

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։
Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:
Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։
Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։
«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։
Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։
Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։
ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։
Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։