ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Գյումրու Ռեպինի փողոցում հուլիսի 9-ին երեկոյան 19:30-20:00-ն ընկած ժամանակահատվածում դանակահարվել է 35-ամյա մի տղամարդ՝ Սամվել Հ.-ն: Նրան տեղափոխել են «Գյումրի բժշկական կենտրոն»։ Տուժածի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի աջ կեսի կտրվածք, արյունահոսող, թափանցող վերք: Վնասվել է թոքը:
Գյումրիում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Հ.-ն ինչ-որ անձի հետ վիճել է, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
«Այս պահին կա նաև գործով բերման ենթարկված անձ, որի հետ կատարվում են օպերատիվ և քննչական ակտիվ գործողություններ: Նախաքննության շահերից ելնելով` նրա անունը կամ այլ մանրամասներ առայժմ հրապարակման ենթակա չեն»,-Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։
Դատախազը նշեց նաև, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում. պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով):