ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Շարմազանով. ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ չպետք է լինեն պարտվողներ

16
Պարտվող կողմի կարգավիճակում հայտնված հասարակությունը ռևանշիստական ծրագրեր է փայփայում, կարծում է խորհրդարանի փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է այնպիսի լուծում ստանա, որ բավարարի Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին, ասաց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի խոսքերը Մոսկվայում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Օգոստոսի 10-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը կկարողանան հանգել փոխզիջումային, առանց հաղթողների և պարտվողների կարգավորման։

«Երբ հարցի լուծման արդյունքում առանձնացվում են հաղթողներ և պարտվողներ, դա բացասական երևույթ է, որը կոչվում է ռևանշիզմ։ Աշխարհը դա տեսել է, թիվ մեկ ռևանշիստը Հիտլերն է»,- ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով, եթե հասարակություններից մեկն իրենց պարտված զգա, ապա ապագայում այն կփորձի վերականգնել «արդարությունը»։

Շարմազանովի կարծիքով, ռևանշը պատերազմ է, նոր աղետ մարդկանց համար։

Նա ուշադրություն դարձրեց Պուտինի այն խոսքերին, որ պետք է կենտրոնանալ խաղաղության վրա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է խաղաղության պատրաստեն իրենց հասարակությունները։

«Ցանկացած մաքսիմալիզմ` լինի դա այս կողմից, թե այն, վտանգավոր է։ Մենք պետք է գնանք տրամաբանական ճանապարհով։ Այսօր գլխավոր հարցը Ղարաբաղի կարգավիճակն է, որը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Շարմազանովը։

Նա մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, հանրաքվեն պետք է իրագործվի։

Առավել ևս, որ 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերը ենթադրել են բանակցությունների երեք կողմերի առկայություն, այսինքն` նաև Լեռնային Ղարաբաղի։

Հիմա այդ ձևաչափը խախտված է։ Մեկնաբանելով Հայաստանի նախագահի խոսքերը ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պատրաստակամության մասին, Շարմազանովը նշեց, որ դա վերաբերում է զինադադարի մասին համաձայնագրին, ինչպես նաև Վիեննայում և Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Վիեննայի և Պետերբուրգի համաձայնագրերը ենթադրում են հակամարտության խաղաղ կարգավորում, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը», — ասաց Շարմազանովը։ Փոխխոսնակն անդրադարձավ նաև Թուրքիայի հնարավոր դերին ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում` նշելով, որ նա այնտեղ անելիք չունի։

«Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն նշել է, որ ռուսական կողմը չի ողջունում Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ։ Թուրքիան անելիք չունի այդ գործընթացում, դա արդեն Հայաստանի դիրքորոշումն է, քանի որ թուրքական կողմը միշտ ադրբեջանամետ դիրքորոշում է ունեցել»,- ասաց Շարմազանովը և հիշեցրեց, որ Թուրքիան աջակցել է Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին։

16
թեմա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով (95)