ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Գյումրիում 26-ամյա երիտասարդին սպանողը ներկայացել է Կումայրիի Ոստիկանության բաժին և խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։ Նա Երևանի բնակիչ Դավիթ Վ-ն է։
Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը, խոստովանած անձը 17 տարեկան է: «Երիտասարդն ինքնակամ ներկայացել է և հայտարարություն տվել, որ 26-ամյա տղային դանակով հարվածել է ինքը: Նրան նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի առաջին մասով (Սպանություն): Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը:
Ըստ Sputnik Արմենիայի ունեցած տեղեկությունների` 17-ամյա տղան սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցի նամակագրությունը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին 15։30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են 07:58-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն և Ս․ Բ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման դեպքով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 11 և 14 տարեկան երեխաները։ 11 տարեկան աղջիկը հիվանդանոցում մահացել է։
«Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Առգրավվել են վերոհիշյալ 4 անձանց ամբուլատոր բժշկական քարտերի բնօրինակները, շտապ բուժօգնության կանչի թերթիկը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կատարվել են զննություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով հարուցված քրգործով հարցաքննվել են մի շարք անձինք։ Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` մահացած 11-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած կանաչին։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:
Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար:
Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան
5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400 համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: