Նիկոլ Փաշինյանն ու ԲԱկո Սահակյանը

Բակո Սահակյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որևէ բան անել. «Ժողովուրդ»

111
Լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջև Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի հեռացրու։ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած պաշտոնանկություններին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Մասնավորապես, վերջին օրերին անընդհատ պաշտոնանկություններ են տեղի ունենում, և դրանց պատճառը համարվում են Հայաստանն ու Հայաստանի հետ փոխհարաբերությունները»,– նշված է հոդվածում։

Ըստ թերթի` Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարծես թե, հայտնվել է երկու քարի արանքում՝ նախկին և ներկա իշխանությունների հետ հարաբերությունների մասով։ Այստեղ ցավալին այն է, որ նախկին իշխանությունները հենց Արցախն են փորձում օգտագործել իրենց վերարտադրության համար, իսկ նոր իշխանություններն էլ իրենց պահանջներն են թելադրում։

Ամեն դեպքում թերթի տեղեկություններով` Բակո Սահակյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն ինքնուրույն է և իրեն ոչ ոք չի կարող ստիպել որևէ բան անել։ Եվ չնայած նա ՀՀ երկրորդ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել, անգամ պարել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրանց ևս ասել է՝ չխառնվել իր ներքին գործերին, ինքը չեզոք է։

«Եվ ահա, այս վերջին օրերի ազատումներով ու նշանակումներով նա փորձում է խճճել իրավիճակը։ Բանն այն է, որ լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջև Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի հեռացրու»,– գրում է թերթը։

Եվ ահա այս օրերի ձգձգումներից հետո շատերը Բակո Սահակյանին մեղադրում էին, որ նա շարժվում է նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյանի ասելով։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ նա ի վերջո Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և, ըստ էության, ստացվում է՝ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը։

Սակայն դրա հետ մեկտեղ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին, ով նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմն է և համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թևի ներկայացուցիչ, քանի որ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։

Այս որոշումով էլ նա, ըստ էության, դեմ է գնացել Նիկոլ Փաշինյանին։ Դրա հետ մեկտեղ մեկ այլ պաշտոնի էլ արդեն նշանակել է Լևոն Մնացականյանին, ով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր դեռ նախորդ տարի և նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ Հիմա էլ նա տեղափոխվեց Արցախի ոստիկանապետի պաշտոն:

Իսկ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ կնշանակվի քննչական ծառայության ղեկավար: Դրա հետ մեկտեղ երեկ նախկին իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել, թե Արցախ ուղարկվող օգնությունն այլևս չի լինի, թե իբր Հայաստանը հրաժարվել է, բայց դա էլ արագ հերքվեց։ Արցախը կստանա այնքան գումար, որքան նախատեսված է եղել, և ոչինչ չի կարող փոխվել երկու երկրների փոխհարաբերություններում»:

111
թեգերը:
Վիտալի Բալասանյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Բակո Սահակյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Աղաբեկյանն ազատվեց պաշտոնից
Սատանան Մադրիդյան սկզբունքներո՞ւմ է. ինչի՞ մասին են վիճում Երևանն ու Ստեփանակերտը
Արցախը նոր ոստիկանապետ ու արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն ունի
«Ղալաթ էին անում». փոխվարչապետը` Բակո Սահակյանի գլուխը «քարով ցխելու» ու ակցիայի մասին