Արծրուն Հովհաննիսյան

Առաջնագծի որոշ մասերում համեմատաբար հանգիստ վիճակ է եղել. Արծրուն Հովհաննիսյան

321
(Թարմացված է 22:23 11.10.2020)
Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Առաջնագծի որոշ մասերում համեմատաբար հանգիստ վիճակ է եղել։ Տեղեկեւթյունն այսօր` հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զենքերից կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։ Մենք հստակ հայտարարել ենք, որ մինչև հրադադարի լիարժեք պահպանում չլինի, Կարմիր Խաչը չի կարողանա աշխատել, դիակները լիովին չեն կարող դուրս բերվել», – ասաց Հովհաննիսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հրադադարի հաստատումից հետո անգամ կրակ է բացել Արցախի ուղղությամբ։ Մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինչպես հրադադարից առաջ։

Հովհաննիսյանը նաև անդրադարձավ թուրքական և իսրայելական զինատեսակներին։

«Մենք հայտարարել ենք, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ և ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և ԶՈւ-ին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները», – ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

321
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Արցախ, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Ինչու է դադարեցվել դիակների փոխանակման գործընթացը. Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց
Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Արցախում իսրայելական ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանն ապացույցներ է ներկայացրել
Արցախ

Ադամ Շիֆը կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը

129
(Թարմացված է 00:39 24.10.2020)
ԱՄՆ կոնգրեսականի խոսքով` Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրա հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես կոչ է արել ԱՄՆ-ին ճանաչել Արցախի անկախ հանրապետությունը։

«Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմում են Արցախի դեմ, գնդակոծում խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները` ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի գրոհները հետ մղելիս զոհվել է ավելի քան 800 զինծառայող, ինչպես նաև տասնյակ խաղաղ բնակիչներ »,–իր կոչում նշել է Շիֆը։

Շիֆի խոսքով` ձմռան շեմին Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին ստիպված է տեղափոխվել այլ քաղաք, քնել մեքենաներում կամ բաց դաշտերում ՝ ընկնող ռումբերից հեռու։

Նա նշում է, որ չեն կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմել, ապա ԱՄՆ–ն, ԵԱՀԿ Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հստակ ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ցանկություններում հաջողության չեն հասնելու։
Ալիևին ու Էրդողանին պետք է հասկացնել, որ եթե շարունակեն պատերազմը, ապա կտեսնեն դրանց հետևանքները։ Միացյալ Նահանգները «ձեռքերը ծալած» չի նստելու։

Շիֆն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։

Ավելի վաղ` հոկտեմբերի 6-ին, Շիֆը Facebook–ի իր էջում գրել էր, որ Լոս Անջելեսը սատարում է Հայաստանի և Արցախի ժողովրդին։

Նշենք, որ Ադամ Շիֆը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ։ Նա լավ հարաբերություններ ունի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու հաճախ է մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին։

129
թեգերը:
ԱՄՆ, Ադամ Շիֆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Միլանի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հայտարարությունը կազդի՞ բանակցությունների վրա. քաղաքագետը վերլուծել է իրավիճակը

248
ՀՀ վարչապետի հայտարարությունը`այս փուլում ղարաբաղյան հարցի դիվանագիտական լուծման մասին խոսելու անիմաստության մասին, մեծ իրարանցում առաջացրեց։ Փորձել ենք հասկանալ այդ խոսքերի դեմարշի պատճառներն ու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ իրավիճակից բխող հույզերի արդյունք են։ Բանակցություններն էլ, խնդրի կարգավորման դիվանագիտական ուղիների որոնումն էլ կշարունակվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» («Россия в глобальной политике») ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում անիմաստ է խոսել ղարաբաղյան խնդրի դիվանագիտական լուծման մասին, քանի որ Բաքվի մարտավարությունն ու նպատակներն անփոփոխ են մնում՝ դա Ղարաբաղի կապիտուլյացիան է։ Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել էր, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ու Երևանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ Ռուսաստանի ջանքերը։

Լուկյանովը նշում է, որ երբ երկիրը պատերազմի մեջ է, ապա հասարակության ներքին համախմբվածության ու ճիշտ ընկալման գործոնը շատ կարևոր է։ Թե ինչպես են առաջնորդները ճիշտ արտահայտություններ գտնում՝ մի կողմից մարտական ոգին բարձր պահելու, մյուս կողմից՝ դիվանագիտական լուծմանը վնաս չտալու համար, կախված է կոնկրետ որակավորումից ու տաղանդներից։

«Իհարկե պատերազմական իրավիճակում, այն էլ այդպիսի ողբերգական նախապատմություն ունեցող պատերազմի պայմաններում, դժվար է զսպվածություն ակնկալել, հատկապես Հայաստանի վարչապետի պես քաղաքական գործչից, որը ժողովրդից է դուրս եկել։ Անկասկած դա կարող է որոշակի վնաս հասցնել արտաքին դիվանագիտությանը, բայց այնուամենայնիվ, դիվանագիտական գործընթացը միշտ էլ ծնվում է պատերազմող կողմերի ներքին իրավիճակներից։ Որոշ դեպքերում դա հուզերի արդյունք է, որոշ դեպքերում՝ բանակցությունների վրա ազդելու ու կառավարելու փորձ», - նշեց Լուկյանովը։

Հակառակորդը փոխել է մարտավարությունը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են արտաքին գործընկերները, մասնավորապես Ռուսաստանը, ընկալում այդպիսի հուզական պոռթկումները։ Նրա խոսքով` հակամարտության թեման ակտիվ քննարկվում է նաև ռուսական դիվանագիտական տիրույթում։ Որպես բանակցային գործընթացի քարշակի, Մոսկվայի հռետորաբանությունն ուղղված է դիվանագիտական լուծմանը գնալուն, և բնականաբար նման հայտարարությունները բավականին տարօրինակ դրության մեջ են դնում մարդկանց, որոնք զբաղվում են այդ լուծումների մշակմամբ։ Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետը հայտնի է կտրուկ հայտարարություններով, նրա քաղաքական խառնվածքի տեսակին արդեն ծանոթ են։

«Սակայն նա դաշնակից երկրի առաջնորդ է։ Այդ հայտարարությունը չի ազդի դիվանագիտական գործընթացի վրա։ Ընդ որում՝ պետք է հասկանալ, որ Փաշինյանն այդ խոսքերից հետո արտգործնախարարին բանակցություններից հետ չի կանչել, որևէ դեմարշ չի արել», - նշեց Լուկյանովը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում էր հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

248
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1554)
Ըստ թեմայի
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը դեռ քիչ հավանական է․ ռուս փորձագետը բացել է փակագծերը
ԱՄՆ-ն անհանգստացած է. Թուրքիայում հնարավոր ահաբեկչությունների մասին տեղեկություններ կան
Դատապարտեք Ադրբեջանի քայլերը. հայ երիտասարդներն ակցիա են արել Բեյրութում