ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ տղամարդն ինքնասպանություն է գործել մոր ներկայությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. փետրվարի 12-ին` ժամը 02:20-ին, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժինը ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնից հաղորդում է ստացել, որ քաղաքի տներից մեկում գտնվում է նույն տան՝ 1991թ. ծնված բնակչի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Shamshyan.com–ի տեղեկություններով` դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները տան ննջասենյակում` մահճակալին, հայտնաբերել են 30-ամյա Արսեն Ս.-ի դին:
Ըստ կայքի` ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգը հայտնաբերվել է դիակի մոտ։ Որդին մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:
Քննիչի որոշմամբ` ինքնաձիգն առգրավվել է, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Խաղից մինչև ինքնասպանություն. ինչպես պաշտպանել դեռահասության շրջանում գտնվող երեխային
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Փետրվարի 25-ին, ժամը 22։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ավան Պլազա» հյուրանոցի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող շոգեբաղնիքի հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։50-ին։ Այրվել են շոգեբաղնիքի կառուցատարրերը՝ 15 քմ, հարակից սրահի առաստաղի ծածկից 20 քմ, ջերմահարվել՝ 30 քմ, մասամբ այրվել է սրահի գույքը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները տարհանել են չորս քաղաքացու։ Մեկ տուժած հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Այս գիշեր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է shamshyan.com-ը:
Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց բախվել է գետնանցումի երկու բետոնե հենասյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով, բախվել կինոթատրոնի տուֆե հսկայական սյուներից մեկին:
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փետրվարի 25-ին, ժամը 00։11-ին Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատերին, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:
Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու որոշում է կայացրել։ Արոնյանն իր որոշման հայտնել է ֆեյսբուքյան էջում գրառում անելով։
«Անցյալ տարին չափազանց ծանր էր բոլորիս համար՝ համաճարակ, պատերազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբախտությունն ու պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա` ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից»,–գրել է Արոնյանը։
Նա նշել է նաև, որ անկեղծորեն հպարտանում է, որ պատիվ է ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական երեք ոսկի, ոսկիներ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, աշխարհի երկու գավաթ, մի շարք անհատական և թիմային հաղթանակներ: Արոնյանը նշել է, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը: Նրա խոսքով` 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:
Շախմատիստն ասում է, որ այդպես էլ ներկայիս իշխանությանը չկարողացավ փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական աջակցություն խնդրում է ոչ թե անձամբ իր համար, այլ այդ հաջողություններով հայրենիքին ծառայելու և փառք բերելու հնարավորության, ինչը տասնամյակներ շարունակ Հայաստանը հնարավոր է այլևս չունենա: Դրա դիմաց նրան պատասխանել են.«Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
«Անմիջապես այս «դատավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պարտության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ երկու խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից»,–գրել է նա։
Արոնյանն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ համոզված է` կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին. փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և դեռ կունենանք մեր կայուն տեղը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի սկզբից շախմատային դպրոցի ֆինանսավորումը դադարեցվեց, թեև մարզումները շարունակվեցին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայաստանի արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն էր: Ու հենց նրա օրոք էլ հիմնվեց ու սկսեց գործել Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի անվան գրոսմայստերների դպրոցը:
https://www.facebook.com/LevAronian/posts/270480281109806