Այրված ավտոմեքենան

Հրդեհել են Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան ու տունը. լուսանկարներ

151
(Թարմացված է 13:36 08.06.2019)
Հրդեհի պահին ընտանիքի 7 անդամները, այդ թվում` մանկահասակ երեխան, տանը քնած են եղել։ Տուժողներին օգնության է հասել հարևանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Այսօր՝ հունիսի 8-ի գիշերը, ժամը 04:00-ին ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Shamshyan.com-ի տեղեկություններով` Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանինն է, որն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբերից մեկի պետն է:

Մինչ հրշեջների գալը Սարիբեկյանի տղան` 26 տարեկան Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ինչի հետևանքով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով` հրդեհողները բենզին են լցրել նաև Սարիբեկյանների տան դռան վրա և այրել այն։ Կրակը տարածվել է նաև տան ներսում, բայց, բարեբախտաբար, մեծ վնասներ չի հասցրել: Տանն այդ պահին քնած են եղել ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ մանկահասակ երեխան։ Օգնության հասած հարևանի և Սարիբեկյանի որդու շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել, ապա մարվել։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով` գույքի դիտավորյալ ոչնչացում։

Աբովյանի քաղաքապետի ընտրությունը նախանշված է վաղը` հունիսի 9-ին։ Քաղաքապետի աթոռի համար պայքարում են 6 թեկնածու։ Հիմնական պայքարը ծավալվում է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  թեկնածու Գրիգոր Գուլյանի միջև։

Մյուս թեկնածուներն են անկուսակցական Գրիգոր Գրիգորյանը, Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանն ու Մանուկ Մկրտչյանը։

 

151
թեգերը:
հրդեհ, ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1836)
Ըստ թեմայի
Բենզինով լցված շշեր, հացի կտորներ. Գյումրիում տղամարդու կիսայրված դի է հայտնաբերվել
Ջրատարում 71–ամյա կնոջ դի է հայտնաբերվել` մասամբ քայքայված վիճակում
Քույրերը գողություն են արել «Երևան մոլում», գողացածը թաքցրել են սայլակում
Ինքնասպանություն «Ժասմին» հյուրանոցում. արդյո՞ք տղամարդն աղջկա էր սպասում