Արխիվային լուսանկար

«Իսկական գազաններ են»․ վարձկանների չստացված «արձակուրդը» Ղարաբաղում 

3679
(Թարմացված է 01:29 20.10.2020)
Նույնիսկ յուրայիններն են այդ խմբավորման ներկայացուցիչներին համարում «գազաններ», որոնք ունակ են ցանկացած վայրագության խաղաղ բնակչության հանդեպ։ Սակայն Ղարաբաղում նրանց «վճարովի» արձակուրդը ակնհայտորեն ձախողվեց։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Մոլեռանդ, մինչև ատամները զինված, մոտիվացված ու պատրաստված. այն, որ սիրիացի գրոհայինները մասնակցում են ղարաբաղյան նոր պատերազմին, միանգամից հաստատեցին բարձրաստիճան մի քանի աղբյուրներ։ Օրերս ամերիկյան The Wall Street Journal-ը հայտնել է, որ ծայրահեղականներին մոտ հարյուր մարդուց բաղկացած խմբերով են հակամարտության գոտի տեղափոխում։ Լավ են վճարում։ ՌԻԱ Նովոստիի վերլուծաբան Անդրեյ Կոցը փորձել է հասկանալ՝ ինչպես է ամեն ինչ կազմակերպված ու ովքեր են այդ մարդիկ։

Արաբներ տեսանյութներում

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հազարավոր ծայրահեղականներ են գործում։ Նրանք ՌԴ-ում արգելված «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ու մի քանի քրդական խմբավոորւմների գրոհայիններն են։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ 300 ծայրահեղականի Սիրիայից Բաքու են ուղարկել թուրքական Գազիանթեփով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել, ընդգծելով, որ իր բանակը վարձկանների ծառայություններից չի օգտվում։ Սակայն համացանցում հայտնված բազում տեսանյութերը այլ բանի մասին են վկայում։

Ադրբեջանցի զինվորականներն իրենց դիրքերից տեսանյութեր չեն հրապարակում, սակայն սիրիացի գրոհայինները համեստություն չեն անում։ Տեսանյութերից մեկի հեղինակը քայլում է բլրի մոտով՝ հայ զինվորների դիերի կողքով ու մաքուր արաբերենով նրանց «խոզ» է անվանում՝ պարբերաբար «Ալլահ ակբար» գոչելով։

Մեկ այլ տեսանյութում տարբեր տեսակի հագուստներով գրոհայինները կրակ են վարում հրաձգային զենքից ու խոշոր տրամաչափի գնացրից, որը տեղադրված է ավտոմեքենայի բեռնախցիկում։ Գանթրաքը սիրիացի ահաբեկիչների սիրելի զենքն է։ Նրանց ազգային պատկանելիության վերաբերյալ կասկածները վերանում են նաև արաբերեն հստակորեն հնչող հրամանների պատճառով։

«Լեռնային Ղարաբաղում մինչև հինգ հազար գրոհային է գործում, - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է միջազգային հարաբերությունների ոլորտի լրագրող ու Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Աբաս Ջուման, - հիմնականում այսպես կոչված Սիրիական ազգային բանակից (ՍԱԲ), որը տեղակայված է Իդլիբում։ Դա բավականին խառը կազմակերպություն է, որը կազմված է տարբեր խմբավորումներից։ Օրինակ, այդտեղ կա «Ալ Համզայի» դիվիզիա»։ Հենց այդ խմբավորման գրոհայիններն են եղել առաջին տեսանյութում, որը հավաստի ապացուցում է, որ նրանց մասնակցում են ղարաբաղյան հակամարտությանը։ Այնտեղ նրանք ուղղակիորեն նշում էին, որ խմբավորմանն են պատկանում ու կոչ են անում «գործընկերներին» Ադրբեջան գալ։ Մասնագետները պարզել են նկարահանման վայրը՝ Հորադիզ։

Փորձագետը վստահ է, որ «Ալ Համզայի» գրոհայինները Լեռնային Ղարաբաղ են եկել Լիբիայից, որտեղ նրանք կռվում էին մարշալ Խալիֆ Խաֆթարի բանակի դեմ՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Անցումային ազգային խորհրդի կողմից։ Նրանց Ադրբեջան են հասցրել թուրքական տրանսպորտային միջոցներով։ Մարտերի վայր մեքենայով են հասել։ Հայկական կողմի տվյալներով՝  անմիջապես մարտական գործողություններին մասնակցում են մոտ երկու հազար գրոհային։ Ծայրահեղականների դիակների բացակայությունը Երևանն ու Ստեփանակերտը պարզաբանում են այն հանգամանքով, որ նրանք արագ հավաքում են մարտի դաշտից իրենց սպանվածներին ու վիրավորներին։

Անցյալ շաբաթ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, հղում անելով «Մարդու իրավունքների սիրիական դիտակետին», հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մոտ հարյուր «բերված» վարձկանի են վերացրել։

Գրոհայինների վերնախավը

«Ալ Համզա» դիվիզիան» ՍԱԲ-ի ամենամարտունակ խմբավորումներից է։ Դրա գրոհայինները 2013 թվականից անդադար կռվում են։ Ձևավորման պահից խմբավորումն օգտվել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի ակտիվ ֆինանսավորումից։ Մասնավորապես՝ «Ալ Համզայի» զինանոցը Սիրիայում ունի ամերիկյան բազում BGN-71 TOW հակատանկային հրթիռային համալիրներ։ Խմբավորումը գլխավորում է MIT թուրքական հետախուզության սպա Սեյֆ Աբու Բաքրը, որը տարիներ շարունակ «Իսլամական պետությունում» Անկարայի գաղտնի գործակալն էր։

Թուրքիան ակտիվորեն օգտվել է «Ալ Համզայի» ու ՍԱԲ-ի այլ խմբավորումների ծառայություններից Սիրիայում։ «Եփրատի վահան» գործողության ժամանակ 2016 թվականի օգոստոսին «դիվիզիայի» գրոհայինները առաջիններից էին, ովքեր մտան երկրի հյուսիսում գտվող Ջերաբուլուս ու Կարկամիշ։ 2018 թվականին «Ալ Համզան» մասնակցել է «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում թուրքական ներխուժմանը Աֆրին։ 2019-2020 թվականներին աջակցել է Անկարայի համակարգողներին Իդլիբի վրա գրոհելիս։

«Ալ Համզան» վարժական ճամբարների ճյուղավորված ցանց ունի, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով։ Հրամանատարական կազմը սովորում է երկու լիարժեք ակադեմիաներում։ Նյութական ապահովումն էլ է բարձր մակարդակի վրա․ նախորդ տարի նրանք հայտարարել են, որ Իդլիբում սկսում են սեփական մշակման զրահամեքենաներ արտադրել։ Նույնիսկ ՍԱՆ-ի համախոհները համարում են նրանց «գազաններ», որոնք ունակ են ցանկացած վայրագության խաղաղ բնակչության նկատմամբ։

«Թնդանոթի միս»

«Այդ խմբավորումը ՍԱԲ-ի ամենամարտունակներից է, - ընդգծում է Աբաս Ջուման, - Ղարաբաղյան «գործուղման» համար ընտրել են ամենաշատ փորձ ունեցող գրոհայինների։ Ղարաբաղն իրենց համար ավելի գայթակղիչ է, քան Սիրիան ու Լիբիան․ ավելի շատ են վճարում, պայմաններն էլ այդքան ծանր չեն։ Շատերն ընկալում են այդ պատերազմը որպես «վճարովի արձակուրդ»։ ՍԱԲ-ի գրոհայիններն ընդհանոր առմամբ ու «Ալ Համզան» մասնավորապես, հիանալի զինված են ու թուրք հրահանգիչների կողմից վարժեցված»։

Ադրբեջանը վարձկաններին ստիպել է ռազմական գործողություններ ձեռնարկել Հորադիզի շրջանում

