Հայ դիրքապահներ

Արցախի շուրջ բանակցություններ. հեղափոխական էյֆորիան չի կարելի շփոթել դիվանագիտության հետ

137
Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների առկա ձևաչափից հրաժարվելը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից, կարծում է Սերգեյ Մարկեդոնովը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Արցախի վերաբերյալ բանակցությունների այսօրվա ձևաչափից դուրս գալը կհակադրվի թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին խորհրդարանում հայտարարել է, որ ի տարբերություն Հայաստանի նախորդ առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի` ինքն Արցախի անունից բանակցություններ չի վարի։ Կառավարության ղեկավարը համոզված է, որ բանակցություններին անմիջականորեն պետք է մասնակցի Ստեփանակերտը։

Մարկեդոնովի կարծիքով` Հայաստանին այնքան էլ ձեռնտու չէ բանակցային գործընթացից դուրս գալը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոշտ դիմակայություն չկա։ Հակառակը`կա որոշակի փոխզիջում նորացված Մադրիդյան սկզբունքների շուրջ։

«Եթե կողմերից մեկը, կարևոր չէ` Հայաստանը, թե Ադրբեջանը, հայտարարում է, որ ինքը հերքում է այդ սկզբունքները և չի ցանկանում մասնակցել նման ձևաչափին, ապա հակադրվում է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի դիրքորոշմանը, ինչն ամենահաջող տարբերակը չէ», — ասաց Մարկեդոնովը։

Մյուս կողմից, դա չի նշանակում, որ Ռուսաստանն ու Արևմուտքը հանկարծ կմիավորվեն և կսկսեն խաղաղություն պարտադրել, բայց նրանց մոտ լարվածությունն ու դժգոհությունը կկուտակվեն։

Քաղաքագետն անհրաժեշտ է համարում տարանջատել «հեղափոխական էյֆորիայի» հետքերով հայտարարությունները և դիվանագիտությունը։

«Մենք տեսել ենք Փաշինյանի և Պուտինի, Մնացականյանի ու Լավրովի բանակցությունները։ Ես չեմ հիշում, որ ձևաչափի փոփոխությունը լիներ բանակցությունների անկյունաքարը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է նոր հոսանքների մասին, բայց դա չի դրվել Մոսկվայի հետ հարաբերությունների հիմքում», — ասաց Մարկեդոնովը։

Քաղաքագետը ենթադրում է, որ դիրքորոշումը ստուգելու, փորձարկելու փորձեր կլինեն, բայց Հայաստանը դուրս չի գա բանակցային գործընթացից։

«Ամենայն հավանականությամբ, կհնչեն Ստեփանակերտի մասնակցության կարևորության մասին հայտարարություններ»,-հավելեց Մարկեդոնովը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը կհարգի բանակցային գործընթացում Արցախի մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում, որը կընդունեն Երևանը և Բաքուն։

137
Ըստ թեմայի
Վիճում են հին ու նոր իշխանությունները. ո՞վ է մեղավոր, որ Արցախը դուրս մնաց բանակցությունից
Փաշինյանը ՄԽ համանախագահների հետ կքննարկի բանակցություններին Արցախի մասնակցության հարցը
Փաշինյանի պատասխանը Ալիևին. բանակցություններ եք ուզում` կլինեն... Արցախի հետ
Նույնը չեմ կարող անել ես. Փաշինյանը` արցախյան բանակցությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին