Генеральный директор российского антикризисного расчетно-товарного центра Герман Стерлигов

Ադրբեջանի ԱԳՆ–ն Գերման Ստերլիգովին կընդգրկի անցանկալի անձանց ցուցակում

7
Ստերլիգովն իր ընտանիքի հետ անօրինական կերպով այցելել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքները` խախտելով Ադրբեջանի պետական սահմանի մասին օրենքը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Ռուս գործարար Գերման Ստերլիգովը, ով, Ադրբեջանի ԱԳՆ տվյալներով, անօրինական կերպով այցելել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքները,  ընդգրկվել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևին։

«Ստերլիգովն իր ընտանիքի հետ անօրինական կերպով այցելել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի տարածքները` խախտելով Ադրբեջանի պետական սահմանի մասին օրենքը։ Այս պահին Ադրբեջանի ԱԳՆ–ն քննում է այդ փաստը։ Ընթացակարգերին համապատասխան` հետաքննության արդյունքների համաձայն` նրա անունը կընդգրկվի նախարարության անցանկալի անձանց ցուցակում»,– ասել է Գաջիևը։  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

7