Давид Бабаян

Դավիթ Բաբայան. «Թունավոր նյութերի կիրառումն Ադրբեջանի ձեռքի գործն է»

67
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում «սև PR» որակեց այն լուրը, թե հայկական կողմը քիմիական զենք է կիրառել ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մեկնաբանելով Ադրբեջանի տարածած պաշտոնական տեղեկատվությունն այն մասին, թե հայկական զինուժը քիմիական արգելված զենք է կիրառել ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասաց, որ դա հենց Ադրբեջանի ձեռքի գործն է։

«Պետությունը, որը սատարում է ահաբեկիչներին, այդ թունավոր ֆոսֆորից պատրաստված նյութերն օգտագործել է իր սեփական բնակչության դեմ, որպեսզի հետո ցույց տա, թե դա հայությունն է արել»,- ասաց Բաբայանը։

Ադրբեջանի հերթական քարոզչական հնարքի նպատակն, ըստ Դավիթ Բաբայանի, Հայաստանն ու Արցախը միջազգային հանրության աչքին ագրեսոր պետություն ցույց տալն է։

«Բայց կա նաև այլ նպատակ` Ադրբեջանը փորձում է նման քայլերով շեղել միջազգային հանրության ուշադրությունն իր տարածքում ահաբեկիչների առկայության մասին փաստերից»,- նշեց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը կարծիք հայտնեց, որ նման լուրեր տարածելով` Ալիևը նախևառաջ ահաբեկում է սեփական ժողովրդին։

ԼՂՀ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ դեռևս 2005թ.-ին Ադրբեջանի ազգային ակադեմիայի ռադիոակտիվ խնդիրների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ադիլ Գարիբովը հրապարակավ հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքում կան բազմաթիվ ռադիոակտիվ վտանգավոր նյութեր, որոնց մի մասի գտնվելու վայրն անգամ պետությանը հայտնի չէ, և որ ահաբեկիչները կարող են դրանցից ռումբեր պատրաստել։

Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանն ինքը ահաբեկչական պետություն է և հակամարտության ընթացքում մի քանի անգամ քիմիական տարբեր նյութերով թունավորել է Արցախի բնակչությանը` թունավորելով Ստեփանակերտի, Շուշիի և Ասկերանի մի շարք բնակավայրերի խմելու ջուրը։

Բաբայանը պատահական չի համարում նաև Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իբր Հայաստանը Մեծամորի ատոմակայանի ռադիոակտիվ թափոններ է թաղում Քարվաճառում։ Նրա խոսքով` Ադրբեջանն այս հայտարարություններով նախապես ապահովագրում է իրեն, «որովհետև հենց այդ տարածքն անցնի իրեն, թունավորելու է և՛ Արփա, և՛ Որոտան գետերը, որոնք սկիզբ են առնում այդտեղ, և՛ Թարթառն ու Խաչենը։ Կապույտ ցեղասպանություն է իրականացնելու Արցախի և Հայաստանի նկատմամբ»։

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների ու օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների ռազմական կցորդներին դեպքի վայր առաջնորդելուն, Դավիթ Բաբայանը միջազգային հանրությանն ու բոլոր այցելողներին կոչ է անում նմուշառել ներկայացվող քիմիական նյութերն ու դրանք սեփական երկրներում փորձաքննության ենթարկել` համոզվելու համար, որ դրանք հենց Ադրբեջանում են պատրաստված։

 

67