Թալիշ

Թալիշ գյուղը վերածնվում է

103
Թալիշի գյուղապետարանի շենքի և հանդիսությունների դահլիճի շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, իրենց հերթին են սպասում նաև դպրոցն ու մանկապարտեզը, ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշում ավերված շենքերի փոխարեն նորերի կառուցումն արդեն սկսվել է գյուղում, Թալիշում լրագրողներին ասաց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը:

«Ինչպես տեսնում եք, շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են Թալիշում: Վերականգնվում է գյուղապետարանի շենքն ու հանդիսությունների դահլիճը: Մոտ ժամանակներում կսկսվի նոր դպրոցի և մանկապարտեզի ու, միաժամանակ, երեք սեփական տների շինարարությունը»,- ասաց Պետրոսյանը:

Вилен Петросян
© Sputnik/ David Galstyan
Վիլեն Պետրոսյան

Նա նշեց, որ առաջին նորակառույց շենքերը կփոխանցվեն նրանց, ովքեր աշխատում են գյուղում կամ՝ ծառայում մոտակայքում: Թալիշում բնակելի շինությունների շինարարությունը շարունակվելու է:

Նրա խոսքով` ներկա պահին Թալիշում ապրում է շուրջ 20 մարդ: Այդ մարդկանց ընտանիքները ժամանակավորապես գտնվում են Ալաշան գյուղում և Հայաստանի այլ մարզերում:

Այն հարցին, թե արդյո՞ք թալիշցիները պատրաստ են վերադառնալու հարազատ օջախներ, Պետրոսյանը նշեց, որ գյուղապետարանն անում է հնարավոր ամեն բան` ապահովելու համար թալիշցիների անվտանգությունը:

Строительство в селе Талыш, Нагорный Карабах
© Sputnik/ David Galstyan
Թալիշ. Արցախ

«1994 թվականից գյուղին շատ մոտ հեռավորության վրա արկեր էին պայթում, ռումբեր: Այսօր վտանգը որոշ չափով մեծացել է, սակայն մեր խնդիրը գյուղացիների անվտանգությունն ապահովելն է: Բոլոր նոր շենքերում, այդ թվում՝ սեփական տներում և դպրոցներում, ապաստարաններ են կառուցվելու»,- ասաց Պետրոսյանը:

Իսկ նոր դպրոցն ավելի անվտանգ տեղում կկառուցվի:

Строительство в селе Талыш, Нагорный Карабах
© Sputnik/ David Galstyan
Թալիշ. Արցախ

Թալիշ գյուղը անցած տարվա ապրիլի սկզբին գտնվում էր ռազմական գործողությունների էպիկենտրոնում: Այն գրեթե ամբողջությամբ գետնին էր հավասարեցվել քառօրյա պատերազմի ժամանակ: Բնակիչներից շատերը ապաստան էին գտել հարազատների մոտ` հարևան գյուղերում, կամ նրանց տեղավորել էին Ստեփանակերտի հյուրանոցներում: Որոշ ժամանակ անց նրանց ժամանակավոր կացարան տվեցին Ալաշանում:

Русская версия

103