Արցախ, արխիվային լուսանկար

Որքա՞ն կտևի պատերազմը. այսօրվա և 90-ականների մարտական գործողությունների տարբերությունը

823
(Թարմացված է 20:41 06.10.2020)
Sputnik Արմենիան փորձագետների հետ զրուցել է այսօր ընթացող և 30 տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունները հիմնական տարբերությունների մասին։

Արցախում ծավալված մարտական գործողություններն իրենց մասշտաբներով վաղուց գերազանցել են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները։ Այդ պատճառով մենք փորձեցինք դրանք համեմատել 80-ականների վերջի, 90-ականների սկզբի արցախյան պատերազմի հետ։ Այդ հարցում մեզ օգնեցին ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը և Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Հիմնական տարբերություններ

Դավիթ Հարությունովի խոսքով` հիմնական տարբերությունն այն է, որ երկու կողմերից էլ պատերազմական գործողություններում ընդգրկված են արդեն կայացած կանոնավոր բանակներ, որոնք ունեն համապատասխան կառուցվածք և որոշակի փորձ, մինչդեռ 1990-ական թվականների պատերազմում հիմնական բեռն իրենց ուսերին կրեցին կամավորական ջոկատների ազատամարտիկները, իսկ ադրբեջանական բանակն այդ ժամանակ գտնվում էր մի տեսակ քաոսային վիճակում, ԶՈւ–ն կազմավորման փուլում էր, աշխատանքները վատ էին կազմակերպվում։

«Երկրորդ տարբերությունը թերևս կիրառվող զինտեխնիկայի քանակն է, որովհետև անցած տարիների ընթացքում երկու կողմերն էլ կուտակել են լուրջ սպառազինություն։ Որակական բնորոշիչը դեռ թողնենք մի կողմ։ Դա առանձին թեմա է, քանի որ հայտնվել են սպառազինության կիրառման նոր ուղղություններ, որոնք 1990–ական թվականներին դեռ չկային։ Օրինակ` համակարգված օդուժի, ԱԹՍ–ների կիրառումը, մինչդեռ նախորդ պատերազմում ադրբեջանցիները չունեին կազմակերպված գործողությունների պլան, և նրանց հարվածները մեծամասամբ կրում էին լոկալ բնույթ, բայց հիմա նրանց ծրագրերն ըստ էության մշակել են թուրքերը»,– նշում է ռազմական փորձագետը։

Դավիթ Հարությունովն առանձնացնում է նաև ռադոտեխնիկական հետախուզության և հակազդեցության միջոցների կիրառումը, որը նույնպես կրում է շատ ավելի մեծ ծավալներ, քան 1990-ականներին էր։ Ըստ նրա` միշտ կարևորվում է հատկապես մարդկային ռեսուրսի օգտագործումը, որովհետև պատմության մեջ շատ քիչ պատերազմներ կան, որոնք ընթացել են միայն տեխնիկայի կիրառմամբ։

«Հիմա էլ ադրբեջանական կողմը ցանկանում է ճեղքել առաջնագիծը, ինչը փաստացի չի կարողանում անել, նրանց բոլոր փորձերը չեզոքացվում են։ Ադրբեջանցիների մարտավարության հիմքում դարձյալ մարդկային ռեսուրսի օգտագործումն է»,– նշում է ռազմական փորձագետը։

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նույնպես երեք հիմնական տարբերություն է առանձնացնում։ Նախ` օդուժի շատ ավելի ակտիվ կիրառում, երկրորդ`հեռահար ճշգրիտ խոցման միջոցների շատ ավելի լայն կիրառում, որոնք կողմերի զինանոցում դեռ չկային 1990-ական թվականներին, և երրորդ` անօդաչու թռչող սարքերի լայնամասշտաբ կիրառում` հետախուզություն իրականացնելու ու հարվածներ հասցնելու համար, որոնք այն տարիներին ընդհանրապես չկային։

Իսկ հետևա՞կը

Ինչ վերաբերում է հետևակին, ապա Հարությունովի կարծիքով, նրա դերն այս պատերազմում զգալի է։ Պատմության մեջ քիչ են պատերազմները, երբ ամեն ինչ որոշվել է միայն տեխնիկայի հաշվին։

«Այսօր կարելի է ասել «մեքենաների պատերազմ» է գնում։ Սակայն դրա հետ մեկտեղ Ադրբեջանի ԶՈւ–ն առաջնագիծը ճեղքելու խնդիր ունի, և այդ խնդիրը կարող է իրականացնել հենց հետևակը», – ասաց Հարությունովը։

Այլ հարց է, որ այսօր հետևազորն ու տեխնիկան լրացնում են միմյանց։ Հետևակի էական դերն ընդգծում է նաև Կարեն Վրթանեսյանը։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԶՈւ–ն մեծ քանակի տեխնիկա է կորցնում հետևակի հետ համակարգված փոխգործակցման բացակայության պատճառով։

«Ռազմական գործողություններից երևում է, որ հակառակորդը շատ զինտեխնիկա է կորցնում`չկարողանալով համակարգված ու ներդաշնակ աշխատել հետևակի հետ, ինչի հետևանքով կրում է նաև մեծ մարդկային կորուստներ։ Մեզ դա առավելություն է տալիս, որից մենք օգտվում ենք», – նշեց Վրթանեսյանը։

Որքան կտևի պատերազմը

Փորձագետների կարծիքով` սա շատ բարդ հարց է։ Ըստ Դավիթ Հարությունովի` մասնագետները դեռ նախքան մարտական գործողությունները շեշտը դնում էին այն հանգամանքի վրա, որ կողմերը երկարատև լայնամասշտաբ պատերազմ մղելու, ինտենսիվ մարտական գործողություններ իրականացնելու ռեսուրսներ չունեն։

Բայց կա նաև այլ պահ։ Հակամարտության մեջ զգացվում է երրորդ կողմի` Թուրքիայի միջամտությունը։ Չի բացառվում, որ իրենք նախապես Արևելյան Եվրոպայից և հետխորհրդային տարածքից Ադրբեջանի համար խորհրդային նմուշների սպառազինության և զինամթերքի մատակարարում են կազմակերպել։

Մեկ այլ գործոն, որից կախված է մարտական գործողությունների տևողությունը, Ադրբեջանի ռազմավարական պլանավորումն է։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ Բաքուն հենց սկզբից էլ երկարատև մարտական գործողությունների էր գնում (օրինակ` մեկ ամիս)։

«Եթե նրանք այդ ռազմավարությամբ են առաջնորդվել, կարելի է ենթադրել, որ դրա համար կոնկրետ ռեսուրսներ են նախապատրաստել։ Այս վարկածը որևէ կերպ չի հաստատվում, բայց բավականին հաճախ է հանդիպում», – ասաց Հարությունովը։

Վրթանեսյանը կարծում է, որ նման ինտենսիվությամբ մարտավարության դեպքում պատերազմական գործողությունները կարող են օրերի հարց լինել։ Միաժամանակ նա նշում է, որ գործողությունները դեռ որոշ ժամանակ կշարունակվեն, իսկ եթե լինեն կարճատև դադարներ, դրանք կօգտագործվեն նոր ռեզերվներ բերելու և ինչ–որ պահից վերստին ինտենսիվ գործողությունների անցնելու համար, եթե այդ ամենին չլինի արտաքին լուրջ միջամտություն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

823
թեգերը:
Պատերազմ, Կարեն Վրթանեսյան, Դավիթ Հարությունով (ռազմական փորձագետ), Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
Լավրովը Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի գործընկերների հետ հայտարարություն է պատրաստում Ղարաբաղի թեմայով
ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը. գլխավոր քարտուղարը` Ղարաբաղի մասին
Ադրբեջանը թիրախավորել է դպրոցներն ու մանկապարտեզները. լուսանկարներ
ԵՄ-ն համարում է, որ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի կարգավորման լավագույն մեխանիզմն է
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

19
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

19
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի պահանջներն աբսուրդային են. ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումին

29
(Թարմացված է 14:18 30.10.2020)
ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՄԻԵԴ–ը կմերժի Ադրբեջանի իրավազուրկ դիմումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը պատասխանել է Մարդու իրավունքների միջազգային դատարան Ադրբեջանի ներկայացրած դիմումին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Հոկտեմբերի 29-ին Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը` ներկայացված դիմումի վերաբերյալ։ Նախ նշեմ, որ Ադրբեջանի ներկայացրած պահանջներն աբսուրդային են, որովհետև գրեթե բոլորը, բացառությամբ առաջինի, բացարձակապես դուրս են ՄԻԵԴ–ի իրավազորությունից` զորքերի դուրս բերում, օկուպացված տարածքների վերադարձ և այլն»,– ասաց Կիրակոսյանը`կարծիք հայտնելով, որ դատարանը կմերժի Ադրբեջանի այս դիմումը։

Ինչ վերաբերում է դիմումում նշված առաջին պահանջին, Եղիշե Կիրակոսյանի խոսքով, Ադրբեջանը դրանով պահանջ է ներկայացրել հայկական կողմին` դադարեցնելու Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծությունները` Հայաստանի ու «Ադրբեջանի գրավյալ տարածքներ»–ից։

«Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկ, որևէ կրակոց չի արձակվել։ Նույնիսկ Արցախի ՊԲ իրականացրած գործողությունները մենք դիտարկում ենք կիրառելի մարդասիրական իրավունքի տրամաբանության մեջ և մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան»,– ասաց ՄԻԵԴ ներկայացուցիչը` շեշտելով, որ այս մասին Հայաստանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել ՄԻԵԴ`ի պատասխան Ադրբեջանի դիմումի։

Հայկական կողմը երկրորդ անգամ է դիմել ՄԻԵԴ` Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերիների հարցով

Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Արցախի ու Հայաստանի տարածքներում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման, միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման փաստերով հայկական կողմն առաջինն էր դիմել ՄԻԵԴ` պատերազմի առաջին իսկ օրը։ Իսկ արդեն սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումից։

Այսպիսով, այս հարցի վերաբերյալ, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ–ն իր դիրքորոշումն արդեն հայտնել է, և չի կարծում, թե նոր միջանկյալ միջոց կկիրառի հատուկ Հայաստանի նկատմամբ։

«Այս պարագայում Ադրբեջանի այդ պահանջը, կարծում եմ, պետք է մերժվի»,– ասաց Կիրակոսյանը։

Ի դեպ, ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ Հայաստանում գտնվող գերիների հարցն Ադրբեջանն իր դիմումում չի բարձրացրել։ Այն դեպքում, երբ Հայաստանից ՄԻԵԴ արդեն 20 գերու հարցով դիմում է ներկայացվել։

Հիշեցնենք` Ադրբեջանը ՄԻԵԴ–ին դիմում էր ուղղել Արցախում իր սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց` հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 28-ին ՄԻԵԴ–ը հայտնել էր, որ ընդունել է Ադրբեջանի դիմումը։ Այդ հայտարարությունից հետո, չսպասելով ՄԻԵԴ–ի որոշմանը, Հայաստանը հոկտեմբերի 29-ին ՄԻԵԴ է ուղարկել Ադրբեջանի դիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը։

29
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Ադրբեջան, Հայաստան, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1812)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ը որոշեց` Ադրբեջանը պետք է պատժի սեփական մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը. Անկարայի հիմնավորումներն անհիմն են
Հայ զինվորի գլխատման փաստը կներկայացվի ՄԻԵԴ