Շտապ օգնություն

Չարենցավանի Ֆանտան գյուղում 59–ամյա տղամարդ է մահացել պայթյունի հետևանքով

29
(Թարմացված է 11:08 15.08.2017)
Չարենցավանի Ֆանտան գյուղում պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի 59–ամյա բնակիչը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան ժամը 06:50-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը`ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։

Դեպքի վայրում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները։

shamshyan.com– հետ զրույցում դեպքի ականատեսներն ասում էին, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետև ընկերներից մեկը նետել է այդ իրը։ Մի քանի քայլ հեռանալուց հետո Հ. Ալթունյանը հետ է դարձել և այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետև իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

29