Արցախի դրոշ

ԱԳՆ. Ադրբեջանը պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի

54
Մարտի 15-ին Հունաստանում տեղի է ունեցել «Կայունությունը և անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառում, որի հիմնական բանախոսը եղել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրների։

Իր խոսքում արտգործնախարարն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնվելը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական պատճառ և հանդիսանում է հակամարտության կարգավորման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտներից մեկը։

Այս համատեքստում նա նշել է, որ հատկապես վերջին շրջանում իրավիճակի հետևողականորեն սրմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայությունը վկայում են, որ Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների հրահրումը, ինչը և տեղի ունեցավ 2016 թ․ ապրիլին։

Նախարարը շեշտել է, որ միայն շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների հաջողվեց կասեցնել ռազմական ագրեսիայի հետագա ընդարձակումը և պարտադրել Ադրբեջանին հարգել զինադադարի ռեժիմը, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Արցախի Հանրապետության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի անքակտելի մաս և անվտանգության մատակարար։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան կասկածի տակ դրեց խաղաղ կարգավորման հեռանկարները, և շեշտել, որ նման իրավիճակում առաջնային խնդիր է լիարժեք բանակցությունների վերականգնման համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը և 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը:

Ներկայացնելով Արցախում պետականաշինության գործընթացները՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է, ինչի վառ օրինակն է 2017 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունումը։ Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, Արցախի Հանրապետությունը չի շեղվի իր ժողովրդավարական ուղուց և կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր ինքնորոշումը ճանաչելու ուղղությամբ»։

Միջոցառման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Արցախի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Հունաստան ավարտվել է։

54