Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

202
(Թարմացված է 10:45 02.09.2019)
ՀՀ երրորդ նախագահը պնդում է, որ Արցախի հարցում ոչ մի դեպքում չպետք է համահայկական միասնականության խաթարում թույլ տալ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

«Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ»,– նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով` համահայկական հոգատարության և սիրո բազմաթիվ վկայություններ կան Արցախում, որ ստեղծվել են անցած շուրջ երեք տասնամյակում` ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի օջախներ, եկեղեցիներ, բնակարաններ… Եվ այդ ամենն իրողություն է դարձել աշխարհի չորս կողմերում և մայր հայրենիքում բնակվող մեր հայրենակիցներից լումա առ լումա հավաքված միջոցների շնորհիվ` ազատ ու անկախ Արցախը օր առաջ հզոր և անվտանգ տեսնելու ցանկությամբ:

Սարգսյանը նշել է, որ Արցախը 28 տարի առաջ իր հաստատուն ուղին ընտրեց և այդ անբեկանելի որոշումը կայացրեց` թիկունքին զգալով մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում և աշխարհի բազմաթիվ հայաշատ քաղաքներում բռունցքները վեր պարզած բազմահազար հայորդիների միասնության ուժը:

«Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում: Այսօր դա նույնքան վտանգավոր է, որքան կարող էր լինել ազատամարտի տարիներին: Չգիտակցել դա` նշանակում է վտանգի տակ դնել Հայրենիքը հանուն այսրոպեական, անձնական, քաղաքական կամ այլ անցողիկ շահերի»,– ընդգծել է ՀՀ երրորդ նախագահը` առանձնահատուկ շնորհավորելով իր մարտական ընկերներին, այդ թվում` Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նախորդ բոլոր ղեկավարներին:

Սարգսյանը Բակո Սահակյանին խնդրել է շնորհավորանքը փոխանցել նաև Արցախի Ազգային ժողովի նախագահին, պետական նախարարին, բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել և այսօր ունեն Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման գործում, բոլոր այն հերոս տղաներին, որ պատերազմի դաշտում իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու արցախցիների իրավունքը:«Փառք նրանց և խոնարհում մեր նահատակված հերոսների պայծառ հիշատակի առջև, քանզի միայն իր հերոսներին արժևորող ժողովուրդը կարող է հետագա հաղթանակներ ունենալ: Այսօր էլ մեր զավակներն են Արցախի պետական սահմանին նույն նվիրումով կատարում իրենց պարտքը` պաշտպանելով իրենց հայրերի ու պապերի կյանքի գնով նվաճված անկախությունը: Աստված զորավիգ և պահապան մեր զավակներին։ Ինչպես տարիներ շարունակ ասել եմ, այսօր ևս ցանկանում եմ կրկնել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,– եզրափակել է ՀՀ երրորդ նախագահը:

Նա համազգային տոնի առթիվ Արցախին մաղթել է խաղաղություն, կայունություն, բարօրություն և նորանոր հաջողություններ պետականաշինության գործում։

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

Ադրբեջանի «սև ցուցակը» կհասցնեմ 1000-ի. ԵԽ պատգամավորն Արցախ է այցելել մեծ խմբով

202
թեգերը:
Բակո Սահակյան, Սերժ Սարգսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Բարբառը դժվար է, բնությունը` գերող, արցախցիները` պարզ. սփյուռքում ապրողները` Արցախի մասին
2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս
Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Շահնազարյան. «Փաշինյանը սորոսական օտարերկրյա կազմակերպություններին մտցնում է Արցախ»