ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ռուսաստանցի լրագրող, բլոգեր և լուսանկարիչ Իգոր Շիրյաևը փորձել է բացահայտել արցախյան Աստղաշենի գաղտնիքը։
«Աստղաշենն աննման է։ Ասում են` երբ Աստղաշենում հորդառատ անձրևներ են լինում, աստղերը լվանում են երկնքից ու երկիր բերում։ Հետո մարդիկ այդ աստղերը գտնում են գետնից ու զարդեր պատրաստում սիրելի կանանց համար», —Իգոր Շիրյաևն այսպես է սկսում է իր պատմվածքը «Հետաքրքիր աշխարհ» ("Интересный мир") առցանց-պարբերականում։
Միաժամանակ նա նշում է, որ այդ գեղեցիկ սյուժեն ամենևին էլ հորինվածք չէ, քանի որ լրիվ իրական հիմք ունի։

«Աստղաշենում իսկապես աստղեր են գտնում գետնից։ Ու դրանցից իսկապես զարդեր են պատրաստում կանանց համար։ Զարմացա՞ծ եք։ Սա դեռ ամենը չէ։ Կհավանեք պատմությունը շուշանների մասին, որոնք իրականում ոչ թե ծաղիկներ են, այլ միոտնանի կենդանիներ։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ այստեղ փղեր են ապրել։ Ֆանտաստիկա՞։ Այդքան էլ ոչ… Աստղաշենն այն վայրն է, որտեղ ենթադրությունները ֆանտաստիկ են թվում, սակայն սերտորեն կապված են իրականության հետ..,», — գրում է հեղինակը։
Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում որոշ ժամանակ առաջ հին օրգանիզմների քարացած մնացորդներ են գտել։ Աստղաշենի աստղիկները։ Դրանք ծովային գտածոներ են, որոնք աստղերի տեսք ունեն և որոնց շնորհիվ այդ վայրը հայտնի է դարձել։ Թեև միայն աստղիկներ չեն գտել։
«Հեռավոր ժամանակներում, հնարավոր է` մոտ մեկ միլիարդ տարի առաջ, այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը։ Այդ օվկիանոսի ծովային կենդանիների քարացած գտածոները գտնում ենք ժամանակակից մայրցամաքում։ Այստեղ քարացած նումուլիտներ կան` հին միաբջիջ օրգանիզմներ, որոնք բարդ կառուցվածքով, կրային խխունջ ունեցող փորոտանիներ են։ Այստեղ նաև կլոր քարացուկներ են գտել, որոնք տեսքով ծովային ոզնիների են նման», — նշում է Իգորը։

Ինչ վերաբերում է բուն աստղիկներին, ապա հեղինակն ընդգծում է, որ դրանք ոչ մի կապ չունեն ծովային աստղիկների հետ։
«Բնականաբար, դա անձրևի լվացած աստղերը չեն, ինչպես ավանդությունն է ասում։ Իրականում Աստղաշենի աստղերը ծովային շուշանների քարացած հատվածներ են։ Ընդ որում` այդ շուշանները ոչ մի առնչություն չունեն ծաղիկ շուշանների հետ։ Ծովաշուշանները կենդանիներ են», — նշում է լրագրողը։
Նրա խոսքով` ենթադրվում է, որ ծովաշուշանները սկզբում բավականին խոշոր են եղել, սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել ու չորանալ, կենդանիները ստիպված են եղել հարմարվել ջրի փոքր ծավալներին ու փոքրացել են։
«Նման աստղիկներ կան ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև մոլորակի մի քանի այլ վայրերում։ Այնուամենայնիվ այստեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ լավ պահպանված քարացուկներ, թեև սովորաբար ծովային կենդանիների մնացորդները միլիոնավոր տարիների ընթացքում այդքան լավ չեն պահպանվում։ Ի՞նչն է պատճառը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս տեղանքի լեռնային հանքատեսակի շերտավոր կառուցվածքին։ Ենթադրվում է, որ միլիոնավոր տարիներ առաջ հենց այստեղ է եղել Թետիս օվկիանոսի ծովային ավազաններից մեկը։ Ծովաշուշանները պարզապես զանգվածաբար չեն մահացել, նրանք մնացել են թեթև բնահողի փափուկ շերտի տակ, ընդ որում` հերմետիկ վիճակում։ Որպես հետևանք` եզակի իրավիճակ է ստեղծվել», — նշում է հոդվածագիրը։
Նա կոչ է անում ընթերցողներին անպայման այցելել Աստղաշեն, քանի որ «աստղիկների պաշարը սահմանափակ է»։
Ինչ վերաբերում է փղերին, ապա Շիրյաևի խոսքով, համացանցում տեղեկություն կա, որ Արցախում գտել են մի կենդանու մնացորդներ, որը մամոնտի ու տափաստանային մամոնտի անցումային տեսակն է։
«Ու այդ ամենն Աստղաշեն գյուղից այդքան էլ հեռու չէ։ Հիմա հասկանու՞մ եք` ինչու է այս վայրն արտասովոր», — գրում է նա։
Լրագրողը հավելել է, որ մառախուղի ժամանակ արցախյան այս գյուղն առանձնահատուկ կոլորիտային տեսք ունի, իսկ երբ հորդառատ անձրև է գալիս, ջուրը երկնքից լվանում է բոլոր աստղերը, որոնք առայժմ բավականացնում են բոլորին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա նա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։



