ՀՀ և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Դժվար է ասել, թե որքան կտևի այդ դադարը». Բոզոյանը՝ արցախյան հակամարտության մասին

860
(Թարմացված է 00:16 29.05.2019)
Բանակցային գործընթացն ուղղակիորեն կապված է ուժերի բալանսի հետ։ Այն պահպանելու համար պետք չէ փոշիացնել ռեսուրսները։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Լարված հարաբերությունները Ստեփանակերտի հետ բացասաբար են ազդում ղարաբաղյան կարգավորման մեջ Հայաստանի դիրքերի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Մայիսի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

«Անկախ ամեն ինչից համանախագահները դիտարկում են Հայաստանն ու Արցախը որպես մեկ, համատեղ դիրքորոշում ունեցող կողմ։ Փաշինյանը մարտավարական խնդիր է լուծում, նշելով, որ կանի ամեն ինչ, որ Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացին», –ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` 1994 թվականի Բուդապեշտի փաթեթաթղթով Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է ճանաչվել, բայց գործնականում Ադրբեջանը մշտապես փորձում է խոչընդոտել դա։

ՀՀ վարչապետը փաստացի շարունակում է առաջվա գիծն ու ակտիվորեն մասնակցում է բանակցություններին, այլ բան է, որ նա դադար է վերցրել` բանակցային գործընթացն ուսումնասիրելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Բաքուն ըմբռնումով են մոտեցել դրան։

Քաղաքագետի խոսքով` դժվար է ասել, թե որքան կտևի այդ դադարը։ Բայց այդ շրջանի ավարտից հետո էլ չարժի բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալել։

Բոզոյանի կարծիքով` Հայաստանի ու Արցախի ղեկավարության միջև առկա լարվածությունը չի համոզում համանախագահներին գործնականում դիտարկել դրանց որպես հակամարտության առանձին կողմեր։

«Միաժամանակ լարվածությունը թուլացնում է Երևանի դիրքերը բանակցային գործընթացում։ Բանակցային գործընթացն ամեն դեպքում ուժերի բալանսի դիվանագիտական արտահայտումն է։ Ադրբեջանն անընդհատ փորձում է մկանները ցույց տալ զենք գնելով և իր դիրքերն ամրացնելու փորձեր անելով», –ասաց Բոզոյանը։

Հայաստանը պետք է փորձի պահել բալանսն ու օգտագործել դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները։ Բայց ներքին պայքարն ու Արցախի ղեկավարության հետ ոչ այդքան լավ հարաբերությունները թուլացնում են այդ հնարավորությունները։

Եթե այդ գործընթացները չդադարեն, ինչ–որ պահի դրանց դրսևորումները նկատելի կդառնան նաև դիվանագիտական ուղղության վրա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում կոնկրետ ուժեր կան, որոնք փորձում են պառակտում մտցնել Հայաստանի և Արցախի բնակիչների միջև։ Նա խոսքով` «կոռումպացված համակարգի որոշ ներկայացուցիչներ օգտագործում են իրենց անձնական կապերն Արցախում` Հայաստանի կառավարության և վարչապետի դեմ քարոզարշավ իրականացնելու համար»։ Նա հայտարարել էր, որ չի բացառում դավադրությունը, որը նպատակ ունի նոր պատերազմ հրահրել, և հավանաբար, նույնիսկ որոշակի տարածքների հանձնում` պատասխանատվությունը ՀՀ իշխանության վրա գցելու համար։ Վարչապետն այս գործունեության մեջ պետական դավաճանության հատկանիշներ էր տեսել։

860
թեգերը:
Հայաստան, Արցախ, Երվանդ Բոզոյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բակո Սահակյանն ու Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Էլիբեգովա․ «ԱԳՆ–ի միջոցով Ադրբեջանը խոսում է խաղաղությանն, ՊՆ–ի միջոցով`պատերազմի մասին»
«Իմ սիրտն այս կողմում է». Պոզները` Արցախի, Բաքվի «սև ցուցակի» և Փաշինյանի մասին