ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի- Sputnik. Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարողացել կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը, և որ իբր առանց Թուրքիայի, խնդիրը հնարավոր չէ լուծել:
«Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի, հումանիտար զինադադարի մասին պահպանվում են։ Ցավոք, դրանք խախտվում են կողմերի կողմից»,-ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունները։
Խոսելով կարգավորման առկա ձևաչափում երրորդ երկրների մասնակցության մասին` Պեսկովն ասել է, որ այդ խնդիրն ամբողջությամբ կախված է հակամարտության մասնակիցների քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները երկուսն են ՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»,-ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։
Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։
Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:
Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։