Ռեստորան Ուֆայում

Հայաստանի հինգ քաղաքացիներ մահացել են Ուֆայում դիտահորում աշխատելիս

354
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը` մահացած հինգ քաղաքացիները հայաստանցիներ են, վեցերորդ տուժածը գտնվում է հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեի մոտակայքում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը` հղում կատարելով Բաշկորտոստանի Ճգնաժամային Կառավարման Կենտրոնի մամուլի ծառայությանը։

Ըստ տեղեկատվության` ժամը 19:31-ին կապ է հաստատվել ՌԴ Բաշկորտոստանի Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ տեղական ժամանակով ժամը 12:18-ին դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983 թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981 թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ըստ նախնական վարկածի` ռեստորանի բանվորներից մեկը ապրիլի 13-ին կեսօրին մտել է դիտահոր` ջուրը միացնելու համար և կորցրել է գիտակցությունը։ Մյուս աշխատակիցները դա տեսնելով` փորձել են փրկել նրան, բայց նրանք ևս կորցրել են գիտակցությունը։

Դեպի վայր ժամանած փրկարարները դիտահորից հանել են նրանց մարմինները։ Երկուհոգուն տեղափոխել են Ուֆայի հիվանդանոց, բայց նրանցից մեկը մահացել է։

354