Սամվել Բաբայան

Ինչպե՞ս է Սամվել Բաբայանը զրկվել Արցախի քաղաքացիությունից

227
Արցախի ոստիկանությունը Սամվել Բաբայանի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սամվել Բաբայանն իր դիմումի համաձայն է հանվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հաշվառումից։ Այս մասին նշված է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ 2006թ–ին առանց իր իմացության իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից։ Այս փաստը, ըստ նրա, վերջերս պարզել են իր փաստաբանները։

«2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում»,– նշված է ոստիկանության պարզաբանման մեջ։

Ըստ ոստիկանության` Բաբայանը ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար:Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:

Բաբայանը փետրվարին հայտարարել է, որ պատրաստվում է 2020թ–ին իր թեկնածությունն առաջադրել Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում։

Նշենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրության համաձայն` երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքա¬ցի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հիշեցնենք` Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թ-ին` հայտնի «Իգլայի» գործի շրջանակում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել մաքսանենգ ճանապարհով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր Հայաստան բերելու համար։ Բաբայանը կալանքից ազատվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո` 2018 թվականի հունիսին։ Վճռաբեկ դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի` 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

Բաբայանը պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

227
թեգերը:
Սամվել Բաբայան, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթ Բաբայանը նոր կուսակցություն է հիմնել և բացատրել նպատակը