Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում, արխիվային լուսանկար

Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին

104
Յոհաննես Հանը ընդգծել է, որ իրենք կարող են աջակցել միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է:

Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածության մասին հարցին։

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել»,–ասել է Փաշինյանը։

Նույն հարցի` Եվրամիությունն ինչպե՞ս կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման արագացմանը մասին պատասխանել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Նա նշել է, որ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն ստեղծվեց նոր հանդիպումներ անցկացնելու համար՝ առաջնորդների, արտգործնախարարների միջև:

«Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, որտեղ քննարկումներ և բանակցություններ են ընթանում, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար»,–ասել է Հանը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք կարող են աջակցել միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ:

104
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Եվրամիություն, Եվրախորհուրդ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը. պատասխանում է Սարգսյանը
Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում