
Հայաստանի դիմորդներն այս տարի նախապատվությունը տվել են իրավագիտությանն ու տեղեկատվական տեխնոլոգիաներին։
Եթե իրավաբաններ ու ծրագրավորողներ կրթող ֆակուլտետներում գրեթե թափուր տեղեր չեն եղել, ապա պատկերն այլ է որոշ ֆակուլտետներում։
Հայաստանում գրեթե պահանջարկ չունեն սուրդոմանկավարժության, իսպաներեն լեզվի և գրականության ու, որքան էլ տարօրինակ է մի երկրի համար, որտեղ դպրոցում շախմատ են դասավանդում, շախմատի մասնագետները։
Հիշեցնենք` այս տարի 9600 դիմորդի համար հանրապետության բուհերում ընդհանուր առմամբ 21 000 տեղ կար, որոնց մի մասն այդպես էլ թափուր մնաց։ Բանն այն է, որ այս տարի դպրոցն ավարտում է 12-ամյա կրթություն ստացած առաջին սերունդը։

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։
Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:
Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը
