ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել:
Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանության հատկանիշներով։
Արա Բանդուրյանը ձերբակալված է։
Քրեական գործն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա քննության համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը, տեղում մահացել է:
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։



