ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան` մոտավորապես ժամը 10-ի շրջանակներում, Երևանի Աբովյան փողոցի սկզբնամասում, Աբովյանի արձանի հարակից տարածքում, իրար են բախվել 10 և 22 համարի ավտոբուսները։ Դեպքի ականատես Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացրեց, որ 10 համարի ավտոբուսը հետևից ուժեղ հարվածել է 22–ին։
«Հարվածի արդյունքում 10–ի դիմապակին և 22–ի հետևի ապակիները կոտրվել են։ Հարվածի ուժգնությունից ավտոբուսներում կանգնած ուղևորներն այս ու այն կողմ էին շպրտվել, ընկել գետին։ Նրանցից ոմանք վնասվածքներ էին ստացել»,–ասաց Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նախնական տվյալներով զոհեր և լուրջ վնասվածք ստացած մարդիկ չկան։