Զորավարժություններ

Բողոքի շարժման ընթացքում Բաքուն կարող էր Արցախում լարվածություն առաջացնել. Մարկեդոնով

249
(Թարմացված է 19:06 03.05.2018)
Մարկեդոնովի խոսքով` Ադրբեջանի հասարակության մի մասը կարծում է, թե Հայաստանի նոր իշխանությունները զիջումների կգնան, սակայն այդ ակնկալիքները հեռու են իրականությունից։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ադրբեջանը կարող է Արցախում ռազմական գործողությունների դիմել, եթե Հայաստանի ապակայունացումն ավելի լուրջ լիներ։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց ՌՊՀՀ արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ադրբեջանական բլոգներում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի նոր իշխանությունները պատրաստ են փոխզիջումների և զիջումների։ Չեմ կարծում, որ նոր իշխանությունների դիրքորոշումը շատ է տարբերվելու նախկինից», — ասաց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` հայ հասարակության մեջ այդ հարցով որոշակի կոնսենսուս կա, ու նոր իշխանությունը դժվար թեիր գործունեությունը սկսի Արցախի հարցում զիջումներից։

Բողոքի շարժման պատճառներից մեկն էլ տարածքային կորուստն էր, թեև նման հավանականությունը փոքր էր։ Այդուհանդերձ պարբերաբար լուրեր էին տարածվում հնարավոր ինչ-որ փոխանակման մասին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր գործողություններին` քաղաքագետի խոսքով` Բաքվում շատ զգոն են ու մի շարք պատճառներով կխուսափեն էսկալացիայի դիմել։

«Նախ` Արցախը չի դիտարկվում որպես պրոքսի պատերազմի տարածաշրջան։ Այն բացառիկ կետերից է, որտեղ Արևմուտքն ու Ռուսաստանը ընդհանուր մոտեցումներ ունեն», — նշեց Մարկեդոնովը։

Մյուս կողմից էլ եթե Հայաստանում տիրող իրավիճակը շատ ավելի լարված լիներ, ու գործը հասներ բախումներին, ապա Ադրբեջանը շփման գծում կոշտ գործողությունների կդիմեր, ինչպես դա եղավ 2008 թվականի մարտին։

Հայաստանի ընթացիկ իրավիճակը վկայում է այն մասին, որ գործընթացներն, ամենայն հավանակությամբ, այդ ճանապարհով չեն զարգանա։

«Նեկայիս իրավիճակում Բաքուն զգուշորեն է գործում։ Բացի այդ` առջևում հանրապետության հարյուրամյակի հետ կապված տոնակատարություններն են։ Ադրբեջանը բարձրաստիճան հյուրերի է ընդունելու Արևմուտքից ու Ռուսաստանից։ Բաքուն երևի չէր ուզենա այդ միջոցառումներից առաջ բացասական տեղեկատվական ֆոնում հայտնվել», — կարծում է Մարկեդոնովը։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորմանը` այսօր, նրա խոսքով, կողմերը չունեն որևէ փոխզիջման ցանկություն և առավելագույն բարձր նշաձողեր են նախանշում։

Մարկեդոնովի խոսքով` արտաքին ուժերն այլ հարցերով են զբաղված` Ռուսաստանի ու Արևմուտքի համար առաջնահերթ են Սիրիան ու Դոնբասը։

Ավելի վաղ Ստեփանակերտում հայտնում էին շփման գծում ադրբեջանական բանակի ակտիվության մասին։ Հայաստանում ներքաղաքական ապակայունացման պայմաններում շփման գծի մոտ տեխնիկա էր կուտակում։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին Երևանի և հանրապետության հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։

249
Ական

Ադրբեջանցի պաշտոնյան Աղդամում պայթել է ականի վրա

0
Ադրբեջանի բնակիչը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում Ադրբեջանի քաղաքացին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։

Նշվում է, որ Արտեզյան հորատանցքերի շահագործման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն, գտնվելով Նովրուզլու գյուղում, պայթել է ականի վրա է:

Տղամարդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Փետրվարի 25-ին նման միջադեպ է տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ) ։ Տղամարդը վնասվածքներ էր ստացել ՝ պայթելով ականի վրա։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

0
թեգերը:
Վիրավոր, պայթյուն, ական, Աղդամ, ադրբեջանցի, Ադրբեջան
Կոնստանտին Զատուլին

Ռուսական զենքն ինքն իրեն չի կրակում․ Զատուլինը պատասխանել է ՀՀ իշխանության մեղադրանքներին

26
(Թարմացված է 16:25 03.03.2021)
Ռուս պատգամավորը համոզված է, որ ռուսական զենքը փնովելու նպատակը սեփական ձախողումների և բացթողումների պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելն է:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը, որպեսզի խնդիրը «հիվանդ գլխից առողջ գլխի վրա բարդեն»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեսակոնֆերանսի ժամանակ։

Նախօրեին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, ոչ միայն հայկական բանակը, այլև Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը և ռուսական զենքը:

Զատուլինը հեգնանքով հայտարարեց, որ ռուսերենում շատ ժողովրդական իմաստուն ասացվածքներ կան, որոնք բնութագրում են նման իրավիճակները` սկսած վատ պարողի մասին ասացվածքից։

«Չգիտես ինչու մյուս ռազմաճակատներում ռուսական զենքը լավագույնն է դուրս գալիս կամ առնվազն չի զիջում մնացածներին, իսկ Ղարաբաղի դեպքում, ինչպես պարզվում է, դա այն մակարդակին չէր, որում ընթանում էին մարտական գործողությունները»,-ասաց նա։

«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները

Իրականում խնդիրն այլ տեղ է պետք փնտրել՝ հայկական կողմից ճիշտ հրամանատարության  և ուժերի մոբիլիզացիայի բացակայության մեջ։ Ռուս պատգամավորի տեսանկյունից՝ Փաշինյանն ինքը չի կարողացել դուրս գալ անգամ պարզ իրավական իրավիճակից, որտեղ ինքն անձամբ իրեն հայտարարեց գերագույն գլխավոր հրամանատար, չնայած դրա իրավունքը չուներ՝ պատերազմը Ղարաբաղում էր ընթանում։

 «Այդ ամենն ուղեկցվում է անպատասխանատվությամբ, ոչ կոմպետենտ գործողություններով, ինչպես նաև դավաճանության և հանցավոր հրամանների՝ ստուգման կարիք ունեցող փաստերով։ Օրինակ՝ ի՞նչ կապ ուներ ռուսական զենքը Շուշի քաղաքի նման անառիկ ամրոցի` ապաշնորհ պահվածքի պատճառով կորստի հետ»,-ասաց Զատուլինը։

Նրա խոսքով՝ ռուսական զենքի վարկաբեկումը հիմա պետք է իշխանության որոշ ներկայացուցիչների և նրանց հետ ամեն ինչում համաձայնող պատգամավորներին, որոնք չեն ազատվել արևմտամետ ուղղվածությունից, միայն ժամանակավորապես խլացրել են այն։

 «Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-կարծում է Զատուլինը։

Նրա համար անհասկանալի է, թե ինչ նպատակով է ՀՀ վարչապետն այդպիսի հեշտության նմանատիպ մեղադրանքներ հնչեցնում (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը «Իսկանդերի» չպայթած հրթիռների մասին՝ խմբ․)։

ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

Հեցնենք, որ փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

26
թեգերը:
Արման Բաբաջանյան, Նիկոլ Փաշինյան, Իսկանդեր, Արցախյան պատերազմ, Հայաստան, Կոնստանտին Զատուլին
Ըստ թեմայի
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանին տրամադրված «Իսկանդերը»