Танк  Տ-72 - памятник, ознаменующий победу в Шуши. Нагорный Карабах

Ինչպես արցախցին քաղցրավենիք ու ծխախոտ տարավ բաքվեցի գերուն, կամ պատերազմի չջնջվող հետքը

712
(Թարմացված է 23:12 09.05.2020)
Շուշի բերդաքաղաքի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ Sputnik Արմենիայի ղեկավարը պատմում է այդ բացառիկ օպերացիայի մասնակիցներից մեկի մասին։

1992 թվականի ուշ աշնանը ես գիշերեցի ավտոմոբիլային վաշտում, որը տեղակայված էր Ստեփանակերտի գնդի տարածքում։ Հաջորդ առավոտյան այստեղից դեպի Երևան շարասյուն պետք է շարժվեր։

-Ռո՞ւս ես, – հարցրեց ինձ տարօրինակ դեմքով մի մարդ։

-Այո։

-Ստյոպա կամ Ստեփանիչ, այստեղի պարենամթերքի մատակարարման ղեկավարն եմ, – ձեռքն ինձ մեկնելով` ասաց նա։  

– Դիմա։

– Որտեղի՞ց ես։

– Երևանից։ Լրագրող եմ։

– Իսկ ես Բաքվից։ Ե՛վ փականագործ եմ եղել, և՛ վարորդ, և՛ ցեխավիկ...

Այս ծանոթությունը հետագայում վերաճեց ամուր ընկերության։ Անմիջապես աչքի զարնած տարօրինակությունը վիրավորում ստանալու հետևանք էր։ Պարզվեց` Շուշիի ազատագրման հաջորդ օրը նա տեղանքի հետախուզման աշխատանքների մեջ էր ներգրավված եղել։ Նրանց խումբը մտել էր սեփական տներից մեկի բակ, և անմիջապես երկրորդ հարկի պատուհանից նրանց ուղղությամբ կրակել էր թշնամու գնդացիրը։ Փամփուշտը վնասել էր Ստյոպայի աչքը և փշուր–փշուր արել քունքոսկրը։

– Ընկնելու պահին դեմքիս մի հատվածն այրեց մեր նռնականետի «շիթը», – հիշում էր նա թեյի սեղանի շուրջ։

– Մերոնք պատասխան կրակ բացեցին հակատանկային նռնականետերից և մյուս բոլոր զենքերից։ Ինձ անմիջապես տեղափոխեցին Երևան։ Մի քանի օր կոմայի մեջ էի։ Երբ գիտակցությունս տեղը եկավ, ոչինչ չէի տեսնում։ Ինչ-որ մեկը սեղմեց ձեռքս, զգում եմ, որ հարազատ մարդ է։ Կինս էր` Սուսաննան։ Ասում է. «Ստյոպա, մենք Երևանում ենք, հիվանդանոցում»։

– Իսկ երեխաներն ո՞ւր են, – հարցնում եմ ես։

– Ծնողներիդ մոտ, Պյատիգորսկում, – պատասխանում է նա։

– Տեսնում ես, նա ամեն ինչ հաշվի էր առել։ Այս վիճակում միայն ինձ չէ, որ անհանգստանալ չի կարելի։ Ծնողներս առանց այդ էլ շատ են մտահոգվում ինձ համար, իսկ թոռները կօգնեն ավելի թեթև տանել։ Դրական հույզեր կտան։ Դա շատ ես կարևորում, երբ սկսում ես վերակենդանանալ։ Ահա այդպիսին է իմ Սուսաննոչկան։ Ապրի ինքը...

Բաքվի Արմենիքենդի թաղամասում ծնված–մեծացած Ստյոպան Արցախ էր տեղափոխվել մեծ սիրուց դրդված։ Պատերազմից մի քանի տարի առաջ։ Սուսաննային նա նկատել էր, երբ աղջիկը դեռ դպրոցական էր ու Բաքու էր գալիս արձակուրդներին, բարեկամների մոտ։ Ստյոպան ապրում էր հարևանությամբ։ Տարիներ շարունակ տեսնելով բարեկազմ, կարմրահեր, խիստ դեմքով և զվարճալի պեպեններով արցախցի աղջկան` Ստյոպան սիրահարվել էր։ Պարզվել է` աղջիկն էլ անտարբեր չէ բեղավոր Ստյոպայի նկատմամբ, ով քաղաքավարի ու նրբանկատորեն առաջարկում էր նրան տուն ճանապարհել, որպեսզի դեռահաս տղաներից ոչ մեկն աղջկա հետևից անհաճո արտահայտություններ թույլ չտա։

Հայկ Շադունցի անհավանական սխրանքը. ինչու են մերձմոսկովյան Լոբնյայում փառաբանում արցախցուն

Ստյոպան իր սերնդի տիպիկ ներկայացուցիչ չէր։ Նրա մեջ համադրված էին «ռազբորկա» վարելու կարողությունն ու գրականության և պատմության խոր գիտելիքները։ Նա սիրում էր կարդալ։ Մեջբերում էր Սերվանտեսին, Ապուլեոսին, կարող էր քննարկել Ռեմարկի ստեղծագործությունների արժանիքներն ու թերությունները։ Այդ ամենը գրավել էր Սուսաննայի սիրտը, որը պատրաստվում  էր ինստիտուտ ընդունվել։ Այդպես նրանք ամուսնացան, տեղը տեղին հարսանիք արեցին, ապա տեղափոխվեցին Ստեփանակերտում ապրելու։ Այստեղ Ստյոպան սկսեց զբաղվել կարի արտադրությամբ։ Արտադրամաս բացեց։ Իսկ հետո սկսվեց պատերազմը...

– Դու ինչպե՞ս աշխարհազորային դարձար, – հարցրի ես։

– Բոլորը  գնացին։ Ամոթ էր չգնալը։

– Ե՞վ, ինչից ամեն ինչ սկսվեց։

– Զենք էինք տեղափոխում ու բռնվեցինք թշնամու կողմից։ Վայ, Դիմա, ո՜նց էին մեզ ծեծում։ Վայ, ո՜նց էին խփում։ Բայց, փառք Աստծո, նստեցրին։ Չսպանեցին։ Մի քանի օր անց փոխանակեցին։ Հետո մենք նորից օպերացիայի դուրս եկանք։ Տրոտիլ էիք մեզ վրա կապած տեղափոխում և կրկին բռնվեցինք։ Այնպես էինք փախչում, ծուխ էր դուրս գալիս։ Վախն այնպիսի բան է, որ փախչել է ստիպում... Միայն թե այս վիրավորումը ժամանակին չէր... Հիմա, տեսնում ես` աչքս իմը չէ, ապակուց է։

Ստյոպան ակնակապիճից հանեց արհեստական աչքն ու սկսեց թաշկինակով մաքրել կոպերը, որոնց տակից արցունք գլորվեց։

– Պրոթեզը երկար չի կարելի կրել։ Բացի այդ ինձ վիրահատություն է պետք։ Ահա, ձեռք տուր այստեղ։ Ստյոպան դեպի ինձ շրջեց վիրավոր աչքի կողմի քունքը։ Ես չհամարձակվեցի։

– Ձե՛ռք տուր, մի՛ վախեցիր։ Ինձ մոտ այնտեղ ընդհանրապես դատարկ է։ Միայն փափուկ հյուսվածքն է։ Ուշադիր նայի՛ր, տե՛ս, ինչպես է բաբախում։ Ժամանակի ընթացքում, երբ օրգանիզմը հարմարվի, տիտանե կամ պլաստմասե թիթեղ կդնեմ։

Մոտեցող քայլերի ձայն լսվեց։ Դուռը բացվեց։ Անծանոթը շեմից շուտասելուկի պես ինչ-որ բան հայտնեց Ստյոպային ինձ քիչ հասկանալի ղարաբաղյան բարբառով։

– Իսկ անունն ի՞նչ է, – ռուսերեն հարցրեց Ստյոպան։

– Չգիտեմ, բայց ինքը քեզ և ծնողներիդ լավ է հիշում, – պատասխանեց անծանոթը։

Նա հեռացավ, իսկ Ստյոպան ընկավ մտքերի մեջ։ Այնուհետև կամաց–կամաց սկսեց մեծ պոլիէթիլենային տոպրակի մեջ թխվածք, ծխախոտ, թեյ, շաքարավազ և հաց դնել...

– Այս տղան մեր վարորդներից է, – բացատրեց Ստյոպան։ Ասաց, որ Շուշիի բանտում Բաքվից մի գերի կա, մեր բակից է։ Գնամ, այցելեմ զեմլյակիս...

Մենք ամբողջությամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը. Փաշինյանի ուղերձը

Ես պառկեցի քնելու։ Առավոտյան թեյ խմելիս Ստյոպան պատմեց հանդիպման մասին։

– Նա ինձ անմիջապես ճանաչեց։  Քեռի Ստյոպա անվանեց։ Իսկ ես նրան երկար չէի կարողանում մտաբերել։ Հետո հասկացա` ինչու։ Երբ ես Բաքվից դուրս եկա, նա դեռ երեխա էր։ Ծնողները մեր հարևաններն էին։ Պատմեց մեր բակի վերջին նորությունները։ Իսկ մեր բակը շատ համերաշխ էր։ Թե՛ հարսանիքները, թե՛ թաղումները միասին էինք անում... Ասաց, որ Տոֆիկ քեռին է մահացել։  Լավ մարդ էր, բարի։ Հինգերորդ հարկի հարևանն էր։ Երկնային արքայություն նրան։

Ստյոպան թեյի երկու բաժակի մեջ 100 գրամ տնական օղի լցրեց, և մենք, առանց բաժակ խփելու, խմեցինք։

712
թեգերը:
գերի, Բաքու, Շուշիի ազատագրում, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը հիշել է հետախույզ Վարդանյան զույգի սխրագործությունները
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Յուրահատուկ լուսավորություն. Հայաստանում ՌԴ դեսպանատունը «75»–ի էր նմանվել
Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել

96
(Թարմացված է 18:54 26.05.2020)
Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` Արցախը կունենա երկու նոր նախարար և նոր ոստիկանապետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսից։

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Մինչ այս ԿԳՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նարինե Աղաբալյանը։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար. նա կփոխարինի Կարեն Շահրամանյանին։

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում տևական ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Մայիսի 21-ին նա երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

96
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում բարձրագույն կրթությունն անվճար կդառնա
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Արցախյան հարցը կլուծվի փոխվստահության մթնոլորտում. Մայիլյանը և Թովմասյանը հանդիպել են
«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին
Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել

198
(Թարմացված է 17:02 26.05.2020)
Բաբայանը նշել է, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով ստանձնում է Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար: Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և հայրենիքին: Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը»,- գրել է նա:

Արդեն նախկին պաշտոնյան շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել այդ պաշտոնում իրեն փոխարինող Վահրամ Պողոսյանին:

Բաբայանը նշել է նաև, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով այսուհետ աշխատելու է արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

Բաբայանը նշել է, որ շարունակելու է նաև կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվել և խոստացել՝ 13 տարվա աշխատանքային գործունեության մասին ավելի մանրամասն խոսել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Նշենք, որ Բաբայանը ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականի սեպտեմբերից, մինչ այդ՝ 2005-2007թթ. աշխատել է ԱՀ նախագահի օգնականի պաշտոնում:2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը. նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

Կուսակցությունը (ԱՊԿ)՝ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ 2020 թ. մարտի 31-ին մասնակցեց  ԱՀ խորհրդարանական և նախագահական ընտրություններին:

198
թեգերը:
ազատման դիմում, պաշտոն, Արցախ, Արայիկ Հարությունյան, Դավիթ Բաբայան
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել
Հերոսների լուսանկարները` նախագահինի փոխարեն. Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան
«Արցախը Հայաստան է, և վերջ». Արայիկ Հարությունյանը հուզիչ պատմություն պատմեց
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում