Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Բաքուն ասելիք չունի Փաշինյանին. քաղաքագետն այն մասին, թե ինչու է Արցախում կրկին անհանգիստ

136
(Թարմացված է 22:16 13.06.2019)
Հայկական կողմը կրկին ակտիվացրել է Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններն իրագործելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական դիվանագիտությունն անհարմար դրության մեջ է դրել Բաքվին, որով էլ հենց պայմանավորված են Ադրբեջանի գործողությունները շփման գծում։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով`  Ադրբեջանն իրավիճակը սրելու իր ձգտմամբ փոխհատուցում է բանակցություններում իր համար ձեռնտու դասավորության բացակայությունը։

Վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կրկին անհանգիստ է, պարբերաբար խախտվում է հրադադարի ռեժիմը, իսկ հուլիսի սկզբին երկու կողմից մահացել են զինծառայողներ։ Բացի այդ, ինչպես հաղորդում են Ստեփանակերտի ներկայացուցիչները, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերն այս օրերին հաճախ թռիչքներ են իրականացնում շփման գծի երկայնքով, նկատելի է նաև հատուկ նշանակության և մարտական միջոցների տեղաշարժ։

«Որպես այդպիսին բանակցային գործընթաց չկա, Բաքուն չունի Երևանի առաջադրած հարցերի պատասխանը։ Հայկական կողմը կրկին արդիականցրել է Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններն իրագործելու հարցը։ Այդ պայմանավորվածությունները չեն համապատասխանում հակադիր կողմի շահերին, բայց այն ուրիշ տարբերակ չունի, այդ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն», – ասաց Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

2018թ.–ի սեպտեմբերից հակամարտության գոտում նկատվում էր կայունություն, ինչը կապված էր բանավոր պայմանավորվածություններով` ձեռք բերված Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Բայց 2019թ.–ի մարտից իրադրությունն աստիճանաբար սկսել է զարգանալ դեպի թեժացում։ Սարգսյանը դա կապում է նրա հետ, որ Բաքուն հակադրելու բան չունի Փաշինյանի առաջարկներին և նախաձեռնություններին։

«Հայաստանի վարչապետը տալիս է լիովին հիմնավորված և չափազանց պարզ հարց. ո՞վ պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին բանակցություններում։ Թեման քննարկվել է նաև այս տարվա մարտին Վիեննայում կայացած հանդիպմանը։ Բայց Բաքուն չունի այդ հարցի պատասխանը», – ասում է փորձագետը։

Նրա խոսքով` ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու է Արցախը դուրս մղվել բանակցային գործընթացից, եթե բանակցությունների սկզբնական ձևաչափը ենթադրում է դրանցում Ստեփանակերտի ներկայացուցիչների անմիջական մասնակցություն։

«Հիմա, երբ Փաշինյանը բարձրացնում է ձևաչափը վերականգնելու հարցը, Ադրբեջանը լռում է, լռում են նաև համանախագահները։ Այդ պայմաններում հասկանալի չէ, թե ինչպես կարելի է շարունակել բանակցություններ վարելը», – նշեց Սարգսյանը։

Նա նշեց, որ տվյալ դեպքում բանակցությունների միայն այլընտրանքը թեժացումն է, բայց Հայաստանը պատրաստ է նման սցենարի, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

136
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան, Արցախ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արծրուն Հովհաննիսյանը խոսեց պատերազմի վերսկսման հավանականության մասին
Բաբայան․ «Թշնամին աղոթում է մեր միասնականության տրոհման համար»
Հայկական անօդաչուներն էլ են թռչում առաջնագծի ողջ երկայնքով. Տոնոյան