և այլն, և հիմա պետք է կյանքի կոչենք այն, ինչի մասին ժամանակին խոսում էր առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է ՈՄԱ հաճախող տղաների տրամադրվածությանը, ապա Հայկը վստահեցնում է, որ բոլորը մտածում են` ոչ թե հաղթելու ենք, այլ ջարդելու, «ցխելու». թշնամին պետք է ստանա այն, ինչին արժանի է։ ՈՄԱ–ում կան նաև հրաշալի կանայք, որ անգամ մյուսներին են ոգևորում, թե լավ է լինելու։ Հայկը պատմում է, որ 20 տարեկան տղաներ կան, ուզում է մոտենալ նրանց ու ասել` հրամանատար ջան, ասա` ինչ անեմ։ Նա հույս ունի, որ քաղաքական ու դիվանագիտական դաշտում էլ առյուծներ կունենանք...

Ի դեպ, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայկը գնում էր ճանապարհելու առաջնագիծ մեկնող հերթական ընկերոջը, նրան «դուխ տալու», թեև դերասանը վստահեցնում է` մեկնողներից որևէ մեկի մոտ խուճապ չկա։

«Բոլորը զինվոր են դարձել, մոբիլիզացվել են այս օրերին։ Սփյուռքը նույնպես մեզ հետ է։ Բոլոր ֆրոնտերում պետք է լինեն հերոսական կռիվներ տանենք։ Հասկանո՞ւմ ենք` ունենք հերոս, որ 50 հոգու կյանք է փրկել կրակոցների տակ. մեկ ադրբեջանցի կա՞, որ նման բան կանի։ Ճակատագիրը մեզ չի ների, եթե արժանի չլինենք այս տղաներին»,–նշեց Հայկը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ամեն առավոտ պետք է արթնանալ ու զգալ` ինչքան ուժեղ ենք. ճիշտ է` ծանր գնով, բայց մեծ հաղթանակ ենք տոնելու։

Ամուսինը Տող գյուղի հրամանատարն էր, հիմա էլ 3 որդիներն են առաջնագծում. տեսանյութ

472
թեգերը:
Հայկ Պետրոսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Մեծ ոգևորությամբ իմ տղերքի հետ սպանել ենք հակառակորդին. նորօրյա հերոսը
«Փողով եկել են, փողով էլ կկոտորվեն». կամավորները` իրենց ու վարձկանների տարբերության մասին
Հայոց պետականության պաշտպանները. առյուծ տղաների պայծառ լուսանկարներն առաջնագծից
Ալեքսանդր Շալենգերգ

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

437
(Թարմացված է 22:29 03.12.2020)
Ավստրիացի նախարարի խոսքով՝ լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից, սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին արագ բռնկվել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան։

«Լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից։ Սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է, հակամարտությունը կարող է կրկին շատ արագ բռնկվել, դրա համար միայն մեկ կայծ է պետք։ Մեզ համար դա նշանակում է, որ նախևառաջ պետք է ձգտել կայունացնել իրադրությունը տեղերում, խաղաղ բնակիչների տառապանքը պետք է դադարի, իսկ կրոնական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել», - հայտարարել է Շալենբերգը:

Մյուս կողմից, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է միջազգային հստակ շրջանակ, այսինքն` վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միայն այդպես կարելի է հասնել երկարաժամկետ ժամանակացույց կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

 

437
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Արա Այվազյան

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

244
(Թարմացված է 22:03 03.12.2020)
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

244
թեգերը:
Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Արգիշտի Մեխակյան

«Իմ քայլի» պատգամավորներից ևս մեկը հրաժարվեց մանդատից

232
(Թարմացված է 00:39 04.12.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարված իմ քայլականների թիվն ավելացավ ևս մեկով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Նա համարում է, որ այն, ինչ պատահեց Արցախի հետ, նախևառաջ իր անձնական և ընտանեկան ողբերգությունն է։

«Ինչպես յուրաքանչյուր հայ, ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մեխակյանը միաժամանակ հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե որ ոլորտում գործունեություն կծավալի և որտեղ նպատակահարմար կհամարի:

«Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»,– նշել է նա։

Մեխակյանը գրառման վերջում ավելացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրում` որպես մարզպետի տեղակալ։

Նշենք, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք` մանդատից հրաժարվելու որոշման մասին նոյեմբերի 16–ին հայտնել էին նաև «Իմ քայլի» պատգամավորներ Գայանե Աբրահամյանն ու Լուսինե Բադալյանը։ Վերջինս, սակայն, ավելի ուշ հայտարարեց, որ դեռ մանդատը վայր չի դնում, որովհետև անելիքներ կան։

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող խմբակցությունից: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանն էլ դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից և ԱԺ–ում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր։

232
թեգերը:
Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից
Եռակողմ համաձայնագիրը դատափետողները չեն ասում` առաջարկո՞ւմ են հրաժարվել դրանից. Փաշինյան