Շուշի

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

182
(Թարմացված է 23:58 19.03.2020)
Արցախի ընտրությունների նախաշեմին թղթակից Ժաննա Կրիկորովան փորձել է պարզել՝ ինչ տրամադրություններ են տիրում ժողովրդի շրջանում։

Ժաննա Կրիկորովա, Sputnik Արմենիայի համար

Արդեն երրորդ օրն է, որ տաք օրերից հետո գյուղերի ու քաղաքների վրա մշուշ է իջել։ Կառավարության հայտարարած կարանտինն ու գարնանային ցուրտը գրեթե դատարկել են փողոցները։

Туманная улица в Шуши
© Sputnik / Janna Krikorova
Շուշի

Այս խաչմերուկը սովորաբար քաղաքի ամենամարդաշատ վայրն է, իսկ հիմա կյանքի միակ նշույլը ցույց են տալիս չփակված խանութները։ Արցախում կայանալիք ընտրությունների մասին են վկայում միայն մշուշի մեջ թաքնված գովազդային պաստառներն ու հայտարարությունների տախտակը, որի վրա թեկնածուների լուսանկարներն ասես կծկվել են ցրտից։

Զրուցում եմ խանութի սեփականատեր Արեգայի հետ։

Шуши перед выборами
© Sputnik / Janna Krikorova
Արեգա

Նրա ընտանիքը պատերազմից հետո է Ստեփանակերտից Շուշի տեղափոխվել։ Արեգան պատմում է, որ այն ժամանակ ոչ ոք որևէ մեկից ոչինչ չէր սպասում։ Իրենց կյանքն իրենք են դասավորել, խանութ են բացել, երեխաներին ոտքի կանգնեցրել, կրթություն տվել։ Հիմա որդին ու հարսը Ստեփանակերտում են ապրում, երկուսն էլ բժիշկներ են։

«Ամուսնուս հետ ամբողջ օրն աշխատում ենք, ամբողջ կյանքն այս խանութում է անցնում։ Բայց ոչինչ, ինքներս մեզ ապահովում ենք, երեխաներին էլ օգնում ենք», - ասում է Արեգան։

Հարցնում եմ` ի՞նչ է սպասում առաջիկա ընտրություններից, Արեգան ժպտում է ու հարցով պատասխանում․ «Իսկ ի՞նչ պիտի ուզենք։ Մեկը երեկ ելույթ էր ունենում, ասաց՝ բարձրագույն կրթությունն անվճար կդարձնի, գյուղերի փողոցները կասֆալտապատի, թոշակը 70 հազար դրամ կդարձնի։ Էլ ի՞նչ ուզենք»։

Հաճախորդ է մտնում խանութ։ Արեգան խոսում է նրա հետ, բայց տեսնում եմ, որ շարունակում է մտածել հարցիս մասին։ «Գիտե՞ք՝ իրականում ինչ եմ ուզում, - հարցնում է նա՝ կտրուկ ընդհատելով հաճախորդի հետ խոսակցությունը,–ուզում եմ, որ մարդիկ այլևս պարտքով ապրանք չվերցնեն։ Մենք մի քանի «նիսյայի» տետր ունենք։ Բայց մենք շրջանառության հարկ ենք վճարում։ Այսպիսի վիճակ է։ Գումար չկա, իսկ շրջանառություն կա։ Միայն թե հարկայինի համար մեկ է։ Ստացվում է, որ ես` խանութի սեփականատերս, պետք է մտածեմ մարդկանց դրության մասին, իսկ պետական մարմինները չպետք է մտածեն։ Նորմա՞լ է»։

Հենց նույն խաչմերուկում է գտնվում ղարաբաղյան պատերազմի Վետերանների խորհրդի քաղաքային գրասենյակը։ Դուռը բաց է։ Կիսադատարկ տարածքում, որտեղ միայն սեղաններ ու աթոռներ են, սառն է։ Երկու տղամարդ նարդի են խաղում, երրորդը դիտորդի ու զրուցակցի դերում է։ Հրավիրում են։ Նստում եմ, ներկայանում, հարցնում․ «Ի՞նչ ակնկալիքներ ունեք առաջիկա ընտրություններից։ Ի՞նչ փոփոխություններ կուզենայիք, որ լինեին»։

Шуши перед выборами
© Sputnik / Janna Krikorova
Արցախյան պատերազմի վետերանների խորհրդի քաղաքային գրասենյակում

«Մարդկանց գործ է պետք, - միանգամից ասում է Շահեն Ավանեսյանը, որը Բաքվի փախստականներից է, - ոչ ոք չի կարող բարելավել մարդկանց կյանքը, եթե աշխատանք չլինի»։

Նարդու մրցակիցը` մարտական գործողությունների մասնակից, բնիկ ստեփանակերտցի Էդվարդ Աբրահամյանը, համաձայնում է։

«Հիշու՞մ եք Թումանյանի «Ոսկի քաղաքը»։ Այնտեղ թագավորի աղջկա հետ ամուսնանալու համար պետք էր ոսկի քաղաք գտնել։ Ու թեկնածուները սկսում են հեքիաթներ պատմել, որ այնտեղ ծառերը ոսկուց են, տները ոսկուց են․․․ Իսկ իրականում պարզվում է, որ այդ ոսկի քաղաքում մարդիկ արարելու, աշխատելու ու իրենց աշխատանքով կյանքը զարդարելու հնարավորություն ունեին։ Ոչ ոք չի կարող մեզ հարստացնել ու մեր կյանքը «ոսկի» սարքել, բայց եթե աշխատանք լինի, մենք ինքներս կարող ենք ավելի լավ կյանք կառուցել»։

Շահենն ուշադիր լսում է վետերան ընկերոջն ու ավելացնում․ «Բայց կարևորն արդարությունն է։ Արդարությունն ու մաքրությունը»։

Զրույցին միանում է երրորդ ընկերը` Ասրիյան Արկադին, որը նույնպես Բաքվի նախկին բնակիչ է։ Ասում է` ամենակարևորը՝ պատերազմ չլինի։ Հարցիս` մի՞թե դա կախված է նախագահից կամ խորհրդարանից, բոլորը միաձայն պատասխանում են` իհարկե։

Այս ամենի մասին մտորելով, մառախուղի մեջ փնտրելով ուրիշ զրուցակիցների` ծանոթի եմ հանդիպում։ Հարցս նրան եմ ուղղում։ Ծանոթս զարմանում է, գործած գլխարկը քաշում աչքերին ու շշուկի անցնում. «Ընտրություններից ի՞նչ ակնկալիքներ ունեմ։ Հիշո՞ւմ եք ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության XXV համագումարը, թերթերի վերնագրերը, որ ժողովուրդը սպասելիքներ ունի այդ համագումարից։ Մենք սպասում էինք` երբ Բրեժնևը կավարտի իր խոսքը, մենք կծափահարենք ու կմոռանանք։ Ահա և բոլոր ակնկալիքները»։

182
թեգերը:
Ընտրություններ, Արցախ
Ըստ թեմայի
Ադրբեջանական լոբբին ձգտում է, որ ԱՄՆ–ի կողմից Արցախին տրվող օգնությունը չեղարկվի. Սարգսյան
Ուսումնական գործընթացը դադարեցվում է նաև Արցախում
Արցախի հետ սահմանին ադրբեջանցիների կրակոցների թիվն ավելացել է
Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն