Հայկական համայնքի ներկայացուցիչները

Հայ համայնքը սպասում է նախագահների հանդիպմանը, բայց լարվածություն չի ստեղծի

42
(Թարմացված է 00:01 16.06.2016)
ՀՀ և Ադրբեջանի նախագահների` հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախանշված հանդիպումը լարված սպասում է առաջացրել տեղի հայ և ադրբեջանական համայնքներում: Չնայած դրան, հայ համայնքի ղեկավարը Sputnik Արմենիային հայտնեց, որ հանդիպման օրերին բողոքի կամ որևէ այլ ակցիաներ չեն կազմակերպելու:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Սանկտ Պետերբուրգի հայ և ադրբեջանական համայնքների հարաբերությունները սրվել են հատկապես Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմի օրերին և առ այսօր շարունակում են լարված մնալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը:

«Բավական լարված հարաբերություններ են համայնքների միջև, բայց փառք Աստծո, ինչպես ասում են, մինչ օրս արյուն չի թափվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, դրանք ժամանակ առ ժամանակ երկու համայնքներն էլ կազմակերպում են: Հայ համայնքը բողոքի ակցիաներով է նշում Բաքվի ու Սումգայիթի ջարդերի տարելիցները, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը`ապրիլի 24-ը: Բայց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հունիսի 20-ին նախատեսված հանդիպմանը որոշել է ձեռնպահ մնալ ավելորդ լարվածություն հրահրելուց:

«Ի՞նչ պիտի անենք: Պիտի սպասենք, տեսնենք` ինչ է այդ հանդիպումը տալիս: Ինձ թվում է` իրենք էլ նույն կերպ կվարվեն»,- ասաց հայ համայնքի ղեկավարն ու ավելացրեց, որ ադրբեջանցիներն ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներով 15 ավտոմեքենայով եկել են հայկական եկեղեցու բակ, Հայաստանի գլխավոր հյուպատոսություն։ Հայերն այդ կապակցությամբ բողոքել են քաղաքային իշխանություններին ու իրավապահ կառույցներին, որոնք կատարվածի վերաբերյալ հետաքննություն են սկսել: Բայց ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը հարթվել է երկու համայնքների նախագահների հեռախոսազրույցի արդյունքում:

«Վիճակը շատ լարված է, բավական է մի տեղ բախվեն, ու վերջ: Դա կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, ինչը, իհարկե պետք չէ։ Միևնույն է Ղարաբաղի հարցը լուծվում է Ղարաբաղում»,- ասաց Կարեն Մկրտչյանը։

Руководитель армянской общины в Санкт-Петербурге Карен Мкртчян
© Sputnik/ Nelli Danielyan
Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը

Հայ համայնքի անդամ Էդուարդ Քոչարյանը, որը Սանկտ Պետերբուրգում է բնակվում 1993թ.-ից, կարծում է, որ իրազեկման ակցիաներն այդ օրը գործին չեն խանգարի, թեև նշում է, որ դեռ թարմ են ապրիլյան պատերազմի օրերին երկու համայնքների միջև ահագնացող ատելության մասին հիշողությունները:

«Մարդիկ ատելությամբ էին լցված, և դա բնական է, այդքան երեխաներ զոհվեցին, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»,- ասաց նա:

Այդուհանդերձ, մինչ այս պահը հայ համայնքը հրապարակային ակցիայի անցկացման մասին իրազեկում չի ներկայացրել տեղի իշխանություններին և մտադրություն էլ չունի ներկայացնելու, իսկ ՌԴ օրենսդրությամբ, չարտոնված ցույցերն արգելված են:

Армянская церковь Св. Катарине в Санкт-Петербурге
© Sputnik/ Nelli Danielyan
Հայկական սուրբ Կատարինե եկեղեցին Սանկտ Պետերբուրգում

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

42