ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիանների թեմայով հայտարարություն է տարածել, որով կոչ է արել չսահմանափակել այլոց իրավունքները։
Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթևեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որևիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ և դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարևոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին:
Կարևոր է ընդգծել, որ հավաքների ազատության սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը և տևողությունը:
Ելնելով վերոգրյալից՝ հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «Ուսանողական» պուրակում:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը»։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, բերման են ենթարկել 15 քաղաքացու:
Արցախի ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 1-ին, ժամը 19:25-ին ահազանգ են ստացել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Տասնյակ մարդիկ, այս միջադեպից վրդովված բողոքի ակցիաներ են իրականացնում Ստեփանակերտում։ Նրանք պահանջում են Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, նաև պահանջում են ձերբակալել ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայիններին։ Բողոքի ակցիանները որոշ դադարներով շարունակվում են առ այսօր։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։
«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերի հարցում կողմերի դիրքորոշումները տարբեր են, և ռուսական կողմն այդ մասին բազմիցս խոսել է։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ տվյալները շատ տարբեր են. թվերը, որոնք բարձրաձայնում է պաշտոնական Երևանը, պարբերաբար փոխվում են, իսկ Ադրբեջանից այլ տեղեկատվություն է ստացվում:
«Հաշվի առնելով նման տարաձայնությունները, խորհուրդ ենք տալիս այդ հարցով դիմել անմիջապես ադրբեջանական և հայկական կողմերին։ Ես վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեն տրամադրել սեփական սպառիչ պարզաբանումները», - առաջարկել է ռուս դիվանագետը։
Ադրբեջանը փորձում է գերիների հարցը սակարկել. ՀՀ փոխվարչապետի խոսնակ
Ընդ որում, Զախարովան հայտնել է, որ այսօրվա դրությամբ ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 79 մարդ՝ 63–ը հայկական, 16–ը` ադրբեջանական կողմին:
«Մենք կցանկանայինք օգտվել առիթից և ևս մեկ անգամ ընդգծել ռուսական դիրքորոշումն այդ հարցում. մենք ելնում ենք նրանից, որ փոխանակման օպտիմալ բանաձևը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն է»,-հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան կարծում է, որ այդ հարցի շուտափույթ լուծումը թույլ կտա կողմերին «շրջել ողբերգական էջերը հարաբերություններում» և կենտրոնանալ դրական օրակարգի զարգացման վրա, այդ թվում՝ տնտեսական ոլորտում: Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում:
Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



