Арцах, НКР

Արցախում մեծ շուքով նշեցին Ղարաբաղի անկախության օրը

2294
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ և նշել, որ «1991 թվականի սեպտեմբերի 2–ին Արցախի ծնունդով հայ ժողովուրդը երկու ազատ և անկախ պետություն է ձեռք բերել»

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Չորեքշաբթի Ստեփանակերտում և ԼՂՀ–ի շրջկենտրոններում շուքով նշեցին Ղարաբաղի անկախության օրը։

Շնորհավորանքներ և պատգամներ

Տոնի առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իշխանությունների և անձամբ իր անունից ի սրտե շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ, նշելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ծնունդով հայ ժողովուրդն ունեցավ ազատ և անկախ երկու պետություն։
 
«Դա իր հողի վրա տիրոջ իրավունքով ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու սովորական մարդկային ձգտումն է, որը, բնականաբար, հատուկ է յուրաքանչյուր ազգի»,– ավելացրեց նա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ իր հայրենակիցներին շնորհավորեց նաև տոնակատարությանը մասնակցող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, որ «Արցախի անկախության օրը մեծ տոն է ողջ հայության համար»։

«Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրը` անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք»,– ընդգծեց նա։

Սարգսյանը նշեց նաև, որ օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը:

Այդ առիթով իր տեսակետն է հայտնել նաև քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը, ով «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում նշել է, որ զուտ ազգային շահերի տեսանկյունից հայ ժողովուրդը 20–րդ դարում, ըստ էության, երկու հաղթանակ է տարել` Սարդարապատի հերոսամարտը և ղարաբաղյան պատերազմը։

«Դրանք Հայաստանի պատմության երկու բեկումնային պահերն են, և անգնահատելի է ղարաբաղյան շարժման, հաղթական Ղարաբաղյան պատերազմի և ԼՂՀ ձևավորման փաստը»,– ընդգծեց նա։

Տոնական Արցախը


Տոնական միջոցառումներին մասնակցեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքականության, գիտության և մշակույթի գործիչներ և օտարերկրացի հյուրեր։

Անկախության օրվա առթիվ տոնակատարությունները սկսվեցին չորեքշաբթի Շուշիի Սուրբ Ղազանչեցոց վանքում և շարունակվեցին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում։

Միջոցառումների շրջանակում Ստեփանակերտի և շրջկենտրոնների կենտրոնական փողոցներով հանդիսավոր քայլերթով անցան զորքերի շարասյուները։ Ծաղիկներ դրվեցին Ստեփանակերտի հուշահամալիրում, ինչպես նաև շրջկենտրոններում զոհված ազատամարտիկների հուշարձաններին։

Տոնական միջոցառումների շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա եղան նաև Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը: Հանդիսությունները եզրափակվեցին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գունեղ համերգով և հրավառությամբ։

Նախօրեին Արցախում տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ հնչեց համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Ստեփանակերտում կազմակերպված համերգի գեղարվեստական ղեկավարն ու գաղափարի հեղինակը հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան էր։ Համերգը նվիրված էր բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի և ազատության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակին։ Համերգն անցավ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք հենց այս երաժշտությամբ փառաբանել հայ ժողովրդին, հայկական հողը, և առավել ևս` անել դա Արցախում, որտեղ անհրաժեշտ է այսպիսի թռիչք, քանի որ հնարավոր չէ ճնշել մարդկային հույզերը, կյանքի ուրախությունները։ Արցախում մարդիկ են ապրում, այստեղ շատ երեխաներ կան, շատ սեր կա, այստեղ իսկական տոնի են սպասում», – ասաց Կազարնովսկայան։

Համերգին մասնակցեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Վարարակն» Արցախի պետական կամերային երգչախումբը, Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը` Մարինե Մեսրոպյանի ղեկավարությամբ։

Ստեփանակերտ են ժամանել նաև հայտնի մենակատարներ Յանա Սաֆոնովան (սոպրանո, Ռուսաստան), Վիշնիա Ռադոսավը (մեցցո–սոպրանո, Սերբիա), Նիկոլա Ուլվիերին (բաս, Իտալիա)։

Պատմական էքսկուրս


1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։ 

Ղարաբաղի ամբողջական ինքնավարությունն ամրագրվեց 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, որի ընթացքում հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Այսօր ԼՂՀ-ն ժամանակակից, դինամիկ զարգացող, ժողովրդավարական պետություն է, որն ապահովում  է իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում ամենամարտունակերից մեկն է։

Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի վիճարկվում միջազգային հանրության կողմից, և խնդրի կարգավորման սկզբունքներից մեկն է։

2294