ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ–ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 3-ին` ժամը 11:00-ին, Գյումրիում մեկնարկել է ֆլեշմոբ-քայլերթ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նախաձեռնության համահեղինակ իրավաբան Կարապետ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ու դերասան Մկրտիչ Վարդանյանը պատրաստվում են անցնել այն ճանապարհով, որով Փաշինյանը երեք տարի առաջ Գյումրիից եկել է Երևան, հասնել մայրաքաղաք ու խորհրդանշական իրեր փոխանցել ՀՀ վարչապետին։
Նշենք, որ քայլերթից առաջ Պողոսյանն ու Վարդանյանը խորհրդանշական ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը խորհրդանշող պայուսակից հանելով իրեր՝ փուչիկ, ծաղրածուի և բժշկական դիմակներ, կախարդական փայտիկ, նոթբուք, ելակ, նուռ, Հայաստանի քարտեզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարը։ Նրանք վստահեցրին, որ հենց այս ամենն էր Փաշինյանն իր հետ բերել Երևան։
Ֆլեշմոբի մասնակիցները նշեցին, որ այդ ամենից բացի, իրենք այլ իրեր էլ են տանելու Փաշինյանին` պարան, օճառ, մարզական կոշիկներ, հերոս տղաների շիրիմների լուսանկարը և այլն:
Մի շարք քաղաքացիներ էլ առաջարկել են պայուսակում ավելացնել նաև 2020 թվականին իմքայլականների նախաձեռնված «Սահմանադրական» հանրաքվեի «Այո» քարոզչության բուկլետը, «Հպարտ քաղաքացու անձնագիրը», Շուշիի տան բանալիներ և այլն։
«Հենց նույն ճանապարհով, որով 2018 թվականին Փաշինյանը Գյումրիից շարժվել է Երևան, մենք ենք անցնելու, լինելու ենք նույն բնակավայրերում, փորձելու ենք հասկանալ մարդկանց դիրքորոշումը, լսել նրանց կարծիքները։ Ամենայն հավանականությամբ, արդեն ուրբաթ օրը ճամպրուկը կհասցնենք կառավարություն», - ասաց Կարապետ Պողոսյանը` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրանք արդեն հասել են Սպիտակ։



