Մարտակերտ

Ադրբեջանը շարունակում է կրակել

22
(Թարմացված է 12:13 09.12.2016)
Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 65 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմն այս գիշեր հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է 1000-ից ավելի կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան (Ակնա) հատվածում: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (54 կրակոց), իսկ հարավարևելյան (Մարտունի) պաշտպանական ուղղությամբ` հաստոցավոր ավտոմատ նռնականետ (4 արկ):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Նյութի ռուսերեն տարբերակը

22