Любовь Казарновская

Կազարնովսկայայի համերգին գնացողները կհայտնվեն Բաքվի «սև ցուցակում»

168
(Թարմացված է 17:48 31.08.2015)
Համերգին ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիների անունները համապատասխան հետաքննությունից հետո կներառվեն ԱԳՆ–ի անցանկալի անձանց ցուցակում, նշվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրությունում

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի– Sputnik. Ադրբեջանը մտադիր է ԱԳՆ–ի անցանկալի մարդկանց ցանկում ներառել Լյուբով Կազարնովսկայայի համերգն այցելած մարդկանց։ Նշենք, որ համերգը կկայանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում` Ստեփանակերտում։

Sputnik Ադրբեջանը հաղորդում է, որ այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի ԱԳՆ–ն կտրականապես դատապարտում է սադրիչ բնույթի համերգային ծրագրի կազմակերպումը, որն անցկացվելու է Ստեփանակերտ քաղաքում։

«Համերգային ծրագրին մասնակցող օտարերկրյա քաղաքացիների անունները համապատասխան հետաքննությունից հետո կներառվեն ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում»,– նշված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 1-ին` Արցախի անկախության օրվա նախօրեին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կհնչի համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը` Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը, որը կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարում, նվիրվում է բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին և այն հերոսներին, որոնք իրենց կյանքը զոհել են հանուն ազատության։ Համերգն անցկացվելու է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։

Ստեփանակերտում անցկացվող համերգի գեղարվեստական ղեկավարն ու նախագծի հեղինակը Լյուբով Կազարնովսկայան է։ Համերգին կմասնակցեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, «Վարարակն» Արցախի պետական կամերային երգչախումբը, «Մռակաց» Արցախի պետական կամերային երգչախումբը` Մարինե Մեսրոպյանի ղեկավարությամբ։

168