Նալբանդյանն ու Լավրովը

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղի հարցը

36
(Թարմացված է 19:48 31.08.2016)
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր են քննարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

«Կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ արտաքին քաղաքական փոխգործակցության որոշ հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրությունում։ Բացի այդ, Լավրովը շնորհավորել է հայ գործընկերոջը ռուսական Բարեկամության շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

36