Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև. արխիվային լուսանկար

Փաշինյանը ներկայացրել է Արցախյան հարցում Հայաստանի համար կարմիր գծերը

2585
(Թարմացված է 19:30 15.10.2020)
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկն արդեն խախտվել է։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` Երևանի համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։
«Միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ ամենահայտնին Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը չէր ուզում ու չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը»,– հայտարարել է նա։

ՀՀ վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար զինադադարի համաձայնագիրը։ Դրանք, նրա խոսքով, հանրահայտ սկզբունքներ են` ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառում, ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն։

«Հարցը նրանում է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերից յուրաքանչյուրը։ Բանն այն է, որ բանակցային պրոցեսի ընթացքում պարզվեց, որ կողմերը դրանք տարբեր կերպ են մեկնաբանում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ղարաբաղյան հարցի լուծման համար ամենաառանցքային սկզբունքն արդեն խախտված է։ Դա ուժի չկիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքն է»,– ասել է Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը, Փաշինյանն ասել է, որ մոսկովյան համաձայնագրում հստակ քննարկվել ու արձանագրվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացի վերականգնման համար։ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել ադ քայլերը` ԼՂ խնդրի լուծման համար։

«Մենք պատրաստ են այնպիսի համարժեք փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը»,– ընդգծել է Փաշինյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

2585
թեգերը:
Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (384)
Ըստ թեմայի
Թուրքական F-16-ները փոխել են մարտավարությունը, գործի են դրվել նաև ԱԹՍ–ները. Մովսեսյան
18 օրում խոցվել է հակառակորդի 180 օդային հարձակման միջոց. Մովսեսյան
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ. ՄԻՊ
Մինսկի խմբի համանախագահները, Անջեյ Կասպրշիկն ու Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում՝ հոկտեմբերի 13-ին

Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը կշարունակվի Ժնևում

384
(Թարմացված է 00:22 26.10.2020)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել։ Ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել։

Մասնավորապես, նշվում է, որ հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր կետերի իրականացման ուղղությամբ ՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Նշել են, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները վերահաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաեւ կողմերին հիշեցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի համատեղ հայտարարության մասին: Պոմպեոն, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ։

Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի հաստատումը, ինչպես նաև հրադադարի դիտարկման հնարավոր մեխանիզմները և այլն։ Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին։ Հանդիպման նպատակն է քննարկել, պայմանավորվածություն ձեռք բերել և սկսել իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կարգավորմանը պետք է հասնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան:

384
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Ալիևի խոսքերը նման են բառախաղի. վարչապետի խոսնակը` Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին
ՀՀ-ի համար ընդունելի փոխզիջումը հաջորդ պահից Բաքվի համար անընդունելի է դառնում. վարչապետ
Մնացականյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել
ՀՀ ԱԳՆ

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի մի քանի ժամից. ԱԳՆ

836
(Թարմացված է 00:28 26.10.2020)
Հանդիպման ավարտին եռակողմ հայտարարություն է տարածվել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հումանիտար հրադադարի հաստատման նոր ժամկետի մասին են պայմանավորվել։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հաղորդմամբ՝ հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը` կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության»,- նշված է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համատեղ հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգները խթանել են ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 27-ի՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից հետո սա հրադադարի երրորդ փորձն է։

Հումանիտար հրադադարի վերաբերյալ առաջին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը ձեռք էին բերել հոկտեմբերի 10–ին Մոսկվայում։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո, սակայն, Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս անգամ պայմանավորվածությունը Ֆրանսիայի միջնորդությամբ էր եղել։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

 

836
թեգերը:
ԱՄՆ, հրադադար, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Քննարկվում են հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ի՞նչ կկարողանա անել ԱՄՆ–ն հրադադարի հարցում. Սարգսյանը` Մնացականյանի ամերիկյան այցի մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Ղարաբաղում նոր հրադադարի ժամկետի մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիան

Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին

0
(Թարմացված է 00:45 26.10.2020)
Մակրոնը կարծում է, որ «իսլամը պետք է ազատել օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է իսլամական որոշ պետությունների այն կոչերին, թե պետք է բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։ Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունն այդպիսի կոչերն անվանել է անմարդկային և ընդգծել, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել նման գործողությունները:

«Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում վերջին օրերին կոչեր են հնչել բոյկոտելու ֆրանսիական արտադրանքը, հատկապես՝ ագրոպարենային ապրանքները, ինչպես նաեւ ավելի ընդհանուր կոչեր են հնչել՝ ցույցեր անցկացնել Ֆրանսիայի դեմ։ Դրանք ատելության արտահայտություններով են ուղեկցվում և հրապարակվում են սոցիալական ցանցերում», — նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է վերջ տալ «ծայրահեղական փոքրամասնության կողմից օգտագործվող» եւ Փարիզի դեմ ուղղված հարձակումներին:

Դեկտեմբերին Ֆրանսիայում կներկայացվի օրինագիծ, որն ուղղված է անջատողականության դեմ պայքարին։ Նախագահ Էմանուել Մակրոնը, հայտարարելով նախաձեռնության նախապատրաստման մասին, խոսել է երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցելու մտադրության մասին: Նրա խոսքով՝ այդ կրոնը պետք է ազատել «օտարերկրյա ազդեցությունից եւ ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը»:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը, նրան խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության կորուստ ունի։

0
թեգերը:
բոյկոտ, իսլամ, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին