ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել։ Այսպես է Facebook-ի իր էջում Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը։
Ալիևը երեկ հայտարարել է, թե երբ իրենք «Հայաստանին կործանիչ հարված հասցրին, Հայաստանը վազեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...»։
Ալիևը կոչ էր արել նաև դեմ առ դեմ կռվել` տեսնելու, թե ով կհաղթի։
«Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել»,–գրել է Հասրաթյանը
Հասրաթյանը հավելել է, որ Ալիևը դա չի հիշում, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած Հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում և վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը։
«Մեր նպատակը լրիվ այլ էր». Շավարշ Քոչարյանը` ՀԱՊԿ–ին դիմել–չդիմելու մասին
«Ահա սա է, պարոն միապետ, պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ, կրկնվեց նաև քո օրոք՝ 2016թ. ապրիլին... Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել...»,–եզրափակել է Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել:
Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունը։
«Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Հավելյալ տեղեկություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Երևանը Մոսկվայի հետ քննարկում է Արցախ մեկնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների հարցը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել



