Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Տաղավարների մուտքերի առաջ թափված խաղալիքների բեկորները, տուժածների ու պարզապես անցորդների վշտացած դեմքերը, արդեն հեռվից զգացվող վառածի հոտն ու հրշեջները, որոնք փորձում են գտնել ու մարել վերջին այրվող օջախները, նման պատկեր կարելի է տեսնել երեքշաբթի Երևանի «Սուրմալու» առևտրի տոնավաճառում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 6-ի գիշերը, ժամը 03:08-ին ահազանգ է ստացել, որ այրվում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկ: Հրդեհին տրվել է բարդության ամենաբարձր աստիճանը։
Մոտենում ենք այն վայրին, որը դեռ երեկ սովորական առևտրային տաղավար էր։ Շուրջը կանգնած են տղամարդիկ, կանայք, հարցնում ենք՝ ում առևտրային օբյեկտն է այրվել։ Ոմանք ասում են, որ պարզապես անցորդներ են, իմանալով տեղի ունեցածի մասին, որոշել են տեսնել արտակարգ պատահարի վայրը, ոմանք էլ այլ առևտրի կետերի վաճառողներ են։
«Չէ, մենք հիմա պետք է մատաղ անենք, մեր խանութը չի այրվել, անվնաս տեղում կանգնած է։ Բայց խեղճ Հովիկը... 30 տարին ջուրը գնաց»,- ասաց տղամարդկանցից մեկը։
Մոտակայքում մի խումբ տղաներ լուռ նայում են ածխացած առարկաներին, զննում տոնավաճառի տարածքը։ «Ասես կինո լինի, հորս արև, լրիվ կինո է»,- ասում է նրանց կողքով անցնող կինը:
Փորձում ենք զրուցել տուժածների հետ, հասկանալ կորուստների ծավալները։ «Ինչու՞ եք եկել, լավություն արեք, գնացեք, միայն դուք էիք պակաս։ Ասես ուրախանում են այս ամենից․․․» - դժգոհում էր տղամարդը՝ տեսնելով նկարահանող խմբին։
«Ամբողջը կորցրինք, 30 տարում քրտինքով աշխատածը վառվեց-գնաց։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, թե ինչպես է բռնկվել հրդեհը», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց խանութներից մեկի տնօրեն Տիգրան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իր գրենական պիտույքների խանութը հայտնի էր ինչպես քաղաքում, այնպես էլ քաղաքից դուրս։ Արտադրանքը հիմնականում ներկրում էր Ռուսաստանից և Չինաստանից, հունվարի 1-ի դրությամբ պահեստում ունեցել է մոտ 44 մլն դրամի (մոտ 86 հազար դոլար) ապրանք՝ առանց ԱԱՀ-ի։ Տղամարդը նշեց, որ տարեսկզբից արդեն երկու անգամ նոր խմբաքանակներ են ստացվել, սակայն դեռ չեն հասցրել հաշվել ապրանքների ընդհանուր արժեքը։ Հիմա հաշվարկներ կատարելն ուղղակի անհնար է, կրկակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլև ամբողջ տեխնիկան ու փաստաթղթերը։
Նա չի հասկանում՝ ինչպես է գիշերվա երեքին հրդեհ բռնկվել։ Տարածված վարկածներից մեկի համաձայն՝ բռնկումը տեղի է ունեցել կարճ միացման հետևանքով։
«Բանն այն է, որ մենք արդեն 30 տարի է աշխատում ենք գրենական պիտույքների բաժնում, խանութում չենք ծխում, դուրս գալուց առաջ անջատում ենք հոսանքը, որ խուսափենք միացումներից ու հրդեհից», - ասաց Տիգրանը:
Նա նշեց, որ նույնիսկ մի փոքր կայծը կարող էր հրդեհի հանգեցնել, քանի որ ամբողջ ապրանքը դյուրավառ է։ Նա չի հասկանում՝ ումից է ամեն ինչ սկսվել, արտադրամասի գործընկերներից ով կարող էր «արտահոսք» թույլ տալ և ինչպես է շարունակելու աշխատել։
Զրույցն ընդհատեց մի կին, որի խանութը նույնպես ամբողջովին այրվել էր։ Նա նշեց, որ կրակը ոչնչացրել է ոչ միայն ապրանքը, այլ նույնիսկ այն շրջանառության գումարը, որը պահվում էր խանութում: Այստեղ նրա մոտ պահվում էր 3 հազար դոլար, նույնքան էլ՝ համարժեք դրամ։
«Այդ բիզնեսը մեր զավակն էր»,- ասաց նա՝ արցունքները սրբելով ու շրջվելով։
Սարգիս Մկրտչյանի ու նրա թիմի բախտն ավելի շատ է բերել, եթե կարելի է այդպես ասել։ Մակարոնի և այլ ապրանքների որոշ պաշարներ պահպանվել են։
«Ինչ կարողանում ենք՝ փորձում ենք փրկել։ Հիմա հասկանում եմ՝ ինչ էին զգում արցախցիները, երբ կրակի մեջ էին տեսնում իրենց տները, երբ տարիներ շարունակ կառուցում ես, ու հաշված ժամերի, րոպեների ընթացքում այդ ամենը ոչնչանում է», - ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ինքը երկար տարիներ աշխատել է այստեղ, հիմա չգիտի՝ ինչ անի։ Նա չի պատկերացնում՝ ինչը կարող էր հրդեհի պատճառ լինել, քանի որ համոզված է՝ այստեղ աշխատողներից ոչ մեկը չէր կարող հենց այնպես ինչ-որ բան միացրած թողնել կամ խանութից դուրս գալուց առաջ ամեն ինչ չստուգել։ Ի վերջո, բոլորն իրենց բիզնեսի մեջ ոչ միայն գումար են ներդրել, այլև հոգի, կյանքի տարիներ։
Մինչ զրուցում էինք, տարածքում և շենքում աշխատում էին ՀՀ ԱԻՆ 4 հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատակիցները: Նրանք չէին նեղվում ուժեղ ծխից ու վառածի հոտից, որը զգացվում էր նույնիսկ հարյուր մետր հեռավորության վրա:
Փրկարարները մանրամասն նայում էին ամեն մի կտոր, ամեն մի մանրուք, որ վերջնականապես մարեն այն փոքր օջախները, որոնք դեռ պահպանվել են։
Հրդեհաշիջման խմբի ղեկավար Արթուր Մարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրդեհը ոչնչով չի տարբերվում մյուսներից, սակայն «Ձյունիկից» հետո ամենախոշոր ու ծավալույն հրդեհն է Երևանում:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ Գարեգին Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ իրավիճակը թեև բարդ է, քանի որ տարածքը մեծ է, բայց վերահսկողության տակ է վերցվել: Նա ասաց, որ շուտով ծխի բոլոր օջախները կմարվեն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին, մարվել՝ 08:39-ին:
Տոնավաճառի տնօրենին երկար ժամանակ անհնար էր գտնել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա ու վարչակազմի մյուս անդամները գիշերվանից դեպքի վայրում են՝ փորձելով օգնել փրկարարներին ու հասկանալ, թե ինչպես արձագանքել արտակարգ պատահարին:
Արդյունքում մեզ հաջողվեց զրուցել «Սուրմալու» տոնավաճառի առևտրի սեկտորի վարիչ Վարդան Մանուկյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ հրդեհի մասին իմացել է գիշերը։
«Այրվել է մոտ 2 հազար քառակուսի մետր տարածք՝ 18 տաղավար, 4 պահեստ։ Բոլոր տուժածներին անվճար տեղեր են հատկացրել, նրանք այնտեղ են տեղափոխում իրենց ապրանքը»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության ծառայության աշխատակիցն ասել է, որ հրդեհը բռնկվել է խաղալիքների տաղավարում։ Նա կոտրել է ապակին ու փորձել մարել կրակը, սակայն չի կարողացել, ու շուտով հրդեհը տարածվել է ու զգալի տարածք է գրավել։
Նա ընդգծեց, որ նման ֆորսմաժորային իրավիճակներ դեռ չեն եղել։ Մանուկյանը նշեց, որ հետագա գործողությունների, այդ թվում՝ տուժածներին հասցված վնասի փոխհատուցման մասին որոշում կկայացնի արդեն տոնավաճառի խորհուրդը:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Երևանում մահացած են գտել ռուս բարձրաստիճան զինվորականի դստերը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ այսօր՝ ժամը 17:40-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցի շենքերից մեկի պատշգամբում կնոջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պատշգամբում հայտնաբարել են 40 տարեկան կնոջ դի, դիակի կողքին էլ՝ ատրճանակ: Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ժ.Հ.-ն էր, ում հայրը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) գեներալ-լեյտենանտ է: Հայտնաբերված ատրճանակն էր պատկանում է նրա հորը:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ կատարվածի բոլոր հանգամանքներւ պարզելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 13:40-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վթարի վայրում պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են 52-ամյա Հ․Փ․-ի վարած «VAZ-2106» և 64-ամյա Ա․Գ․-ի վարած «VAZ-2121» մակնիշների ավտոմեքենաները։
Երկու մեքենաներում էլ ուղևորներ են եղել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդներն ու ուղևորներ 33-ամյա Հ․ Ա․-ն, Ն․ Ղ․-ն, 35-ամյա Հ․ Խ․- ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Կապանի ԲԿ:
Վթարի վայր հասած փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 39-ամյա ուղևոր Ա․ Խ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նա ևս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։
Վթարված գնացք, զոհեր, վիրավորներ, փրկարարներ. Թայվանի ողբերգությունը` լուսանկարներով
Բժիշկները տուժածներ Ն․ Ղ․-ի, Հ․ Խ․-ի և Հ․ Փ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ա․ Խ․-ի և Ա․ Գ․-ինը՝ ծանր, իսկ Հ․ Ա․-ինը՝ միջին ծանրության։