Արցախ

Մարդիկ տոնում էին, հրամանատարները` փորձում զգոն մնալ. 3 անքուն օր ու` ազատագրված Շուշի

91
(Թարմացված է 18:41 09.05.2019)
Հրամանատարի խոսքով` ինչպես մյուս հրամանատարները, ինքն էլ 3 օր չի քնել, քանի որ հազար ու մի գործ կար անելու։ Սակայն տղաներին հանգիստ տվել է, անգամ` մայիսի 8–ի գիշերն է հորդորել որոշ ժամանակ քնել ու ուժ հավաքել:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գեներալ Արկադի Կարապետյանը (Ագո), 1991թ.–ի մայիսի 9–ին, երբ գիտակցել է, որ Շուշին ազատագրել են, հանգիստ է տարել փաստը` չի հուզվել, ուրախությունից չի թռչկոտել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին պատմեց ինքը` Կարապետյանը` Շուշիի ազատագրման հերթական հոբելյանի մասին խոսելով։

Аркадий Карапетян
© Sputnik / Arsen Hakobyan
գեներալ Արկադի Կարապետյանը

«Ես շատ հանգիստ մարդ եմ, և ամեն ինչ հանգիստ էլ տանում եմ։ Բացի այդ, Շուշիի ազատագրմանը վերաբերվել եմ այլ կերպ` պիտի ազատագրեինք, ազատագրել ենք։ Իմ հրամանատարության տակ եղած տղաների հետ մտել ենք Շուշի ու արել այն, ինչ պետք է անեինք։ Այլ կերպ չէր էլ կարող լինել»,–ասաց նա։

Կարապետյանի խոսքով` ինչպես մյուս հրամանատարները, ինքն էլ 3 օր չի քնել, քանի որ հազար ու մի գործ կար անելու։ Սակայն տղաներին հանգիստ տվել է, անգամ` մայիսի 8–ի գիշերն է հորդորել որոշ ժամանակ քնել ու ուժ հավաքել։

Խոսելով Շուշիի այսօրվա մասին` Կարապետյանն անկեղծորեն նշեց, որ ամեն ինչ այն հունով է գնացել, ինչպես ինքը կուզեր։ «Ինչ ես եմ ուզել և պատկերացրել` այդպես չի եղել` թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա։ Ասեմ ավելին, մայիսի 9–ին անգամ տխրել եմ` տեսնելով, թե ինչպես են այրում Շուշիի հնությունները։ Այսինքն` մինչև հիմա էլ, երբ գնում եմ Շուշի, տխրում եմ` նայելով քանդված գեղեցիկ կառույցներին։ Կուզեի` հնությունները պահպանվեին, Շուշին Շուշի լիներ։ Հիմա Շուշին ասես հոգիների քաղաք լինի»,–ասաց գեներալը։

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն էլ (Կոռնիձորի Արո) հիշում է` 27 տարի առաջ այս օրն ամբողջ ազգը ոգևորություն էր ապրում, հաղթանակն էին տոնում, իսկ իրենք փորձում էին զգոն մնալ, չտրվել ուրախությանը։ Նրա խոսքով` իրենք կարող է տրվեին ուրախությանն, ու մենք մի քանի շրջան կորցնեինք։ «Մենք իրավունք չունեինք ուրախությանը մինչև վերջ տրվել, քանի որ հայկական բոլոր հաղթանակների ժամանակ, երբ հայկական ուժերը լիարժեք տրվել են հաղթանակի ցնծությանը, տարածքներ ենք կորցրել։ Սա մեզ դաս էր եղել, և որպեսզի նման բան չլինի, ես ասում էի` տղե՛րք, ոգևորվածությունը ոգևորվածություն, բայց զգոնությունը պահեք, որպեսզի հակառակորդը քայլեր չմշակի ու մեզ անակնկալի բերի»,–ասաց նա։

Խուդավերդյանն էլ իր հերթին, անդրադառնալով Շուշիի այսօրվա մասին, նշեց, որ այսօրվա Շուշին ինչքանով էլ իր տեսլականից տարբեր լինի, միևնույն է` այն ավելի լավն է, քան` Շուշին կրակների մեջ։ «Այն ժամանակ Շուշին ես տեսել եմ կրակների մեջ, և հիմա ինչ Շուշի էլ տեսնեմ` լավ է։ Ի դեպ, շնորհավորում եմ բոլորիս ու ուզում, որ ձեռքներս հասնի այնտեղ, ուր դեռ չի հասել»,–ասաց նա։

«Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրման գործողությունը եզակի էր ռազմական առումով։ Գործողությունն իր անվանումը ստացավ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մտահաղացմամբ։ Երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թվաց։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն, անպայման, կամուսնանա։ Ի դեպ` նախարարը մինչ կյանքի վերջ այդպես էլ ամուրի մնաց։

91
թեգերը:
Արցախ, Շուշիի ազատագրում
Ըստ թեմայի
Պարում են բոլորը. Արցախում Փաշինյանը միացավ շուրջպարին. տեսանյութ
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Մեր զինվորի հետ. Աննա Հակոբյանն այցելել է որդուն