Բանտ

Ադրբեջանցի դիվերսանտը ազատ է արձակվել արցախյան բանտից

207
Հուսեյնզադեն հրաժարվել է Ադրբեջան վերադառնալ` կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Արցախում դատապարտված դիվերսանտ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեին ազատ են արձակել դատարանի որոշմամբ կրած 2 տարվա ազատազրկումից հետո։

2017 թվականի փետրվարի 1-ին Հուսեյնզադեին ձերբակալել էին դիվերսիայի փորձի և սահմանն ապօրինի հատելու համար։ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ադրբեջանական ԶՈւ–ն շփման գծի արևելյան ուղղությամբ (Թալիշ), օգտվելով  մառախուղից, փետրվարի 1-ին ժամը 15:00–ի սահմաններում հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ էին ձեռնարկել, որը կանխվել էր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանման կողմից։ Ձեռնարկած հակադիվերսիոն գործողությունների արդյունքում, հայկական ուժերին հաջողվել է գերի վերցնել Ադրբեջանի ԶՈւ 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 1995 թվականին ծնված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեին։

2018 թվականի փետրվարի 9-ին առաջին ատյանի դատարանը Հուսեյնզադեին դատապարտել էր 2 տարվա ազատազրկման։

Հաշվի առնելով, որ նա բանտում է գտնվում 2017 թվականի փետրվարից, փետրվարի 2-ին պատիժը կրելու ժամկետն ավարտվել է։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Հուսեյնզադեն կմեկնի երրորդ երկիր։

«Իսկզբանե նա հրաժարվել էր Ադրբեջան վերադառնալ։ Ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, նման դեպքում նա երրորդ երկիր կմեկնի», – ասաց Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ Հուսեյնզադեն հրաժարվում է Ադրբեջան վերադառնալ իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով։

207
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
ՊՆ. «Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»
Միայն ադրբեջանցիները կարող էին նման բան երևակայել. ու՞ր են «հայ դիվերսանտները»
Քանի կրակոց է հնչել Արցախի սահմանին 365 օրվա ընթացքում. Արցախի ՊՆ–ն ամփոփում է տարին