Փորձագետը խոստովանում է, որ Ադրբեջանը քանակային ու տեխնոլոգիական առավելություն ունի Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ։ Բաքուն հենց դրա վրա է շեշտը դնում, երբ ժխտում է համագործակցությունը գրոհայինների հետ․ «Ինչի՞ համար են մեզ պետք գրոհայինները, եթե մենք մեր լավ բանակն ունենք»։ Սակայն սիրիացիները մեծ մարտական փորձ ունեն։ Նրանք ավանգարդում են, բարդ խնդիրներ են լուծում, կեղտոտ աշխատանքն են անում։ Ըստ էության, նրանց օգտագործում են որպես «թնդանոթային միս», որն ափսոս չէ։ Բնակչության համար «բերված» գրոհայինների մահը, որոնք Ադրբեջանի հետ կապ չունեն, ոչինչ չի նշանակում՝ ի տարբերություն կանոնավոր բանակի զինվորների դագաղների շարասյուների։

Բայց նույնիսկ այդ փորձառու մարդասպանների համար պատերազմը Լեռնային Ղարաբաղում թեթև զբոսանք չէր։ The Wall Street Journal-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ սիրիացի գրոհայինների կորուստները շատ արագ են աճում, ու մոտ 200 ծայրահեղական արդեն ուզում է տուն վերադառնալ։ Ամենայն հավանականությամբ՝ «վճարովի արձակուրդը» ձախողվեց։

Պատասխան մեղադրանքներ

Ադրբեջանական իշխանություններն ու Թուրքիան կտրականապես հերքում են, որ արտասահմանցի վարձկանները մասնակցում են մարտական գործողություններին Բաքվի կողմից, ու իրենց հերթին մեղադրում են Երևանին գրոհայինների ներգրավելու մեջ։ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կիլիչը դեռ հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում հայտարարել էր, որ հայերի կողմից իրաքյան քրդեր են կռվում։

«Հարավային Կովկասում մարտերի գոտում կան վարձկաններ ու ահաբեկիչներ, նրանք կռվում են Հայաստանի ԶՈւ կողմից, - մեջբերում է դիվանագետի խոսքերը «Անադոլու» գործակալությունը, - խոսքը «Քրդական աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության մասին է։ Կան հստակ ապացույցներ, որ ՔԱԿ ահաբեկիչները Իրաքի հյուսիսից Հայաստան են տեղափոխվել»։

Դեսպանը հերյուրանք է անվանել տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից գրոհայինների է տեղափոխում Ադրբեջան։ «Անկարան վարձկանների չի ուղարկում հակամարտության գոտի ու չի ֆինանսավորում նրանց», - ընդգծել է դիվանագետը։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ որսացել է Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններին մասնակցած վարձկանների խոսակցությունը։ Գերատեսչությունում պնդում էին, որ ռադիոեթերում շփվում էին «ահաբեկիչներ, որոնք կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ»։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին կտրականապես հերքել է մեղադրանքները, ընդգծելով, որ իր երկրում ապրում են եզդիներ և քրդեր, բայց նրանք ՀՀ քաղաքացիներ են։

3679
թեգերը:
Սիրիա, Թուրքիա, վարձկաններ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2213)
Ըստ թեմայի
Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը
Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար
Արցախի սահմանին սպանված վարձկանների մարմինները թուրքական դիահերձարաններում են մնում
Ալեքսանդր Շալենգերգ

Ղարաբաղում պատերազմը կարող է շատ արագ նորից բռնկվել, եթե...

480
(Թարմացված է 22:29 03.12.2020)
Ավստրիացի նախարարի խոսքով՝ լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից, սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԵԱՀԿ նախարարների խորհրդի լիագումար նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կրկին արագ բռնկվել, եթե կողմերը բանակցությունների սեղանի շուրջ չվերադառնան։

«Լավ է, որ զենքը վերջապես լռել է, հակամարտության կողմերը հրաժարվել են զինված հակամարտության տրամաբանությունից։ Սակայն չի կարելի միամտություն դրսևորել և համարել, որ դրանով ամեն ինչ որոշված է, հակամարտությունը կարող է կրկին շատ արագ բռնկվել, դրա համար միայն մեկ կայծ է պետք։ Մեզ համար դա նշանակում է, որ նախևառաջ պետք է ձգտել կայունացնել իրադրությունը տեղերում, խաղաղ բնակիչների տառապանքը պետք է դադարի, իսկ կրոնական և մշակութային ժառանգությունը տարածաշրջանում անհրաժեշտ է պաշտպանել», - հայտարարել է Շալենբերգը:

Մյուս կողմից, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է միջազգային հստակ շրջանակ, այսինքն` վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների սեղանի շուրջ:

«Միայն այդպես կարելի է հասնել երկարաժամկետ ժամանակացույց կազմել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար», - հավելել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց

 

480
թեգերը:
Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
ԵԱՀԿ ՄԽ–ն հորդորում է բոլոր վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից
Հայաստանը մեզ չի խնդրում ճանաչել Ղարաբաղը. Ֆրանսիայի արտգործնախարար
Արա Այվազյան

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

254
(Թարմացված է 22:03 03.12.2020)
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարարն անդրադարձել է ԼՂ հակամարտության հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, թե ինչ է պետք անել Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության համաձայն` Այվազյանը 4 քայլ է նշել.

  • Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,
  • Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,
  • վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,
  • Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

«Իսկ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ և անվերապահ փոխանակումը, աճյունների վերադարձը պետք է իրականացվեն առանց որևէ հապաղման: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի հանգեցնում ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորմանը: Միայն քաղաքական և բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»,–ասել է Այվազյանը։

Նրա խոսքով` այդ նպատակին հասնելու համար Թուրքիան պետք է հրաժարվի իր ապակայունացնող քաղաքականությունից և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը։ Այվազյանը նշել է, որ դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ այսօր ավելի վաղ արված հայտարարությունը, որը ևս մեկ անգամ ի ցույց է նրանց միասնականությունը և հաստատակամությունը հակամարտության՝ բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղ կարգավորման գործում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան–Իվ լը Դրիանը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել`նշելով, որ բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։

Բացի այդ, նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:

Վարձկաններին դուրս բերելու համար ԵԱՀԿ երկրները պետք է ազդեն Թուրքիայի վրա. Այվազյան

254
թեգերը:
Արա Այվազյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայի խորհրդարանը Ղարաբաղը ճանաչելու կոչով բանաձև ընդունեց
ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է կարևոր դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
Լավրովը ԵԱՀԿ-ին հորդորել է ակտիվություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում
Յուրի Պատրիկեևը

Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի. ինչու է «կուբանցի հայ» Յուրի Պատրիկեևը վերադարձել Հայաստան

0
(Թարմացված է 19:07 03.12.2020)
2004 թվականից մինչև Լոնդոնի օլիմպիադայի ավարտը` 2012թ.-ը, Յուրի Պատրիկեևը պատվով էր կրում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը` նվաճելով բազմաթիվ տիտղոսներ և մեդալներ։ Ռուս մարզիկը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է որոշել վերադառնալ Հայաստան և մեծ սպորտ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիր  Յուրի Պատրիկեևը, չնայած սպորտի համար պատկառելի տարիքին (նա 41 տարեկան է) որոշել է, Հայաստան վերադառնալով, վերադառնալ նաև մեծ սպորտ։

 Այս օրերին նա Հայաստանի հավաքականի հետ մարզումներ է անցկացնում` նախապատրաստվելով գալիք մրցաշարերին։ 41-ամյա հսկան փորձելու է ևս մեկ անգամ դուրս գալ մրցագորգ, բայց փոխելու է ոճը։ Պատրիկեևի պլանների մեջ է այժմ ազատ ոճի ըմբշամարտը։

Бронзовый призер пекинской Олимпиады Юрий Патрикеев на пьедестале почета
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

Երբ Յուրային տեսա օլիմպիավանում մարզվելիս` մի փոքր զարմացա։ Զարմանքս ավելի մեծացավ, երբ զրուցեցի օլիմպիական բրոնզե մեդալակրի հետ։

«Հայաստանում իմ մարզիչ Սամվել Գևորգյանը զանգեց ու ասեց. ««Բրատիկ» դու հիմա Հայաստանից որպես օլիմպիական խաղերի մրցանակակիր թոշակ ես ստանալու, արի այդ հարցը կարգավորի, համ էլ կարո՞ղ է վերադառնաս մեծ սպորտ»։ Եկա Հայաստան սեպտեմբերի վերջին։ Մի քանի օր անց սկսվեց պատերազմն Արցախում։ Չվերթս դեպի Կրասնոդար չեղարկեցին, ես էլ որոշեցի մարզվեմ։ Ու այդպես էլ շարունակվում է մինչև օրս»,- պատմում  է Պատրիկեևը։

Հայաստանն իմ տունն է

Վերհիշելով անցած ճանապարհը սպորտում` Պատրիկեևը մեծ սիրով է արտահայտվում Հայաստանի ու հայերի մասին։ «Այս երկիրն ինձ ընդունեց, ապահովեց ամեն ինչով, տվեց մարզվելու բոլոր հնարավորությունները, և ես կարողացա մասնակցել բոլոր կարգի մրցաշարերին։ Ոչ ղեկավարության, ոչ էլ մյուսների հետ երբեք խնդիր չեմ ունեցել։ Ես կրասնոդարցի եմ ու այնտեղ տուն ունեմ, բայց Հայաստանն էլ է իմ տունը», - ասում է Յուրան։ Նա պատմում է, որ Կրասնոդարում ապրող շատ հայերի է ճանաչում ու շփումը հայերի հետ սովորական է նրա համար։

Հայաստանում գտնվելու տարիներին ռուս ըմբշամարտիկը, շփվելով հայերի հետ, նկատել է երևույթներ, որոնք ուրիշ տեղ չի տեսել։ «Հայի հյուրասիրությունը ոչ մի տեղ չկա։ Իհարկե, բոլոր ազգերն էլ հյուրերին ընդունելու իրենց ձևերն ունեն, բայց Հայաստանում դա մի ուրիշ երևույթ է։ Անծանոթ մարդն անմիջապես վերածվում է հարազատի, ու հայը նրան հյուրասիրելու համար անում է նույնիսկ անհնարինը։ Շփման մեջ էլ հայերն անում են ամեն բան մարդուն օգնելու համար»,- հիշում է Պատրիկեևը։

Նա ժպիտով հավելում է, որ երբեք չի մոռանա ջերմությամբ լի այն տարիները, որոնք անցկացրել է Երևանում և Հայաստանում ընդհանրապես։

Ճշմարտության կողմնակից մարզիկները

Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելուց հետո Պատրիկեևը ավարտեց մարզական կարիերան և փորձեց զբաղվել բիզնեսով։ «Բայց մենք` մարզիկներս, սիրում ենք ճիշտը, արդարը։ Իսկ բիզնեսում դրանք պահելը միշտ չէ, որ ստացվում է»,- ասում է Պատրիկեևը։ Նա թողում է բիզնեսն ու սկսում մարզիչ աշխատել, ընդ որում մարզում էր ինչպես ազատ ոճի ըմբիշներին, այնպես էլ MMA-ի մարզիկներին։

Երիտասարդ հայ բռնցաքամարտիկները Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալով կվերադառնան

«Այդ ժամանակ ինձ առաջարկեցին ղեկավարել մարզադպրոց, առաջարկում էին այլ պաշտոններ։ Չէի համաձայնում, որովհետև ինձ առանց գորգի չեմ պատկերացնում»,–պատմում է նա ու հավելում, որ նորից սպորտում և սպորտի հետ է։

Վերադարձը Հայաստան

2004-2012թթ., Պատրիկեևը Հայաստանի հավաքականի ըմբիշ էր և հիմա էլ սպորտ վերադառնալու համար ընտրել է Հայաստանը։

Юрий Патрикеев и Мияин Лопес
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

«Անկեղծ ասած ուրիշ երկրում ես չէի կարող նորից վերսկսել մարզվել։ Հիմա մտածում եմ ազատ ոճի ըմբշամարտում ուժերս փորձելու մասին, եթե չստացվի միգուցե իմ փորձը պետք գա հայ ըմբիշներին, ու այդ դեպքում ուրախ կլինեմ նրանց օգտակար լինելու համար։ Հիմա մարզվում եմ հունահռոմեականների հետ, օգնում եմ Դավիթ Օվասապյանին։ Բայց ուժերս փորձելու եմ ազատ ոճի ըմբշամարտում»,- ասում է Յուրան։ Նա հավելում է, որ այս պահին հայ մարզիկներին նաև հոգեբանական աջակցություն է հարկավոր։

Անհնարին ոչինչ չկա

40 տարեկանից հետո թվում է` դժվար է մեծ հաղթանակների հասնել, բայց «կուբանցի հայ» ըմբիշն օրինակ ունի, որին ուզում է հետևել։ «Ռուս ըմբիշ Անատոլի Ռոշչինը 40 տարեկան հասակում` 1972 թվականին, դարձավ օլիմպիական չեմպիոն։ Այսինքն` հնարավոր է նույնիսկ այդ տարիքում պատմական արդյունքի հասնել»,- մրցագորգ վերադառնալն այսպես է մեկնաբանում Պատրիկեևը։ Նա ասում է, որ իրեն կփորձի ինչ-որ մրցման ժամանակ, հետո արդեն կհասկանա` արդյո՞ք կարող է կրկնել ռուս ըմբիշի մարզական սխրանքը։

Հայաստանի Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասում է` եթե ըմբիշը գորգի վրա հաղթանակներ է տանում, ի՞նչ նշանակություն ունի, թե նա քանի տարեկան է։

«Մեր հավաքականում գերծանր քաշային կարգում ունենք Լևան Բերիանիձեին, որն աշխարհի առաջնության մրցանակակիր է։ Եթե Պատրիկեևը ապացուցի, որ ինքն ավելի ուժեղ է ու ավելի լավ է պատրաստված, այդ դեպքում նա կարող է հավաքականի մասին մտածել»,–ասում է մարզիչն ու խոստանում, որ Յուրային հնարավորություն կտան իրեն դրսևորելու հունվարին կայանալիք մրցաշարերից մեկում, հետո արդեն հետևություն կանեն։

Պատրիկեևը պետք է բոլորիս

Հունահռոմեական ոճի ըմբաշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանն էլ իր հերթին ընդգծում է, որ գերծանր քաշային կարգում միշտ էլ սպարինգների (նույն քաշային կարգի մարզիկ, որի հետ անընդհատ մարզվում են ու գոտեմարտ անցկացնում նախապատրաստվելու համար) խնդիր է եղել,և Յուրայի ներկայությունն արդեն վստահություն է հաղորդում մյուսներին։ Բացի այդ նա իր խորհուրդներով անգնահատելի օգուտ կարող է տալ ամենահեղինակավոր քաշային կարգում ելույթ ունեցող Դավիթ Օվասապյանին։ «Չգիտեմ, թե ինչպես կլինի մարզիկի կարիերան վերսկսելու հետ կապված նրա ցանկությունը, բայց որ նա շատ պետք է մեր հավաքականին` դա փաստ է»,- ասեց նա։

Юрий Патрикеев
© Photo : provided by Yuri Patrikeev
Յուրի Պատրիկեևը

Ներկայումս Պատրիկեևը ակտիվ կերպով մարզվում է մեր հավաքականների հետ։ Ինչպես ինքն է ասում` կարգի է բերում իր մարզավիճակը։ Իսկ հունվարին նա առաջին անգամ ուժերն է փորձելու ազատ ոճի ըմբշամարտում։ Մեծ ըմբիշը մեծ նպատակներ ունի։ Սպասենք իրագործելուն։

0
թեգերը:
Հայաստան, ռուս, Յուրի Պատրիկեև, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ
Ըստ թեմայի
Ինչպես էր Մարադոնան պարում հայկական երաժշտության ներքո ու խմում մեր հավաքականի կենացը
Թուրքեր և ադրբեջանցիներ չկան. ինչու է մեր հավաքականը Կիպրոսն ընտրել որպես «սեփական հարկ»
Մարտի դաշտում մենք չենք պարտվել. ինչպես ֆուտբոլիստ խաղընկերները դարձան մարտական ընկերներ