Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարաների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը

Որ իրավիճակում Բաքուն կհամաձայնի, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան

440
Երևանում կարծում են, որ Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին ժամանակի խնդիր է, իսկ Ադրբեջանի դիմադրությունը իր բացատրությունն ունի

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. Բանակցությունների սեղանի շուրջ  Արցախի վերադարձը  վերջին շրջանում հակամարտության կարգավորման համատեքստում ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել։

Պաշտոնական Երևանի հռետորաբանությունից դատելով` հայկական կողմը լրջորեն որոշել է բանակցությունների տրամաբանության և ձևաչափի մեջ որակական փոփոխություններ մտցնել։  Իսկ Ստեփանակերտում Հայաստանի  և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն իր էությամբ աննախադեպ էր, միայն սրեց ինտրիգը։

Սակայն իր դիրքորոշումներից չի ընկրկում նաև Ադրբեջանը, որը ծայրահեղ բացասական է ընկալում բանակցություններին Արցախի մասնակցության մասին ցանկացած դիտարկում։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ–ի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով` բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը ժամանակի հարց է, իսկ Ադրբեջանի դիմադրությունն իր բացատրությունն ունի։

Փորձագետն ընդգծեց, որ Արցախը այսպես, թե այնպես մասնակցում է բանակցային գործընթացին։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կատարած այցի ժամանակ, որպես կանոն, այցելում են նաև Ստեփանակերտ, որտեղ հանդիպում են Արցախի ղեկավարության հետ։

«Սակայն վաղ թե ուշ Արցախի ներկայացուցիչները պետք է անմիջական մասնակցություն ունենան բանակցային գործընթացին։ Պարզ է, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում։ Կարծում եմ, Արցախը կվերադառնա այն պահին, երբ առանց բացառության բոլոր կողմերը, մասնավորապես, Բաքուն, կհասկանան, որ հակամարտությունը լուծել է պետք» – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Որքան կձգձգվի «հասկանալու» գործընթացը դժվար է ասել։ Ինչպես նշեց Պողոսյանը, եթե որևէ մեկն այդ հակամարտությունն ուզում է անվերջ ձգել, թող ձգի։

«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի դիտարկում խնդրի խաղաղ լուծումը։ Բաքվում հիմա ավելի հակված են ռազմական սցենարը քննարկելուն։ Երբ Ադրբեջանը հասկանա, որ դա հնարավոր չէ և որևէ օգուտ չի բերի, նրանք կհամաձայնեն բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձին», – համոզված է մեր զրուցակիցը։

Խոսելով Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստի մասին, Պողոսյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթների հիմնական ուղերձը դարձավ Երևանի և Ստեփանակերտի շահերի միասնականությունը։

«Հայաստանի և Արցախի ղեկավարությունը նույն լեզվով է խոսում, և դա շատ կարևոր է այս պահին։ Իսկ այն ամենը, ինչ քննարկվել է փակ դռների հետևում, դժվար է մեկնաբանել, մինչև չտեսնենք արդյունքները», – ավելացրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ Հայաստանի և  Արցախի ԱԽ համատեղ նիստը տեղի է ունեցել Ստեփանակերտում մարտի 12-ին։

Օրակարգի հիմնական թեման բանակցային գործընթացի ներկայիս իրավիճակի գնահատումն էր, ինչպես նաև համակարգված գործողությունների որոշումը։

440
թեգերը:
Իլհամ Ալիև, Բակո Սահակյան, Նիկոլ Փաշինյան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (281)
Ըստ թեմայի
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին
Հայաստանի նախագահին հեռու են պահում Արցախի հարցով բանակցություններից
Ադրբեջանական զինուժը երկար դադարից հետո նորից ականանետներով կրակել է Արցախի դիրքերի վրա