ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հունվարի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 290 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային և արևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 56 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հրադադարի ռեժիմի հիմնական խախտումները գրանցվել են ԼՂ-ի Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների ուղղությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: