
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի– Sputnik. «Sputnik. Կարծիք» հարցման մասնակիցների մեծ մասը (56%) համոզված է, որ իրենց երկրների ԶԼՄ–ները գտնվում են քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի ազդեցության տակ, ինչն ազդում է տեղեկատվության տրամադրման անկողմնակալության վրա։ Այս մասին հայտնում է Sputnik–ի մամուլի ծառայությունը` ներկայացնելով նոր հարցման արդյունքները, որն անցկացվել է ԱՄՆ–ում և Եվրոպայի երկրներում ICM Research բրիտանական գործակալության կողմից Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության համար։
Պատասխանելով «Ձեր կարծիքով` ձեր երկրների հայտնի ԶԼՄ–ներն օբյեկտի՞վ են լուսաբանում միջազգային և ներքին իրադարձությունները, թե՞ ԶԼՄ–ները գտնվում են քաղաքական գործիչների և խոշոր բիզնեսի ազդեցության տակ» հարցին` իտալացիների (75%), իսպանացիների (69%) և ֆրանսիացիների (60%) ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ կասկածում է իրենց երկրների հայտնի ԶԼՄ–ների օբյեկտիվության հարցում։
Ամերիկացիների կեսից ավելին (53%), գերմանացիների գրեթե կեսը (49%) ևս վստահ են, որ քաղաքական գործիչներն ու խոշոր բիզնեսն ազդում են ԶԼՄ–ներում տեղեկատվության լուսաբանման օբյեկտիվության վրա։
Մեծ Բրիտանիայում (43%) ամենաքիչն են կասկածում ԶԼՄ–ների օբյեկտիվության հարցում, սակայն այստեղ ավելի բարձր է այն մարդկանց տոկոսը, ովքեր չեն կարողացել պատասխանել հարցին (24%)։
Հարցումն անցկացրել է ICM Research ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար 2015թ.–ի մայիսի 1–4–ը։
Հարցմանը մասնակցել է 8243 մարդ Մեծ Բրիտանիայում (2005), Ֆրանսիայում (1041), Գերմանիայում (1050), Իսպանիայում (1051), Իտալիայում (1049), ԱՄՆ–ում (2047). Հարցման արդյունքները ներկայացված են ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի։
Տվյալների համար վստահության միջակայքն ընդհանուր առմամբ կազմում է +/- 3,1%` 95 տոկոսանոց վստահության հավանականության դեպքում։
«Sputnik. Կարծիք» հասարակական կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող միջազգային նախագիծը մեկնարկել է 2015թ.–ի հունվարին։ Գործընկերը ICM Research հայտնի բրիտանական հետազոտական ընկերությունն է։
«Sputnik. Կարծիք» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հանրային կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի երկրներում և ԱՄՆ–ում առավել ակտուալ սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ։
Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։

Մարտի 1-ին մայրաքաղաք Երևանում միաժամանակ 2 հանրահավաք տեղի ունեցավ։ Վարչապետ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ իր կողմնակիցների առաջ, ապա գլխավորեց հանրահավաքի մասնակիցների երթը դեպի Մյասնիկյանի արձանը. այնտեղ ծաղիկներ խոնարհվեցին ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի։
Իսկ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացրեց Փաշինյանի հրաժարականը պահանջող՝ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը։ Հանրահավաքն ավարտվեց դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր երթով։
Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Այս ընթացքում իշխանական պատգամավորների կողմից կարծիքներ հնչեցին նախագահին իմպիչմենտ հայտնելու վերաբերյալ։
Քայլը կրկին հանրապետության նախագահինն է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23–ին 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել էր, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:
«Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդերը» չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասել էր Փաշինյանը: Լրագրողի ճշտող հարցին, թե դա հնարավո՞ր է, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:
Ռազմական փորձագետները պնդում են, որ ժամանակակից և գերճշգրիտ «Իսկանդեր» համակարգերը լավ են դրսևորել իրենց զորավարժությունների ժամանակ և Սիրիայում իրական մարտական գործողությունների պայմաններում:
Ընդ որում, ՌԴ ՊՆ-ից ասել են, որ «Իսկանդերների» մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները կարող են մոլորության արդյունք լինել: Նշվել է, որ իրենց ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրման ընթացքում տվյալ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը չի կիրառվել։
Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Նա հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
